-Բոլոր այն մարդիկ, որոնք հակառակ են, չեն ընդունում Հայ Առաքելական եկեղեցու՝ Քրիստոսի կողմից հիմնադրված լինելու իրականությունը, նշանակում է` Աստվածամերժ են: Բոլոր այն անձինք, որոնք չեն ընդունում Քրիստոսի կողմից փոխանցված ձեռնադրության միջոցով օծումը, ուրեմն` չեն ընդունում նաեւ Քրիստոսին: Հետեւաբար, նրանք Աստվածամերժ են: Ինչը, ըստ Ավետարանի, սուրբ հոգու դեմ հայհոյություն է, հայհոյություն Աստծո դեմ: Հոգեւորականի օծումը փոխանցված է Քրիստոսի կողմից եւ հոգեւորականի միջոցով ներկայանում է Քրիստոս: Այդ օծման փոխանցողը Քրիստոս Տերն է: Հայ առաքելական եկեղեցու բոլոր սպասավորները, որոնք իրենց հոգեւոր ծառայությունն են իրականացնում մեր ժողովրդի կյանքում, նրանց տերը Աստվածն է: Եթե բոլորս շարունակում ենք ծառայություն իրականացնել, նշանակում է Տիրոջ միջոցով ու նրա պահպանությամբ ենք շարունակում իրականացնել,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ այսօր Մայր տաճարում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել ոչ միայն տոնին մասնակցելու, այլ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։ Մեծ թվով քաղաքացիներ էլ Զվարթնոց տաճարի մոտից են երթով սուրբ Էջմիածնի տաճար գնում:
Կարդացեք նաև
Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանն էլ լրագրողների հետ զրույցում ամոթալի եւ դատապարտելի որակեց բոլոր այն հարձակումները, որոնք այսօր արձանագրվում են եկեղեցու ողջ հոգեւոր դասի դեմ. «Մենք կոչ ենք անում մեր իշխանություններին՝ դադարեցնել այդ ամոթալի հարձակումները, որ կարողանան գիտակցել՝ ինչին են կոչված ժողովրդի ժամանակավոր ընտրությամբ ու կարողանան իրենց բարեկրթությամբ եւ պարկեշտությամբ, ինչպես իրենք են նշում, որպես եկեղեցու հավատարիմ զավակներ՝ ապաշխարելով ներում հայցեն ու այլեւս գայթակղության չառաջնորդեն մեր ժողովրդին: Հավատում եմ՝ մեր ժողովրդի իմաստությանը, բարեպաշտությանը: Դարերի հոլովույթում նմանատիպ սադրանքներ շատ են եղել, բայց հայ ազգը երբեք դեմ չի ելել իր ազգային սուրբ եկեղեցուն եւ երբեք չի ուրացել իր ազգային արժեհամակարգը, որի հիման վրա միայն կարող է անխաթար լինել հայի ինքնությունը: Մեզ համար՝ որպես հոգեւորական, ցավալի է, բայց երբեք որեւէ հարձակում մեզ չի կարող ընկճել, վախեցնել»:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվելու Միածնաէջ Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ: Ի դեպ, Զվարթնոց տաճարից դեպի սուրբ Էջմիածին էին երթով գնում ՀՀԿ ներկայացուցիչներն ու քաղաքացիները: Նրանք վանկարկում են ՝ «չարիքը պետք է հեռացվի օր առաջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ