Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսրայելի եւ Իրանի ապագան ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ է եւ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ»․ Դոնալդ Թրամփը գովազդում է իրանաիսրայելական ենթադրյալ գործարքը

Հունիս 24,2025 09:39

Չնայած Իսրայելից հաղորդում են իրանական ավիահարվածների շարունակականության մասին, ԱՄՆ նախագահը իր Truth Social հարթակում մեկը մյուսին հաջորդող գրառումներով գովազդում է խաղաղության իր «գործարքը»։

«Իսրայելը եւ Իրանը, գրեթե միաժամանակ, եկան եւ ինձ ասացին՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»։ Ես գիտեի, որ ԱՅԺՄ ժամանակն է։ Աշխարհը եւ Մերձավոր Արեւելքը իրական ՀԱՂԹՈՂՆԵՐՆ են։ Երկու ազգերն էլ ապագայում ականատես կլինեն անչափ ՍԻՐՈ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ։ Նրանք այնքան բան ունեն նվաճելու, դրա հետ մեկտեղ, շատ բան ունեն կորցնելու, եթե շեղվեն ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ եւ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ճանապարհից։ Իսրայելի եւ Իրանի ապագան ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ է եւ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ։ ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ՁԵԶ ԵՐԿՈՒՍԻԴ», – գրել է Դոնալդ Թրամփը։

 

Ավելի ուշ նախագահ Թրամփը գրառմամբ ակնարկել է, որ «գործարքը» անհնար կլիներ առանց հունիսի 22-ին ամերիկյան ռազմական միջամտության։

«Մենք չէինք կարող հասնել այսօրվա «գործարքին» առանց մեր հզոր B-2 օդաչուների եւ այս գործողության հետ կապված անձանց տաղանդի եւ խիզախության։ Հստակ եւ շատ իրոնիկ կերպով, ուշ երեկոյան, այդ կատարյալ «հարվածը» բոլորին իրար գլուխ բերեց եւ գործարքը կնքվեց»։

 

«Համաձայնություն» առայժմ ձեռք չի բերվել․ Արաղչի

 

Ի հեճուկս նախագահ Թրամփի լավատեսության՝ ավելի վաղ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին X-ում կասկածի տակ էր առել Իրանի եւ Իսրայելի միջեւ ռազմական գործողությունները կանգնեցնելու համաձայնության մասին հայտարարության ճշմարտացիությունը՝ շեշտելով՝ «հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ որեւէ «համաձայնություն» առայժմ ձեռք չի բերվել»։

Դիվանագետը միեւնույն ժամանակ հայտնել էր, որ իրանական ուժերը մտադրություն չունեն պատասխանել Իսրայելին, եթե վերջինս «դադարեցնի իրանցի ժողովրդի դեմ իր անօրինական ագրեսիան մինչեւ Թեհրանի ժամանակով առավոտյան 4-ը»։

04:00-ից հետո Թեհրանում պայթյունների ձայները դադարել են

 

Նախարար Արաղչիի մեկ այլ գրառմամբ՝ կարծես թե ակնարկվում է, որ ռազմական գործողությունները դադարել են։

«Իր անօրինական ագրեսիայի համար Իսրայելին պատժելու մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները շարունակվեցին մինչեւ վերջին պահը՝ առավոտյան 4-ը։

Բոլոր իրանցիների հետ միասին, ես երախտագիտություն եմ հայտնում մեր խիզախ զինված ուժերին, որոնք մշտապես պատրաստ են պաշտպանել մեր սիրելի երկիրը մինչեւ իրենց արյան վերջին կաթիլը, եւ որոնք արձագանքեցին թշնամու ցանկացած հարձակման մինչեւ վերջին պահը»։

 

Ըստ BBC-ի պարսկական ծառայության հետ զրուցած Թեհրանի բնակիչների՝ Թեհրանի ժամանակով գիշերը 04:00-ին (Երեւանում՝ 04:30) պայթյունների ձայները դադարել են: Տեղեկությունը հաստատել է նաեւ Թեհրանում Al Jazeera-ի թղթակիցը։

 

Ըստ Թել Ավիվի՝ Իրանի հարձակումները շարունակվում են

Իսրայելը, որը պաշտոնապես չի արձագանքել հրադադարի գործարքի համաձայնեցման մասին Վաշինգտոնի հայտարարությանը, պնդում է, որ իր տարածքի նկատմամբ օդային հարձակումները շարունակվում են։ Իսրայելական 14-րդ ալիքը հաղորդում է չորս զոհի մասին։

 

Համատեքստ

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դոնալդ Թրամփը հայտնել է հունիսի 13-ին հրեական պետության սանձազերծած ռազմական գործողություններն ավարտելու համաձայնության մասին։

Հունիսի 13-ին Իսրայելը օդային հարձակում մեկնարկեց Իրանի Իսլամական Հանրապետության դեմ՝ պատճառաբանելով, որ Թեհրանի միջուկային նկրտումները գոյութենական վտանգ են ներկայացնում իսրայելական պետության համար։ Հունիսի 22-ին իրանական տարածքին հարվածներ հասցրեց նաեւ ամերիկյան օդուժը։ Իրանն ի պատասխան՝ օդային հարվածներ է հասցրեց Իսրայելին եւ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30