Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց կաթողիկոսներին ոչ հոգեւոր՝ աւազանի անունով վերջին անգամ դիմել են 1930-ականներին խորհրդային բոլշեւիկեան ռեպրեսիաներ իրականացնող ՆԿՎԴ-ի ներկայացուցիչները

Հունիս 23,2025 17:50

Բարեփոխման անուան տակ քողարկուած վէնդէտա եկեղեցու դէմ․

Այս օրերին, երբ ամբողջ աշխարհի ուշադրութիւնը պատերազմների եւ գոյաբանական այլ խնդիրների վրայ է բեւեռուած, թերեւս ճիշտ պիտի լինէր, որ մենք չտրուէինք առաջին դէմքի մակարդակով սփռուող հերիւրանքներին, բայց չարձագանքել էլ չենք կարող՝ ըստ սուրբգրային խօսքի․

«Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամութեան, որ չլինի թէ նմանուես նրան։ Բայց անզգամին նրա անզգամութեանն արժանի պատասխա՛ն տուր, որպէսզի ինքն իրեն աւելի իմաստուն չկարծի» (Առ․26։4-5)։
Արդեն գրեթէ ամենօրեայ ռեժիմով վարչապետը «քրիստոնէական սիրով» մեր առաւօտները համեմում է «իւր եկեղեցագիտական մտքի գոհարներով», անշուշտ, դրանք ձեռքի հետ թէժացնելով զրպարտանքներով եւ պահանջներով՝ իրեն վերապահելով ծխական, թեմական խորհուրդների, եպիսկոպոսաց դասի եւ Ազգային Եկեղեցական ժողովի գործառոյթներ։ Այսինքն, շուրջ 700 հազար ձայնով երկրի ղեկը ստանձնած անձը փորձում է իր կամքը պարտադրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփիւռքում միլիոնաւոր հաւատացեալներ ունեցող Եկեղեցուն։ Պետութեան ղեկավարի կողմից նման հարցերին միջամտելու իրաւական գնահատական եւ դրանից բխող քայլեր պէտք է եւ թերեւս կը տան մասնագետները։ Ինձ այլ հարց է հետաքրքրում․

Ամենայն Հայոց կաթողիկոսներին ոչ հոգեւոր՝ աւազանի անունով վերջին անգամ դիմել են 1930-ականներին խորհրդային բոլշեւիկեան ռեպրեսիաներ իրականացնող ՆԿՎԴ-ի ներկայացուցիչները («Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան»)։ Նրանք նահատակ կաթողիկոս Խորէն Ա Մուրադբէկեանին դիմում էին որպէս «քաղաքացի Ալէքսանդր Մուրադբէկեան»։ Բոլորին յայտնի է՝ ինչ եղաւ յետագայում։ Այն, որ այսօր նոյն մօտեցումը կրկնւում է նոյն ոգով, կասկածից վեր է։
Իրականում ի՞նչ է անում Փաշինեանը․ 2018 թուականին, երբ Ն․ Փաշինեանը եկաւ իշխանութեան «Թաւշեայ յեղափոխութիւն» անուան տակ, նա խոստանում էր նոր Հայաստան՝ հիմնուած արդարութեան, միասնութեան և ժողովրդավարական արժէքների վրայ հիմնուած։ Այդ օրերին հազարաւոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով վերջ տալ «հին» համակարգին։

Սպասումները մեծ էին, խոստումները՝ հնչեղ։
Եօթ տարի անց այդ յոյսերը վերածուել են խորը հիասթափութեան։ Փաշինեանի իշխանութեան տարիներին հայ հասարակութիւնը ոչ թէ համախմբուեց, այլ արհեստականօրէն բաժանուեց։ Երկիրը պառակտուեց «սևերի» և «սպիտակների» հակադրության մէջ, իսկ պետական կառավարման մէջ գերիշխող դարձաւ անձնական հաշիւների և վրէժխնդրութեան տրամաբանութիւնը, ինչի շահառուն եղաւ ո՛չ իշխանութիւնը, ո՛չ եկեղեցին եւ ո՛չ էլ ժողովուրդը։ Շահեց միայն հակառակորդը՝ գրաւելով ու ոչնչացնելով Արցախը։

Սակայն այս ամէնը դաս չեղաւ, եւ այս ընթացքի ամենաանհանգստացնող դրսևորումներից մէկը եղաւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղուած հետևողական եւ շարունակական արշաւը։ Եկեղեցին, որը դարեր շարունակ եղել է ոչ միայն հաւատքի տուն, այլև ազգային ինքնութեան, մշակոյթի ու լեզուի պահապան, կարծէս թէ ներկայացւում է որպէս խոչընդոտ՝ իբր «առաջադէմ» Հայաստանի ճանապարհին։

Վերջին ամիսներին հարձակումները Եկեղեցու դէմ աւելի են սաստկացել եւ իրականացուել են խորապէս խորհրդանշական օրերին՝ Համբարձման, Երկրորդ Ծաղկազարդի, Հոգեգալուստի տօներին։ Այդ սրբազան օրերին, երբ հաւատացեալ ժողովուրդը ձգտում է վեր բարձրանալ աղօթքով, իշխանութիւնն իջնում է մեղադրանքի և վիրաւորանքի մակարդակի։

Հոգևորականներին զրպարտող ու յերիւրանք տարածող, Վեհարանի վրայ հարձակման ու բռնութեան գրառումներից յետոյ սկանդալային նոր և դատապարտելի դրուագ եղաւ եկեղեցու ամենահայտնի բարերարներից մեկի կալանավորումը։ Պատճառը բարեգործի՝ ի պաշտպանութիւն եկեղեցու յայտարարութիւնն էր, որի դիմաց եղաւ վիրտուալ՝ «ֆեյսբուքեան հրահանգով» կամայական կալանաւորումը։ Այս կերպ իշխանութեան որոշ կերպարներ չկարողացան թաքցնել իրական նպատակը՝ ահաբեկել, լռեցնել և վախեցնել բոլոր նրանց, որոնք պաշտպանում են Եկեղեցին։ Եւ ինչպէս հանրութիւնն ու ժողովրդի զգալի մասն է պնդում․ դա արդարադատութիւն չէ, այլ հրապարակային հաշուեյարդար։
Սա տեղի է ունենում այն պահին, երբ աշխարհն անցնում է անվտանգային խոր ճգնաժամով։ Հայ-ադրբեջանական բախման ռիսկերը մեծ են։ Անկախ դրանից, Իրանից Հայաստան գաղթողների տեղաշարժի իրողութիւնը փաստ է։ Արցախը դատարկուած է, իսկ մի քանի տասնեակ արցախցիների՝ ներառեալ նախկին նախագահների, զինուորականների և քաղաքացիական անձանց, դեռ պահում են Բաքուի բանտերում՝ խախտելով միջազգային իրաւունքները։ Բացի այդ, կան հարիւրաւոր անհետ կորածներ, որոնց թւում՝ նաև կուսակրօն հոգևորական։ Իշխանութիւնը նման հարցերով զբաղուելու եւ այդ նպատակով Եկեղեցու փափուկ ուժը օգտագործելու փոխարէն մարտահրաւէր է նետել եւ կռւում է հէնց այդ եկեղեցու դեմ։

Այս հակասութիւնները պատահական չեն․ 2018 թուականին հրապարակուած իր «Երկրի հակառակ կողմը» գրքում Փաշինեանն արդեն արտայայտել էր իր բացասական վերաբերմունքը աւանդական կառոյցների, այդ թւում՝ եկեղեցու հանդէպ։ Բացի այդ, իր հրապարակային ելոյթներում եկեղեցուն կոչել էր «օտար գործակալական ցանց» սկսած չորրորդ դարից, սպառնացել ծնկի բերել բոլոր հոգևորականներին։ Այսօր նա խօսում է եկեղեցին բարեփոխելուց, բայց փաստերը վկայում են, որ սա ոչ թէ հոգատար վերաբերմունք, այլ վէնդէտա է՝ քողարկուած «նոր Հայաստանի» խոստումներով։ Բայց ժողովուրդը տեսնում է։ Ժողովուրդը զգում է, եւ դեռ կասի իր վերջին խօսքը։

Հայոց եկեղեցին երբեք չի գործել Հայոց պետութեան շահերի դէմ։ Եկեղեցին մեր ազգի հոգևոր սիրտն է։ Այն եղել եւ մնում է մեր հաւատքի եւ ինքնութեան խարիսխը՝ եղեռնից մինչև պատերազմներ, ստալինեան հալածանքներից մինչև ազատութեան և անկախութեան վերանուաճում։ Հիմայ փորձել եկեղեցուն լռեցնել այն բանի համար, որ նա ուզում է իր գերեալ զաւակների ազատութիւնն ու սրբավայրերի չքանդուելը՝ նշանակում է հարվածել հէնց այդ խարիսխին։
Եկեղեցին՝ թէ՛ որպես հոգևոր կառոյց, թէ՛ որպէս ազգային հաստատութիւն, ապրելու է։ Նրա լոյսը չի մարում մանաւանդ հալածանքի պահին, ինչպէս առաքեալն էլ է ասում․ «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զօրաւոր» (Բ․ Կորնթ․12․9)։ Իսկ մենք՝ որպէս ժողովուրդ, պիտի չշփոթենք անձնական վենդետան ազգային հեռանկարների հետ։

Յաւելեմ, որ վերոյիշեալ գրքի մէջ նա խօսում է իր ամենամեծ վախից՝ ժողովրդին հիասթափեցնելուց։ Թւում է, որ այսօր այդ վախերն իրականութիւն են դարձել։

Բայց դրանք ընդունելու, սխալները ուղղելու փոխարէն նա փորձում է բռնութեամբ վերահսկել իրականութիւնը՝ ճնշելով ժողովրդական յիշողութիւնը, վարկաբեկելով սրբութիւնները և պառակտելով ազգը։ Մարդ կարող է չգիտակցել, բայց գործիք դառնալ ցրող ու պառակտող չարի ձեռքին, բայց ամէն պահի կարող է փոխել որոշումը՝ մնալ չարի գործի՞ք, թէ գործածել դարձի հնարաւորութիւնը, ինչպէս Քրիստոս ասաց Սիմոնին․ «․․․ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին» (Ղուկ․ 22։31)։

Չի կարելի «յանուն» եկեղեցու քանդել եկեղեցին, ուղղակի հնարաւոր չէ։ Ափսոս են մեր հայրենիքը եւ մեր ժողովուրդը։

Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյան,
Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30