«Առավոտի» իրավական էջի ուշադրությանն էին արժանացել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով Դավիթ Սերոբյանի նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման փաստական հանգամանքները, որոնք հետագայում իրավական գնահատականի արժանացան դատարանի կողմից կայացրած արդարացման դատավճռով:
Դ. Սերոբյանի փաստաբաններ Մովսես Թամազյանը եւ Աննա Մանթաշյանը նախաքննության ընթացքում ներկայացրել են Դավիթ Սերոբյանի շահերի պաշտպանությունը, նրանք «Առավոտին» տեղեկացրեցին, որ 2023 թ. հուլիս ամսին Դավիթ Սերոբյանը ձերբակալվել է, այնուհետեւ վերջինիս անհիմն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված երկու դրվագ ենթադրյալ ծանր հանցանքներ կատարելու համար եւ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։
Դավիթ Սերոբյանը տեւական ժամանակ՝ շուրջ 10 ամիս գտնվել է կալանքի տակ, որից 4 ամիսը՝ քրեակատարողական հիմնարկում, իսկ 6 ամիսը՝ տնային կալանքում՝ համակցված այլընտրանքային խափանման միջոցներ գրավով եւ բացակայելու արգելքով: «Թե ձերբակալվածների պահման վայրում եւ թե քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ Դավիթ Սերոբյանը տհաճություններ եւ բարոյական ապրումներ է ունեցել, իրեն անօգնական է զգացել, հայտնվել է անելանելի վիճակում՝ հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ ժամկետային զինվորական ծառայությունն ավարտելուց եւ տուն վերադառնալուց ժամեր անց իրեն անհիմն ձերբակալել ու կալանավորել են, իսկ ընտանիքի անդամներին՝ գիշերային ուշ ժամերի անհարկի տարել ոստիկանության Դիլիջանի բաժին»,-հայտնեց պաշտպանական կողմը:
Նախաքննության ընթացքում պաշտպանները բազմիցս բարձրացրել են Դավիթ Սերոբյանի անմեղության հարցը՝ այն, որ վերջինս չի կատարել իրեն մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքները, ինչի մասին գրավոր բողոքներ եւ առարկություններ է ներկայացրել նախաքննական մարմնին եւ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարաններին, որոնք թե նախաքննական մարմնի եւ թե դատարանների կողմից մերժվել են:
Կարդացեք նաև
Շուրջ տասը ամիս տեւած նախաքննության եւ այդ ընթացքում պաշտպանական կողմի համառ ու հետեւողական աշխատանքի արդյունքում՝ 10.05.2024 թվականին, ի վերջո, քրեական վարույթի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (երկու դրվագ) հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով, իսկ խափանման միջոցներ տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը վերացնել:
Վարույթի հանրային մասնակիցների՝ նշյալ ոչ օրինաչափ վարքագծի հետեւանքով Դավիթ Սերոբյանը դիմել է քաղաքացիական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ հիմնարար իրավունքների եւ ազատությունների սահմանափակման հետեւանքով իրեն պատճառված նյութական եւ ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման պահանջով։
Ըստ դատարանում նրա ներկայացուցիչներ Մ. Թամազյանի եւ Ա. Մանթաշյանի՝ Դավիթ Սերոբյանին պատճառվել է ոչ նյութական վնաս, որը դրսեւորվել է պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության ձեւով եւ դրա հետեւանքով խախտվել են Դավիթ Սերոբյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված անձնական ազատության ու անձեռնմխելիության եւ արդար դատաքննության իրավունքները, ինչի հետեւանքով Սերոբյանը կրել է ֆիզիկական կամ հոգեկան տառապանք, որը գնահատվում է 2.000.000 ՀՀ դրամ, իսկ վերջինիս պատճառված նյութական վնասը գնահատվում է 650.000 ՀՀ դրամ։
2024 թ. դեկտեմբերի 9-ին հայցադիմումը ընդունվել է Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Տ.Ստեփանյանի վարույթ:
Դատաքննություն նշանակվել է 2025 թ. սեպտեմբերի 17-ին, ժամը 10:30-ին, ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում։ Մովսես Թամազյանը (լուսանկարում) երեկ մեր զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ դատական նիստի ժամանակ հարցաքննվելու են Դավիթ Սերոբյանը, նրա մայրը, քույրը, «ովքեր ներկայացնելու են իրենց նկատմամբ պետական մարմնի իրականացրած ոչ իրավաչափ գործողությունները եւ դրանց հետեւանքով ունեցած տհաճությունները, բարոյական ապրումները, կրած բարոյական ու նյութական վնասները»։
Հիմա քրեական գործի մասին։ 2023 թ. հուլիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնվել է թիվ 36122823 քրեական վարույթը եւ կատարվել նախաքննություն:
Նույն օրը՝ ժամը 17:45-ին, «հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ» պայմանավորված՝ հետաքննության մարմնի կողմից Դ. Սերոբյանը ձերբակալվել է։
2023 թ. հուլիսի 15-ին Դ. Սերոբյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված երկու դրվագ ենթադրյալ հանցանքներ կատարելու համար։
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ս. Մարդանյանի, 2023 թվականի հուլիսի 17-ին Դավիթ Սերոբյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել կալանքը։
2023 թ. նոյեմբերի 13-ին Դավիթ Սերոբյանի խափանման միջոցը փոխվել է եւ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանք՝ երկու ամիս ժամկետով, 1.000.000 ՀՀ դրամի չափով գրավ եւ բացակայելու արգելք խափանման միջոցները:
2024 թ. մարտի 6-ին հսկող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել վերադաս դատախազին՝ մեղադրյալ Դ. Սերոբյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման ժամկետն երկու ամսով երկարաձգելու մասին, որը նույն օրը բավարարվել է եւ այն երկարաձգվել է մինչեւ 2024 թվականի մայիսի 15-ը:
2024 թ. մարտի 12-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրյալ Դ. Սերոբյանի նկատմամբ կիրառված համակցված խափանման միջոցներից տնային կալանք խափանման միջոցը վերացվել է՝ տնային կալանքի տակ պահելու իրավաչափության պայմանները վերանալու պատճառաբանությամբ:
2024 թ. մարտի 13-ին մեղադրյալ Դ. Սերոբյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվել է, դադարեցվել է վերջինիս նկատմամբ էլեկտրոնային հսկողությունը:
2024 թ. մայիսի 10-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել թիվ 36122823 քրեական վարույթով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին եւ մեղադրյալ Դ. Սերոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է` իրեն մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով (արդարացման հիմքով): Որոշումը մտել է օրինական ուժի մեջ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.06.2025