«Կուրբան Բայրամ տոնողների կողմից մեր եկեղեցին թիրախավորելը, մեր ժողովրդի դեմ պայքարը հենց ցույց է տալիս մեր ժողովրդի պատասխան ռեակցիան, որ պատրաստ չենք ընկրկելու, միշտ կանգնելու ենք մեր հողի վրա ու պաշտպանելու ենք մեր նվիրական ու թանկ արժեքները, այդ թվում՝ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին բազմահազար մարդկանց մասնակցությանը:
Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարել է ՝ ով իր դեմ դուրս գա, կլռեցնի ու ակտիվացածներին ընդմիշտ պետք է լռեցնել, ինչպե՞ս եք նրա դեմ պայքարելու, պարոն Ղազարյանն այսպես արձագանքեց. «Երկու օր առաջ իր դիմաց կանգնած էր Էրդողանը, չգիտեմ՝ իրեն լռեցրե՞լ է, թե ՞ չի լռեցրել, արդյոք լիզե՞լ է նրա կոշիկները, թե՞ չէ, որովհետեւ իր պատկերացրած դիվանագիտությունը կոշիկ լիզելով է արտահայտվում: Բայց Փաշինյանը չէ, որ մեր ժողովրդի անունից որոշումներ պետք է կայացնի, նա դրա իրավունքը չունի, մեր ժողովրդի վստահությունը վաղուց չի վայելում»:
Ղազարյանի խոսքով, քանի որ Փաշինյանը չի իրականացնում կառավարության ծրագիրը, ինչը պետք է աներ, այլ կատարում է Ալիեւի ու Էրդողանի հանձնարարականները, այս պահին սահմանադրական կարգավիճակ չունի. «Սովորական շառլատան է, որը տիրացել է իշխանությանը եւ այն ծառայեցնում է մեր թշնամիների շահերին: Մեր ժողովուրդն էլ հիմար չէ, ոտքի է կանգնելու ու դուրս շպրտելու, իսկ դրա իրավական ձեւը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, որը մեկնարկել է խորհրդարանում: Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակ անց այս գործընթացն առանձնակի թափ է առնելու»:
Կարդացեք նաև
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն էլ նկատեց, որ Փաշինյանի իշխանության գործողությունները եկեղեցու դեմ մի նպատակ ունեն. «Վերացնել հայ ժողովրդի հարգանքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ. սա այն է, ինչ անում են: Այս 7 տարիների ընթացքում տեսել ենք իրենց գործելաոճը, ստով ու կեղծիքներով նախ վարկաբեկում են ազգային ինստիտուտները, հետո սկսում այդ ինստիտուտները կազմաքանդել: Այսօր այս ուխտագնացությանը եկել է բազմահազար հավատավոր ժողովուրդը, որը միաբերան պնդում է, որ Նիկոլի դավադրությունները որեւէ կերպ չեն կարողանալու ստվերել մեր սուրբ եկեղեցին ու մեր հավատքը»:
Հիշեցնենք, որ այսօր Մայր տաճարում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել ոչ միայն տոնին մասնակցելու, այլ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու։ Մեծ թվով քաղաքացիներ էլ Զվարթնոց տաճարի մոտից են երթով սուրբ էջմիածնի տաճար գնացել:
Հիշեցնենք, որ այսօր նշվում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ինչի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Միածնաէջ Մայր Տաճարում։ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեցին Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ