«Առավոտի» հարցերին պատասխանել է Արցախի պետնախարար, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
– Պարոն Իսկանդարյան, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմից հեռացած Անաստաս Իսրայելյանը հայտարարեց, որ արցախցիներին խաբում են, որպեսզի շարժումը թուլացնեն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
– Անկեղծ ասած, մեկնաբանելու բան չունեմ։ Այն սպասելիքները, որոնք ձեռք ենք բերել կառավարության հետ առաջին փուլում, մասնակի բավարարվել են։ Չէի ասի, որ մեր սպասելիքներն ամբողջությամբ արդարացվել են, բայց չնկատել փոփոխությունները, մեղմ ասած, ճիշտ չի լինի։ Իսկ եթե դա Անաստաս Իսրայելյանի համար նշանակում է խաբել, ճիշտ չեմ համարում մեկնաբանել, դա իր որոշումն է։
– Այդուհանդերձ, դուք էլ եք արձանագրում, որ կառավարության քայլերը բավարար չեն, ո՞րն է լինելու ձեր հետագա անելիքը։
Կարդացեք նաև
– Այո, բնականաբար, կառավարության քայլերը բավարար չեն։ Խորհուրդն ամսի 23-ին հանդես կգա իր հետագա գործողությունների մասին հայտարարությամբ։ Այս օրերին հանդիպումներ են անցկացնում մարզերում, երեկ էլ Աբովյանում են հանդիպում ունեցել, վաղը Էջմիածնում է լինելու։ Նկատի ունեմ, որ հասարակության հետ ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում։ Այն, որ կառավարության քայլերը մեզ չեն բավարարում, դա մինշանակ է։
– Որպես նաեւ Արցախի պետնախարար՝ դուք նորմա՞լ եք համարում, որ արցախցիներն այսպես պառակտվում են, տարբեր խմբերի են բաժանվում ու այդպես են փորձում պայքարել։ Եվ ո՞րն է պատճառը, որ համախմբում չկա։
– Բնականաբար, ես դատապարտում եմ պառակտումը։ Ես ասելիք չունեմ այն մարդկանց, ովքեր իրենց ամբիցիաներով են շարժվում։ Իսկ ինչ վերաբերում է իմ՝ պետնախարար նշանակվելուն, այսօր ես ստանձնել եմ այդ պատասխանատվությունը՝ գիտակցելով, որ կա մեծ պատասխանատվություն։ Ինքներդ էլ գիտեք, որ բացարձակ որեւէ ռեսուրսներ չկան, ամբողջ պատասխանատվությունը Հայաստանի Հանրապետությունն է վերցրել։ Մենք փորձում ենք որոշակի հարցեր լուծել իրենց միջոցով՝ խնդիրները հավաքագրելով ու իրենց ներկայացնելով։
– Դուք ասում եք՝ ռեսուրս չունեք, բայց արցախցիները կարեւորում են նաեւ հենց Արցախի իշխանությունների գործունեությունը։
– Բնականաբար, շատ կարեւոր է Արցախի պետական ինստիտուտների դերը։ Եվ այդ պատճառով ինքս, այս պայմաններում առաջարկ ստանալով, չէի կարող խուսափել պատասխանատվություն ստանձնելուց:
– Հայաստանի իշխանությունների կողմից ճնշումներ կա՞ն Արցախի իշխանությունների վրա, ինչ-որ ձեւով սահմանափակո՞ւմ են ձեր գործողությունները։
– Այն ճնշումները, որոնք եղել են, տեսանելի են եղել։ Դուք գիտեք Արցախի ներկայացուցչության դարպասները ջարդելը եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է պետական ինստիտուտների գործունեության շարունակությանը, իհարկե, շատ կարեւոր է արցախցիների խնդիրների մասին խոսելը նաեւ միջազգային հարթակներում։ Մենք լծված ենք այդ գործին, փորձում ենք համատեղ այդ ամենն անել՝ մինչեւ Հայաստանում կձեւավորվի նոր իշխանություն։ Եվ վստահ եմ, որ թույլ չեն տա, որ Արցախի էջը փակվի։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.06.2025