Հուլիսի 1-ին կավարտվի արեւային համակարգերի տեղադրման պետական սուբսիդավորումը, իսկ դա նշանակում է, որ նրանք, ովքեր մտադիր էին իրենց տներում տեղադրել արեւային պանելներ, դա ստիպված կանեն ավելի բարձր գնով:
2022 թվականի ապրիլին ՀՀ կառավարությունը հաստատեց Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը, որով, ի թիվս այլնի, պետության կողմից սուբսիդավորվում էր արեւային համակարգերի տեղադրումը: Թեեւ արեւային ֆոտովոլտային կայանների տեղադրումը Հայաստանում ավելի քան տասը տարվա կյանք ունի, բայց այդ ոլորտի գործարարները խոստովանում են՝ հիմնական բումը եղել է այս երեք տարիների ընթացքում, երբ պետությունը աջակցեց մասնավոր հատվածին՝ սուբսիդավորելով արեւային կայանների տեղադրման վարկերը՝ ընդ որում՝ սահմանամերձ համայնքներում վարկը սուբսիդավորվում էր ամբողջությամբ, այսինքն վարկառուն 0%-ով էր վերցնում վարկը, գյուղական համայնքներում՝ 2%-ով, իսկ Երեւանում՝ 3%-ով:
Այսօրվա դրությամբ 37 հազար մասնավոր սպառողներ Հայաստանում տեղադրել են արեւային համակարգեր: Արեւային համակարգերով են սնուցվում բազմաթիվ մանկապարտեզներ, մշակութային օջախներ, արտադրություններ:
Այս պահի դրությամբ արեւային էներգիայի բիզնեսով զբաղվում է 71 ընկերություն: Եվ ահա տասն օրից՝ հուլիսի 1-ին, պետական աջակցության ծրագիրն ավարտվում է, եւ գործարարները sos են հնչեցնում, որ արեւային ոլորտի օրենսդրական փոփոխությունները խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ տնտեսության այդ ճյուղի զարգացման, երկրի էներգետիկ կայունության և ընդհանուր առմամբ՝ Հայաստանի տնտեսության վրա:
Օրերս ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու իրավիճակը եւ լուծումներ գտնելու:
Ընդունելով իրականում գոյություն ունեցող օբյեկտիվ խնդիրները, տնտեսվարողները նշում էին, որ ի հայտ են եկել համակարգային մարտահրավերներ, որոնք հաղթահարելու համար Հայաստանը դեռ չունի համակարգված քաղաքականություն և ինստիտուցիոնալ կառույց։
Այս առիթով նրանք մտահոգ էին, որ օրենսդրությունը կարող է փոխվել՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու: Նրանք նշեցին, որ պատրաստ են մասնագիտական հարթակում վեր հանել խնդիրները, մասնակցել լուծումների մշակմանը:
Քննարկման ընթացքում մասնակիցները եկան եզրակացության, որ առանց տվյալների խորքային ուսումնասիրման, վերլուծության, շատ դժվար կլինի ճիշտ լուծումներ գտնելը:
«Շտիգեն» ընկերությունների խմբի հիմնադիր եւ ղեկավար Հայկ Շեկյանը նկատեց, որ այս պահին խնդիրը կանգնած է ոլորտի բոլոր գործարարների առջեւ, եւ այդ պատճառով պետք է միասնական լինեն, եւ համակարգված ձեւով ոլորտը ներկայացնեն: «Մենք հանդիպել ենք պետական կառավարման համակարգում աշխատող մեր գործընկերների հետ, եւ նրանց ներկայացրել ենք թվերը, որ 71 ընկերություն է աշխատում ոլորտում, նախորդ տարի 4,1 մլրդ դրամի հարկային մուտքեր ենք ապահովել, 500 մլն դոլարը գերազանցող ներդրումներ են արվել, որի գերակշիռ մասը՝ նախորդ երեք տարիներին, եւ 3000 մարդ է աշխատում այս ոլորտում: Եվ մենք ապահովում ենք երկրի տնտեսությանը ոչ միայն հարկային մուտքեր եւ կանաչ էներգիա, այլեւ դրա շնորհիվ այն արտադրությունները, որոնք արեւային էներգիայով են սնվում, ավելի մրցունակ են: Նաեւ ասել ենք, որ պատրաստ ենք մասնակցել լուծումների մշակմանը, որպեսզի ոլորտը կայուն ձեւով շարունակի աշխատել»:
Քննարկման մասնակիցներն ընդունում էին, որ իրականում խնդիր կա. հատկապես ցերեկային ժամերին էլեկտրաէներգիայի ավելցուկը, ենթակառուցվածքների սահմանափակ կարողություններն ու պահանջարկի ոչ արդյունավետ կառավարումը ոլորտը կանգնեցրել են լուրջ մարտահրավերների առջև։
«Եթե արևային էներգետիկան շարունակի զարգանալ այս տեմպերով, բոլորս էլ հասկանում ենք, որ մոտակա ամիսներին կարող են առաջանալ անխուսափելի խնդիրներ՝ գերծանրաբեռնվածություն, վթարներ, հոսանքի անջատումներ և այլ բարդություններ։ Խնդրի լրջությունը գիտակցելով՝ մենք հրավիրում ենք բոլոր շահառու կառույցների ուշադրությունը և հայտնում մեր պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու քննարկումներին և առաջարկելու խնդիրների լուծման մեր փաթեթը», – նշեց Հայկ Շեկյանը՝ ընդգծելով, որ արևային ոլորտն այսօր Հայաստանի տնտեսության ամենազարգացած ճյուղերից է, եւ անթույլատրելի է զարգացումը կասեցնել, հատկապես որ կա միջազգային արդյունավետ փորձ, որը հնարավոր է կիրառել նաև այստեղ։
«Էկովիլ» արեւային ընկերության հիմնադիր եւ ղեկավար Տիգրան Օխանյանը նկատեց, որ եղած խնդիրը լուծում է պահանջում, բայց այդ լուծումը առանց իրենց լսելու գտնելը սխալ կլինի. «Ունենք արտադրության տասնամյա փորձ եւ առանց մեզ լսելու՝ երկարաժամկետ հատվածում լուծումները ամենաշահեկանը չեն լինի: Մեր պետական գործընկերները եւս համաձայն են, որ պետք է կուտակիչ կայաններ ներդնել: Բայց ճանապարհը պետք է քննարկենք, որ քիչ ցավալի լինի բոլորի՝ սպառողների, արտադրողների եւ պետական համակարգի համար: Քայլ քայլ քննարկենք եւ կոնսենսուսի գանք »: Նա նկատեց, որ պետք է արագորեն գտնել ինչպես երկարաժամկետ եւ միջնաժամկետ հատվածի համար լուծումներ, այնպես էլ՝ կարճաժամկետ, որովհետեւ ինչպես մարդը չի կարող մեռնել եւ մի տարի հետո կենդանանալ ու շարունակել բարգավաճել, այնպես էլ տնտեսության մի ճյուղը, եւ եթե հիմա օրենսդրական փոփոխությունների արդյունքում այս ոլորտը մեռնի, ապա մեկ տարի հետո չի կարողանա նույն վիճակին գալ, պետք կլինի նորից զրոյից սկսել կայացնել:
«Վերջին տարիներին Հայաստանի կառավարության խրախուսական քաղաքականության, միջազգային աջակցության եւ մասնավոր հատվածի ակտիվ մասնակցության շնորհիվ Հայաստանում կայացել է մի ամբողջ նոր ոլորտ՝ արեւային էներգետիկան՝ հաջողված ծրագրերով, լավ մասնագետներով: Հիմա ժամանակն է մտածել այս ոլորտը պահպանելու եւ զարգացնելու մասին: Մենք հանդես ենք գալիս կառուցողական առաջարկներով», – ասաց Sunny city ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը եւ հնչեցրեց իրենց նախնական առաջարկները:
Դրանց մեջ մտնում էր ճկուն սակագնային քաղաքականությունը: Քանի որ ցերեկային ժամերին արեւային կայանների աշխատանքի շնորհիվ էներգիայի արտադրության ավելցուկ է լինում, եւ այդ ժամերին էներգիայի 85%-ը արեւային կայաններն են արտադրում, կարելի է ցածր սակագին դնել, որպեսզի բոլոր բաժանորդները՝ անկախ նրանից ունեն, թե չունեն արեւային կայան, ձեռք բերեն կուտակիչներ եւ կուտակեն այդ ժամի էժան էներգիան, ապա երեկոյան ժամերին ծախսեն: Մեկ այլ առաջարկ էր հենց կուտակիչների սուբսիդավորումը: Էլեկտրոմոբիլների եւ ջերմային պոմպերի՝ ցերեկային ժամերին լիցքավորման խրախուսումը նույնպես աշխարհում օգտագործվող մեթոդներից է: Առաջարկների թվում էր նաեւ ավելցուկ էներգիայի արտահանումը, որը սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում բարդ լուծելի է թվում: «Սուբսիդավորման ծրագրի ավարտից հետո արևային ընկերությունների մեծ մասը կհայտնվի փակման վտանգի առջև, մի մասն էլ կմտածի պրոֆիլը փոխելու մասին, մինչդեռ չպետք է թույլ տանք, որ արդեն կայացած ոլորտն անկում ապրի։ Սուբսիդավորման ծրագիրը, օրինակ, կարող է փոխարինվել եկամտահարկի վերադարձի նման մեխանիզմով, որի շրջանակում բնակչությունը հնարավորություն կունենա ձեռք բերել արևային կայան, եկամտահարկն էլ կուղղվի վարկի տոկոսների մարմանը։ Սա կարող է բավականին արդյունավետ լուծում լինել, սակայն դրա իրագործման համար ժամանակ և պատրաստվածություն է անհրաժեշտ», – ընդգծեց արևային ընկերության հիմնադիր Հովհաննես Արիստակեսյանը։
Ոլորտի առաջատար ընկերությունները պետությանը հրավիրում են ինտենսիվ երկխոսության՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ մասնակցություն ունենալ ինչպես խնդիրների վերլուծության, այնպես էլ լուծման տարբերակները մշակելու գործում։ Նրանք նախատեսում են ստեղծել համապատասխան ասոցիացիա՝ ընդգծելով, որ ոլորտի զարգացումը կարևոր է թե՛ ներմուծվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու, թե՛ երկրի տնտեսության համաչափ զարգացման, թե՛ աշխատատեղերի և հավելյալ արժեքի ստեղծման, թե՛ SEPA շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունները կատարելու տեսանկյունից։
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ