Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եթե Արսեն Թորոսյանը վախենում է ինձ հետ հանդիպումից, տիկին Արեգնազ Մանուկյանի պարագայում այդ հանդիպումը կայացավ: Սակայն դա բովանդակային ոչ մի արդյունք չուներ»

Հունիս 23,2025 23:50

Ի տարբերություն ՔՊ-ական Արսեն Թորոսյանի, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը քաղաքացիների ընդունելության շրջանակներում այսօր օրվա երկրորդ կեսին հանդիպեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ: Սակայն տիկին Արեգնազը պայման դրեց, որ պարոն Ղազարյանին կընդունի առանց լրատվամիջոցների ներկայության:

Կարճատեւ հանդիպման մասին Էդգար Ղազարյանը Aravot.am-ին պատմեց հետեւյալը. «Անկեղծ ասած, ես շատ հիասթափված եմ այս հանդիպումից: Այս հանդիպումը ՔՊ պատգամավորների հետ չկայացած հանդիպումներից տարբերվում էր միայն նրանով, որ ֆիզիկապես կայացավ: Այսինքն, եթե Արսեն Թորոսյանը չի ցանկանում ինձ հետ ուղղակի նույն սենյակում գտնվել՝ վախենում է այդ հանդիպումից, տիկին Արեգնազ Մանուկյանի պարագայում այդ հանդիպումը կայացավ: Սակայն դա բովանդակային ոչ մի արդյունք չուներ: Այսինքն, իմ առջեւ էր մի պատգամավոր, որն ի դեպ նախկինում լինելով լրագրող, խուսափում է հրապարակային գործունեությունից:

Հրապարակայնությունը նաեւ ԱԺ գործունեության սկզբունքներից մեկն է, առավել եւս, որ քննարկվող հարցը մասնավոր տիրույթում չէ: Ենթադրվում է, որ նա պետք է հրապարակային խոսեր: Ես վստահ եմ, որ նա լրագրողների ներկայությամբ իրեն կդրսեւորեր շատ ավելի կոռեկտ, շատ ավելի զուսպ, քան իրեն պահում էր այդ փակ հանդիպման ժամանակ: Շատ տարօրինակ եւ զարմանալի է, որ նախկինում լրագրող հանդիսացող Մանուկյանը, ի դեպ, ժամանակին այսպիսի կարգավիճակ ունեցել են նաեւ Արթուր Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը, քաղաքացու գործունեությունը որակում է որպես քաղաքական շոու: Ստացվում է, որ այդպիսի գնահատականներ է տալիս նաեւ լրագրողների մասնագիտական գործունեությանը, որովհետեւ այլ պատճառ չի բերում:

Օրինակ, եթե նախորդ դեպքում եղել է, որ պատգամավորը չի ցանկացել, որպեսզի լրագրող ներկա գտնվի, վկայակոչել է անձնական գործոնները: Բայց այս դեպքում հանդիպման փաստն է որակվում որպես շոու, ինչը անտակտ, անթույլատրելի ձեւակերպում է, որովհետեւ քաղաքացու հանդիպումը պատգամավորի հետ ունի բացառապես ֆունկցիոնալ նշանակություն: Այս ընդունելության ժամանակ ես նախապես եմ նշել, թե ինչ հարցով եմ ցանկանում հանդիպել պատգամավորի հետ եւ ասել եմ, որ իմպիչմենտի թեմայով է: Եվ դա որակել որպես քաղաքական գործունեություն, նշանակում է, որ իր ցանկացած գործունեություն է ուղղակի շոու, նշանակում է, որ տիկին Արեգնազ Մանուկյանը մինչեւ հիմա ԱԺ-ում եթե ելույթ է ունեցել, իսկ ինքն առանձնապես մեծ ակտիվություն չի ցուցաբերում ոչ պառլամենտական գործունեության մեջ, ոչ օրենքի նախագծեր է հեղինակում, ոչ հաճախ ելույթ ունենում, ինչ գործունեություն էլ, որ ծավալել է, թեկուզ քվեարկելը, շոու է: Այսինքն, նրա կարծիքով պառլամենտական գործունեությունը շոու է: Ես այդպիսի տպավորություն ստացա նրա մեկնաբանություններից:

Հետո անհարկի փորձում էր ինձ վիրավորել, նշում էր, թե Հանրապետական կուսակցությունից եմ, այն դեպքում, երբ որ ես կուսակցական չեմ, որպես քաղաքացի եմ գրանցված՝ ընդունելությանը մասնակցելու, ինձ հուզող հարցերի պատասխանը ստանալու համար: Ու պարզվում է, որ ինձ հուզող հարցերին պատասխանել ինքը խուսափում է: Ասում է, ունեն կուսակցության դիրքորոշում եւ ինքը ավելացնելու բան չունի: Այդպես կարելի է ցանկացած հարցի վերաբերյալ ցանկացած պատգամավորի հարցնել եւ նա պատասխանի, թե ավելացնելու բան չունի:

Ես ծանոթ եմ իրենց խմբակցության հայտարարությանը եւ դրա մեջ իմ բարձրացրած հարցերի պատասխանը չեմ ստացել ու դրա համար է այս հանդիպման անհրաժեշտությունը զգացվել: Այդպես ԱԺ ցանկացած խմբակցություն առաջին օրը կարող է ասել՝ մենք նվիրված ենք պետությանը եւ ժողովրդին ու դրանից հետո ինչ հարց տաս, պատասխանի, որ մեր խմբակցությունն արդեն հայտարարություն արել է եւ ես ոչ մի բան չունեմ ավելացնելու: Եթե ձեզ չի բավարարում, հաջորդ ընտրություններում մեր քաղաքական դիրքորոշումը կարտահայտենք:

Սա առավել քան զավեշտալի է ու ցույց է տալիս, որ պատգամավորը, հաշվի առնելով նաեւ խոցելի վիճակը, խուսափում է իրականացնել իր պարտավորությունները՝ վերահսկել կառավարության գործունեությունը:

Այս իրավիճակը իրավական առումով որեւէ բան չի ենթադրում, ինչպես ՔՊ-ի պատգամավորների պարագայում, որովհետեւ ընդունելությունը որպես փաստ կայացել է, սակայն քաղաքական բովանդակային իմաստով այս տեսակետը չի կարող չջախջախվել քաղաքականապես, ինչը ես կանեմ»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30