Լրահոս
Օրվա լրահոսը

«100 տարի անց Էնվեր-Թալեաթից հետո Թուրանի մասին առաջին անգամ խոսում է Հայաստանի վարչապետը, սա պատմության մեջ չտեսնված բան է»․ Տիրան Լոքմագյոզյան

Հունիս 23,2025 15:07

«Առավոտի» հարցերին պատասխանել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

-Պարոն Լոքմագյոզյան, Նիկոլ Փաշինյանն այց կատարեց Թուրքիա եւ հայտարարեց, որ «Թուրքիայի հետ հարաբերությունները սկսել ենք զրոյական կետից, սա նոր հարաբերություններ հաստատելու հնարավորություն է եւ մեր երկրների շահերից է բխում»։ Ի՞նչ նպատակ ուներ այս այցը, ի՞նչ սպասել։

-Մենք իր զրոյական կետի հետեւանքներն արդեն տեսանք Արցախում։ Հիմա, եթե Թուրքիայի հետ էլ է բանակցությունները զրոյական կետից սկսում, ուրեմն նույն արդյունքը պետք է ունենանք նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Եթե երկու պետությունների ամենաբարձր օղակներում քննարկումներ տեղի ունեցան, ուրեմն ինչ-որ բաներ պատրաստված էին, եւ իրենք վերջնական փուլին պետք է հասցնեին։

Տիրան Լոքմագյոզյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Իհարկե, իրենց լղոզված արտահայտություններից ոչ մի բան չհասկացանք, թե ինչի մասին էր խոսքը, ինչ խնդիրներ են քննարկել եւ ինչ արդյունքի են հասել։ Եվ դա ավելի է վախեցնում ինձ, որովհետեւ դա նշանակում է, որ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են կատարվում։ Իսկ նման պայմանավորվածությունները երբեք էլ մեր օգտին չեն եղել։ Դրա համար ես ավելի շատ վախենում եմ եւ մտածում եմ, որ նորից զիջումներ են կատարվում, այս անգամ Թուրքիայի պահանջով, այսինքն՝ խոստումներ են տալիս։

Հիշո՞ւմ եք՝ Ալիեւը միշտ ասում էր՝ խոստացել եք, կատարեք։ Բայց մենք ոչ մի բան չէինք խոստացել, այսինքն՝ մենք չգիտեինք, որ ինչ-որ բան են խոստացել ինչ-որ մարդիկ։ Եվ հիմա, եթե ինքը գնաց եւ հայտարարեց, որ հաջողված հանդիպում էր, ուրեմն նոր զիջումներ կան։ Արդեն քանի տարի է՝ մենք փոխզիջումները լրիվ մոռացել ենք, միայն զիջումներ կան։

Ամենապարզ օրինակը՝ ադրբեջանցիները Հայաստան գալու եւ ապրելու մասին են խոսում, բայց ոչ մեկը չի խոսում հայ փախստականների մասին։ Դիվանագիտության ամենագլխավոր կետերից մեկն է դա, որ ամեն ինչ փոխադարձ պետք է լինի։ Եթե թուրքերը գալու են այստեղ ապրեն, ուրեմն պետք է խոսել նաեւ հայերի՝ այնտեղ գնալու եւ ապրելու մասին։ Փոխադարձությունը դա է, ոչ թե 500 հազար ադրբեջանցի գա այստեղ ապրի, եւ ընդամենը 5 հայ գնա այնտեղ։ Իսկ հայերի վերադարձի մասին այսօր ընդհանրապես խոսք չի գնում։ Դա լրիվ թուրքական ծրագիր է, եւ այդ թուրքական ծրագիրն ամենալավ կերպով կատարվում է հենց Փաշինյանի եւ իր խմբի կողմից։

Ամենացայտուն օրինակն այն է, որ երբ Փաշինյանը հանդիպեց պոլսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինքը խոսեց Թուրանի մասին։ Եվ 100 տարի անց Էնվեր-Թալեաթից հետո Թուրանի մասին առաջին անգամ խոսում է Հայաստանի վարչապետը։ Այսինքն՝ Հայաստանի վարչապետը ցանկություն է հայտնում, որ թուրքական Թուրանը կազմվի, սա պատմության մեջ առաջին անգամ է կատարվում եւ չտեսնված բան է։ Չգիտեմ՝ քանի հոգի կարեւորություն տվեց սրան, քանիսն անդրադարձան, բայց այդ այցելության ամենասոսկալի կետը սա էր։ Չգիտեմ՝ Թուրանի մասին Էրդողանի հետ էլ խոսեց, թե՞ չխոսեց։ Եթե հայ համայնքի հետ խոսեց, հավանաբար Էրդողանի հետ է խոսել։ Ուրեմն իր մտքին կա այդ բանը եւ այնտեղ արտահայտվեց։

-Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց, «Զանգեզուրի միջանցք չի լինելու, իսկ «խաղաղության խաչմերուկը» իրականություն է դառնալու: Էդ էլ է պետք խոստովանել, որ «խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց»։ Ինչպե՞ս եք գնահատում սա։

-Դա էլ մեկ ուրիշ խաբեություն է, ասում են՝ չի լինելու միջանցք, սակայն իրենք այդպես են մեկնաբանելու։ Չհասկացա՝ եթե մարդը միջանցք է ասում, ուրեմն դա միջանցք է, ինքը ստացել է միջանցք եւ ասում է՝ միջանցք։ Միայն դուք եք մեզ խաբում ու ասում՝ իրականում միջանցք չէ, բայց իրենք միջանցք ենք ասում։ Եթե ճանապարհ տաս իրենց, չեն ընդունի, իրենք մինչեւ այսօր հայտարարել են, որ միջանցք են ուզում։ Եվ եթե ճանապարհի անվան տակ ինչ-որ բան տվեցիր, ինքը դա ընդունեց եւ կոչեց միջանցք, նշանակում է, որ դու միջանցք ես տվել։ Մենք հիմար չենք, որ կարողանաք հիմարացնել։

-Հայտարարվեց, որ Էրդողանի հրավերով է տեղի ունեցել Փաշինյանի այցը Թուրքիա։ Էրդողանին ինչո՞ւ էր պետք կազմակերպել այս այցը, զիջումներ կորզելու նպատակո՞վ։

-Թուրքիային հիմնականում պետք չէր այդ այցը։ Թուրքերը չեն կազմակերպել այն, որքան ես գիտեմ, Փաշինյանն է դիմել այսպիսի հանդիպման համար։ Իրենք էլ՝ որպես դասական դիվանագիտություն իմացող եւ կատարող պետություն, ընդունեցին այդ առաջակը եւ ասացին՝ դե արի, կխոսենք։ Սա շատ կարեւոր ու սիմվոլիկ է, Հայաստանի վարչապետը՝ որպես կատարող, գնաց տիրոջ մոտ, որպեսզի լսի հրահանգները եւ իր կողմից ինչ-որ բաներ առաջարկի։ Եվ այդպես էլ եղավ:

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30