«Իհարկե, ներկայիս իրողություններում շատ պետությունների ինքնիշխանությունը կասկածի տակ է, այդ թվում նաեւ Հայաստանի։ Բայց, ըստ իս, Ադրբեջանի ինքնիշխանությունն ինչ-որ առումով առավել շատ է հարցականի տակ»,- այսօր «Ռուսաստանի արդի մոտեցումները Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության հարցում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացման պայմաններում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, արևելագետ, լեզվաբան Կարինե Գեւորգյանը՝ անդրադառնալով Իրանի վրա Իսրայելի հարձակման հետեւանքով ստեղծված աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակին։
Իր բնութագրմամբ՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանի իշխանության կախվածությունն առավել մեծ է, նաեւ թերեւս ելնելով նրանից, որ այդ երկրի ներուժը՝ տնտեսական, էներգետիկ, առավել մեծ է, աշխարհագրական դիրքն առավել նպաստավոր է։ Այսպիսով է քաղաքական վերլուծաբանը բացատրում Ադրբեջանի նկատմամբ պաշտոնական Մոսկվայի առավել լոյալ վերաբերմունքը՝ անգամ ակնհայտ ռուսաֆոբ դրսեւորումներին։
Իր բնութագրմամբ եւ Իսրայելը, եւ այն ուժերը, որոնք դրդեցին Իսրայելին Իրանին հարվածել՝ հավանաբար «բլից-կրիգի» հաշվարկ ունեին, քանի որ եւ Ալիեւի այցը Անկարա՝ հունիսի 19-ին, եւ հունիսի 20-ին Փաշինյանի այցը, եւ հունիսի 21-ին Թել-Ավիվում նախատեսված միջոցառումը, որը այդպես էլ չկայացավ, բայց չի բացառում, որ կկայանա, որի ժամանակ քննարկվելու էին Կասպյան ավազանի հետ կապված հարցեր, նախանշում են նոր ձեւաչափերի ձեւավորումներ՝ առանց ՌԴ-ի եւ Իրանի։
Այս ամենն, ըստ նրա, «բլից-կրիգի» շրջանակում էր նախատեսված, որը սակայն չկայացավ, քանի որ իրադարձությունները զարգացան։
Կարդացեք նաև
Կարինե Գեւորգյանը նաեւ կարծում է, որ «3+3» ձեւաչափը, ինչի մասին տեւական ժամանակ է խոսվում է, գործնականում չի կարող կայանալ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքից չի կարող դուրս գալ, անգամ եթե թուրքական հասարակությունը շատ ցանկանա։ Իր կարծիքով, նման զարգացումների դեպքում, Թուրքիան կարող է դառնալ «տրոյական ձի»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ