ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը երկրորդ անգամ խախտելով օրենքը՝ այսօր առավոտյան կրկին հրաժարվել է քաղաքացիների ընդունելության շրջանակներում հանդիպել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին:
Մերժումն ստանալուց հետո լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասաց. «Նախ, ես նախապես չգիտեի, որ Արսեն Թորոսյանն է լինելու: Ընդունելությունը հայտարարված է առողջապահության հարցերի հանձնաժողովի համար: Այստեղ եմ իմացել, որ Արսեն Թորոսյանն է այսօր անցկացնում ընդունելություն: Այլ քաղաքացիներ կան, որոնց բոլորին նա ընդունելու է, իսկ ԱԺ աշխատակիցն ինձ հայտնեց, որ միայն ինձ չի պատրաստվում ընդունել: Այսինքն, կատարում է այն նույն ենթադրյալ հանցագործությունը, որը կատարել են իրենց խմբակցության անդամ մյուս պատգամավորները՝ ընդունելության չարժանացնելով միայն ինձ, ցուցաբերելով խտրականություն՝ պայմանավորված իմ քաղաքական կամ այլ հայացքներով:
Ի դեպ, Արսեն Թորոսյանի պարագայում սա նույն հանցանքի երկրորդ դրսեւորումն է. նա հրապարակային պատռել էր իմ կողմից իրեն հասցեագրված գրությունը, ինչի իրավունքը նա չուներ: Այսինքն, քաղաքացիների նամակների, բողոքների, առաջարկությունների մասին քաղաքացիների՝ օրենքով ԱԺ պաշտոնապես մուտք գործած բոլոր գրությունները օրենքով սահմանված ժամկետում ենթակա են քննության, եւ պաշտոնյաները պարտավոր են պատասխանել: Նա ոչ միայն չի պատասխանել իմ գրությանը, այլ հրապարակային է պատռել՝ ցուցաբերելով իր արհամարհական վերաբերմունքը: Եվ հատկանշական է, որ դա արել է իրենց իսկ հռչակած քաղաքացու օրվա, որով իբր կարեւորում էին քաղաքացիների դերը, հաջորդ օրը»:
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանը ինչպես մնացած բոլոր դեպքերում վաղն առավոտյան հանցագործության մասին հաղորդում է տալու դատախազություն եւ դա կլինի 13-րդը: Քաղաքական գործիչը իր նախորդ հաղորդումների ընթացքի մասին տեղեկություն չունի: Այսինքն, քննչական մարմինների կամ դատախազի կողմից վարույթ նախաձեռնվել է, թե ոչ, ինքը նման գրություններով տեղեկացված չէ:
«Արդեն մեկ ամսից ավելի ժամանակ է անցել եւ ես պատրաստվում եմ գլխավոր դատախազից գրություններով պարզաբանումներ ակնկալել, թե ինչն է պատճառը, որ տեւական ժամանակ է, որ որեւէ որոշում չի կայացվում վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու վերաբերյալ, որ մենք կարողանանք պատշաճ կերպով մեր դիրքորոշումը հետագա քայլերի կապակցությամբ ձեւակերպել»,-ասել է պարոն Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ