Աշխարհն ապրում է ջունգլիների օրենքներով․ այսօր՝ «Ռուսաստանի արդի մոտեցումները Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության հարցում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացման պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։ Նա գիտի դրա պատճառը` ԽՍՀՄ փլուզումն է։ Իր գնահատմամբ, ԽՍՀՄ-ը ուժեղ հակակշիռ էր աշխարհաքաղաքական այլ կենտրոններին, ուստի ամեն ինչ հորիզոնական ընթանում էր, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհում սկսեցին գործել «ջունգլիների օրենքները»։
Նա տարակուսում է՝ ինչպե՞ս է պետք ապրել մի աշխարհում, որտեղ մարդու իրավունքների մասին խոսողները Գազայում սպանում են մարդկանց, այդ թվում` կանանց եւ երեխաներին, ժողովրդավարության մասին խոսողները ոտնահարում են ժողովրդավարական սկզբունքները եւ այսպես։
«Դեմոկրատ տեռորիստների» ժամանակաշրջանը, ըստ բանախոսի, փոխարինվել է սուտ խոստումների ժամանակաշրջանով։ Նա նկատի ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղություն հաստատելու խոստումը, ինչի արդյունքում «շեղող մանյովրներով» հարվածներ հասցվեցին Իրանին ու ականատես եղանք ԱՄՆ Պետդեպից՝ «հրճվանքից պայթող» դեմքերին՝ «ամեն ինչ կարգին է, եւ շատ լավ է» արտահայտությամբ։
Արթուր Խաչիկյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա եղավ անգամ այն բանից հետո, երբ ԱՄՆ հետախուզության պետը դեռ մարտ ամսին հայտարարել էր, որ իրենք որեւէ տեղեկատվություն չունեն այն մասին, որ Իրանը միջուկային զենք է պատրաստվում արտադրել։
Կարդացեք նաև
Այս ամենը, ըստ բանախոսի, նշանակում է, որ ԱՄՆ-ում իշխանությունը ոչ թե Դոնալդ Թրամփին եւ պահպանողականներին է պատկանում, այլ մարդկանց, ովքեր «շեղված են» աշխարհակառավարիչներ դառնալու մտքի վրա եւ այդ «խաչակրաց արշավանքում» բացարձակ անտեսում են մեթոդները, ոչ միայն մարդկանց, այլ պետությունների շահերը․ «Չկա միջազգային որեւէ ինստիտուտ, ՄԱԿ-ը նույնպես չի գործում։ Մենք ապրում ենք ջունգլիների օրենքով, ուժի օրենքով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ