«Եվրոպայի խորհուրդն ունի հստակ գործիքակազմ։ Միգուցե այն, ինչ մենք ակնկալում ենք, չունի, բայց այն գործիքակազմը, որն ունի, ամբողջությամբ կիրառվում է։ Դա առաջին հերթին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների վերահսկողության մեխանիզմն է, որը իրականացվում է Նախարարների կոմիտեում»,- Aravot.am-ի փաստմանը՝ Ադրբեջանը թույլ չի տալիս որևէ միջազգային ներկայություն Բաքվի այսպես կոչված դատավարությունների ժամանակ և հարցին՝ ի՞նչ գործիքակազմ կա Ադրբեջանին պարտավորեցնելու, որպեսզի հետևի միջազգային իրավունքի նորմերին, ԵԽ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության կողմից ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում ԵԽ նախասրահում կազմակերպված «Անցյալի ապագան․ հայկական ազգային զգեստ» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունից հետո այսպես պատասխանեց ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը։
Նա փաստեց՝ օրեր առաջ ԵԽ Նախարարների կոմիտեն hերթական անգամ Ադրբեջանին քննադատել է իր կողմից ՄԻԵԴ վճիռների չկատարման համար․ «Այդ առումով ԵԽ-ն ստեղծված իրավիճակում անում է առավելագույնը։ Ակնկալում ենք ավելին, բայց դրա համար ժամանակ, հետևողականություն է պետք»։
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցով ի՞նչ աշխատանքներ է տանում ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունը, Արմեն Պապիկյանը պատասխանեց․ «Մենք վերջնաարդյունքը կտեսնենք այն ժամանակ, երբ մեր՝ անօրինապես պահվող գերիները կազատվեն։ Այս պահին ասել՝ ինչ է արվում, չեմ կարծում՝ օգտակար լինի։ Այս ամենի մեջ ամենակարևորը վերջնարդյունքն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ