«Այն, որ Իրանը ռմբակոծել է F 35 ինքնաթիռները՝ մեկ, երկու, երեք եւ ավել անգամներ, որ այդ ինքնաթիռների մնացորդները չգիտես ինչու Կասպից ծովի ափին են հայտնաբերվել, որ Իրանին հիմնական հատվածները Ադրբեջանի կողմից են հասցել, մենք հասկանում ենք՝ որտեղից են խփել։ Բոլորը հասկանում են՝ որտեղից է տոմսը․ այնտեղ, որտեղ չորս օդանավակայան կա, իսկ մարդիկ քիչ են, համարյա չկան»,- այսօր «Ռուսաստանի արդի մոտեցումները Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության հարցում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացման պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ, լեզվաբան Կարինե Գեւորգյանը՝ անդրադառնալով Իրանի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով ստեղծված աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակին։
Կարինե Գեւորգյանին, օրինակ` հետաքրքիր է՝ Իսրայելը վաղո՞ւց է տեղակայել այնտեղ իր ռազմական ավիացիան, թե՞ այդ ինքնաթիռներին ավիադիսպետչերները տրամադրել են ռազմական միջանցքներ․ «Այդ դեպքում մեկ այլ հարց՝ եթե Իրանի հարեւանը՝ թուրքական պետությունը եւ Հայաստանը, ի դեմս ղեկավարության, դատապարտել են Իսրայելի գործողությունները, ո՞վ է տվել այդ օդային միջանցքները։ Ես չգիտեմ, միգուցե Բուլղարիա՞ն։ Բայց ինչ-որ մի պահ նաեւ Թուրքիան, եթե նրանք թռել են Սեւ ծովի վրայով։ Որպեսզի հասնեին Իրան, այլ կերպ թռչել չէին կարող, միեւնույն է՝ թույլատրողները պետք է թուրքական ռազմական ավիադիսպետչերները լինեին․ նշանակում է, որ Թուրքիան արդեն ներգրավված է այդ ամենում։ Դա Էրդողանի՞ հրահանգն է եղել, թե այդ երկրի ուժային կառույցների ղեկավարները դադարել են Էրդողանին ենթարկվելուց։ Սրանք հարցեր են, որ պետք է քննարկել»։
Բանախոսի կարծիքով՝ անցումային-իներցիոն շրջանում ենք գտնվում, երբ իներցիայով դեռ շարունակվում են գլոբալիստական աշխարհի նախկին մոտեցումները, սակայն դրանք արդեն չկան։ Այս համատեքստում նա նկատում է, որ փոքր ազգերի «դարդը պետք է լացել»՝ եւ հրեաների, եւ իրանցիների, եւ Գազայում ապրողների։
Իր վերլուծություններում վերլուծաբանն անդրադարձավ ամերիկյան քաղաքականությանն էլ՝ այն բնութագրելով այսպես․ «Ազգային պետության կարգավիճակում ենք ցանկանում լինել աշխարհի տիրակալը․ Թրամփին իշխանության վերադարձնելը սա է նշանակում»։
Կարդացեք նաև
Ըստ բանախոսի, աշխարհում ֆինանսական գործարքների 90 տոկոսը կապ չունի իրական տնտեսական հատվածի հետ, ուստի հիմա մրցակցություն կգնա իրական ակտիվների համար։ Իսկ իրական ակտիվներն են՝ հողը, ջուրը, օդը, էներգառեսուրսները եւ այլն։
Նա նաեւ մի անեկդոտ հիշեց դեռ Ստալինի ժամանակներում հյուսված․ «Ասում են՝ ամեն ինչում մեղավոր են հրեա հեծանվորդները։ Ինչո՞ւ հեծանվորդները՝ հարցնում են։ Ա՜, ուրեմն առաջին կետի հետ բոլորը համաձայն են՝ հնչում է պատասխանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ