Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Ադրբեջանցիները երբեք Խորհրդային Հայաստանում ինքնավարություն չեն ունեցել, Իսկ ԼՂԻՄ-ը Խորհրդային Ադրբեջանում ինքնավարություն ուներ: Ու այս մասին ՀՀ իշխանությունը լռում է»

Հունիս 23,2025 22:07

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Sputnik Armenia-ում Նիկոլ Փաշինյան-Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի հարաբերությունների, այդ ֆոնին տեղի ունեցող ներքաղաքական վերջին իրադարձությունների ու տարածաշրջանում իրավիճակի սրման  հետեւանքով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների շուրջ ասուլիսն սկսեց Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա այցից հետո Ստամբուլից ստացված ամենաթարմ լուրով:

«Իսլամական պետությունների լիգայի համապատասխան միջոցառումում, որտեղ 57 երկրների արտգործնախարարներ են մասնակցում, որը կոչվում է Իսլամական երկրների համագործակցության կազմակերպություն, հայտարարություն է ընդունվել, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը: Նրանք Երեւանին կոչ են անում կատարել Բաքվի պահանջները: Խոսվում է, որ պետք է հաղթահարել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման  մասին երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների խոչընդոտները եւ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները: Իսկ Ադրբեջանի այդ բոլոր պահանջները մեծ հաշվով սպառիչ ցանկեր չեն, դրանք անդադար զարգանում են:

Եվ մենք տեսնում ենք, որ նրանք «հայկական ագրեսիայից տուժած» ազատագրված տարածքները վերականգնելու ներդրումներ են անելու: Այսինքն, Հայաստանը այս կառույցում այլեւս ագրեսոր պետություն է ճանաչված: Եվ նաեւ շարունակվում է այն միտքը, որ արեւմտյան Ադրբեջանի համայնքը, այսինքն, ֆիքսվում է, որ կա նման բան, նման համայնք, պետք է իրավունք ունենա եւ Հայաստանը պետք է տա հնարավորություններ, որ նրանք վերադառնան Հայաստանի Հանրապետություն:

Ես զարմանում եմ, որ անգամ վարչապետի այցը, որը սիմվոլիկ ինչ-որ բնույթ էր կրում, չի կանխել այն պրոցեսը, որը Ադրբեջանը եւ Թուրքիան միասնաբար, իրար աջակցելով տանում են առաջ: Իսկ այդ պրոցեսը վերաբերում է Հայաստանի այս պահին ինքնիշխան տարածքի 60 տոկոսին, որը նրանք շարունակում են անվանել արեւմտյան Ադրբեջան:

Ես նախ ուզում եմ դատապարտել Հայաստանի Հանրապետության իշխանությունների՝ կառավարության, ԱԳՆ-ի անգործությունը, որ որեւէ կերպ աշխատանք չեն տարել, որ իսլամական լիգայի կազմակերպությունում այս հայտարարությունը չընդունվեր…

Այս հայտարարություններն առաջին անգամ չեն, այլ կառույցներ էլ են նման բանաձեւեր ընդունում: Նախորդ բանաձեւը եղել է Չմիավորված երկրների կազմակերպությունում ընդունված, որտեղ ավելի շատ պետություններ են մասնակցում: Եվ այնտեղ էլ են կոչ արել Հայաստանին, որ պետք է հնարավորություն տալ արեւմտյան Ադրբեջանի ժողովրդին վերադառնալ Հայաստան:

… Ուզում եմ օգտվել այս հնարավորությունից եւ արձագանքել, որ Ադրբեջանը պահանջում է Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում, երբ որ Լեռնային Ղարաբաղում արցախյան պատերազմը դեռ կիսամեկնարկած պրոցեսի մեջ էր, այդ ժամանակ Հայաստանից ուղեկցմամբ  ճանապարհ դրված եւ փոխհատուցումներ ստացած ադրբեջանցիներին վերադարձնել Հայաստան: Մինչդեռ, Խորհրդային Հայաստանի տարածքից գնացած ադրբեջանցիները իրավունքների համատեքստում հավասար են Բաքվից, Սումգայիթից, Շամխորից եւ Ադրբեջանի տարբեր քաղաքներից եւ գյուղերից մազապուրծ փախած հայերի իրավունքներին: Այսինքն, հարցը պետք է քննարկենք հետեւյալ կերպ. 600 հազար փախստական է Հայաստան եկել Ադրբեջանի տարածքից: Եվ եթե դուք պնդում եք, որ փախստականները վերադառնան, այստեղ էլ այս փախստականները կան: Բայց նման քննարկում գոյություն չունի: Բնականաբար, որեւէ հայ չի կարող վերադառնալ հայաֆոբ Ադրբեջան, հետեւաբար, այդ հարցը այդ մակարդակում փակվում է:

Հարցի մյուս հատվածն այն է, որ նրանք փորձում են խառնել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ: Ադրբեջանցիները երբեք Խորհրդային Հայաստանում ինքնավարություն չեն ունեցել: Իսկ ԼՂԻՄ-ը, որ, այսպես կոչված, Խորհրդային Ադրբեջանի մաս էր, եղել է ինքնավարություն: Հետեւաբար, բացարձակապես տարբեր հարցեր են, եւ Հայաստանը ձայն չի հանում ամենաթարմ, հենց հիմա՝ 150 հազար փախստականների մասին, որ Հայաստանում են: Իսկ օրեր առաջ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն արեց փախստականների միջազգային օրվա առիթով, թե Հայաստանի Հանրապետությունը համերաշխ է ցանկացած մեկի հետ, որը ստիպված է լքել իր տունը, եւ մենք ներդրումներ ենք անում, որ փախստականներին ինտեգրենք: Թե՞ մենք ուզում ենք, որ փախստականները վերադառնան իրենց հայրենիք, իրենց բնօրրան, ինչը, որ այս պահին Ադրբեջանը շարունակում է ասել»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30