«Այս ցուցադրությունը հիշեցում է մշակութային ժառանգության պահպանության կարևորությունը, որ մշակութային ժառանգությունը միայն հետ նայելը չէ, այլ վստահ լինելը, որ անցյալի ձայները շարունակում են ոգեշնչել ապագան, և որ բազմամշակույթ Եվրոպայում յուրաքանչյուր պատմություն և ավանդույթ կարևոր է»,-Եվրոպայի խորհրդում ՀՀ Մշտական ներկայացուցչության կողմից հունիսի 23-27-ը` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում, ԵԽ նախասրահում կազմակերպված «Անցյալի ապագան․ հայկական ազգային զգեստ» վերտառությամբ ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
Ցուցադրությանը ներկայացված են Տերյան մշակութային կենտրոնի կողմից ստեղծված հայկական ավանդական տարազների կրկնօրինակները։
Ալան Բերսեն հայտարարեց՝ խաղաղությունը կրում է սերունդների հիշատակը․ «Հայաստանը դիմակայություն է ցուցաբերել մշակույթի պահպանության հարցում և մենք տեսնում ենք այստեղ մարդկանց պատմությունը, տեսնում ենք, թե ինչպես է հայ մշակութային ժառանգությունն ազդում եվրոպական մշակույթի վրա»։
Կարդացեք նաև
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը Aravot.am-ի հետ զրույցում կարևորեց հայկական դրական օրակարգը ներկայացնելը․ «Տերյան կենտրոնի հետ վաղուց ենք համագործակցում։ Երբ միջազգային այլ կազմակերպություններում տարբեր ցուցադրություններ կազմակերպեցինք, հասկացանք, որ ՀՀ-ն պետք է հանդես գա դրական օրակարգով՝ ներկայացնելու իր մշակույթը, դարավոր պատմությունը, որը կարող է նաև մշակույթի միջոցով ներկայացվել, ինչը մեծ խանդավառությամբ է՝ որպես կանոն ընկալվում։ Այսօր Եվրոպայում օրակարգը ոչ միշտ է դրական։ Մեր նպատակն է եղել ներկայացնել Հայաստանի բոլոր հնարավոր տարազները, որոնք առկա էին Տերյան կենտրոնում։ Կան տարազներ, որոնց իրականը կա մեր պատմության թանգարանում։ Մենք փորձում ենք ներկայացնել Հայաստանի տարբեր շրջանները՝ իրենց ուրույն տարազներով, որոնք դարեր ի վեր պահպանված և մեզ փոխանցված մեծ արժեք են»։
Նշենք, որ ցուցադրության այցելուները հնարավորություն ունեցան փորձել որոշ ազգային զգեստներ և լուսանկարվել ցուցադրության վայրում տեղակայված հատուկ լուսանկարչական խցիկում։ Լուսանկարչական խցիկը եռակողմ պատված է հայկական ճարտարապետական կոթողներ արտացոլող տպագրված լուսանկարներով։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ