Լրահոս
Օրվա լրահոսը

Բացի այն, որ «Արաքսից այն կողմ Հայաստան չկա», նաև Արաքսից այս կողմն էլ, ստացվում է, «Թուրանի» համար ջրի ճամփա է լինելու. «Փաստ»

Հունիս 24,2025 10:33

Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած աշխատանքային այցը քանի օր շարունակ քննարկումների առանցքում է: Ընդ որում, ոչ այնքան բուն հանդիպման հետ կապված, քանի որ պաշտոնական չոր հաղորդագրությունից զատ ոչինչ հայտնի չէ (գաղտնիք է, էլի, ընդ որում՝ զրոյական կետից սկսվող, որն արդեն իսկ անհանգստացնող է) որքան դրան հետևելիք իրադարձությունների առումով, որոնցից հայ հանրությունը որևէ լավ սպասելիք չունի:

Սակայն ոչ պակաս ուշագրավ էին այն «բռնկումները», որոնք թույլ են տալիս մի փոքր ավելի որոշակի պատկերացնել, թե հատկապես ինչ (ինչեր) կարող էր Փաշինյանը քննարկել Էրդողանի հետ: Խոսքը Թուրքիայի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին է:

Առանձնապես հետաքրքիր էր «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցը, որին այդպես էլ պատասխան չհնչեց: Փաշինյանն էլի երկար-բարակ արեց, թե՝ «միջանցք» չի, այլ «խաչմերուկ», բայց նրա պատասխանից պարզ դարձավ, որ ինքն ու իր քպական իշխանությունը ոչ մի խնդիր չունեն այն թշնամի Թուրքիային ու Ադրբեջանին տրամադրելու հարցում: Հարկավ, Փաշինյանը մանիպուլյատիվ ձևերով է ներկայացնում, թե «Թուրանն» ընդամենը ուզում է ճանապարհով գնալ-գալ, ինչո՞ւ չգնա-չգա: Բայց ողջ հարցն այն է, որ «Թուրանը» ուզում է զավթել Սյունիքը, եթե ոչ ՀՀ ամբողջ տարածքը, իր վերահսկողությունը հաստատել: Ըստ Փաշինյանի, «Թուրանի» համար Հայաստանի տարածքը պարտադիր պետք է «ջրի ճամփա» լինի: Նա, իհարկե, նշում է, որ բոլորի համար պետք է ճանապարհները բաց լինեն: Բայց, չգիտես ինչու, անկարևոր է համարում, անգամ չի էլ ուզում դիտարկել, թե այդ ո՞վ է, ի վերջո, փակ պահել ու պահում հայ-թուրքական, կներեք՝ Հայաստան-Թուրքիա սահմանը:

Ի դեպ, սահմանի մասին: Փաշինյանը էլի «փայլատակեց», թե՝ «Արաքսից այն կողմ Հայաստան չկա»: Նրա համոզմամբ, ՀՀ քաղաքացիների համար ոչ մի «Արևմտյան Հայաստան» չպիտի գոյություն ունենա (ջնջելո՞ւ է մարդկանց ուղեղներից, ինչ է): Դեռ լավ է, չհայտարարեց, որ եթե որևէ մեկն ասի, որ ինքն արմատներով վանեցի է, մշեցի կամ սասունցի, ապա ամբողջ ՔՊ-ով ու իր ոստիկաններով կհարձակվեն նման մարդկանց վրա, կկալանավորեն, կխոշտանգեն:

Հա, բայց նրա խոսքից ու մոտեցումներից պարզ դարձավ, որ, բացի այն, որ «Արաքսից այն կողմ Հայաստան չկա», նաև Արաքսից այս կողմն էլ, ստացվում է, «Թուրանի» համար ջրի ճամփա է լինելու: Դա իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը ոչ մի խնդիր չի տեսնում նաև հարյուր հազարավոր ադրբեջանական թուրքերի՝ Հայաստանում բնակեցնելու հարցում:

Փաշինյանը խոսքի ընթացքում հիշեց, որ իրեն ժամանակ առ ժամանակ հարց են ուղղում, թե ինչո՞ւ էր ինքը 2019-ին ասում, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ու, ահա, Ստամբուլում հայտարարում է, թե այդ հարցը տրիվիալ պատասխան ունի. «Մի պատճառով եմ ասել, որովհետև հայրենասեր էի»: Այսինքն, նախ՝ ստացվում է, որ հայրենասիրությունը շատ վատ բան է: Ավելին, ըստ Փաշինյանի, այդ հայրենասիրությունը ուրիշները, օտարներն են մեզ համար ձևակերպել (Ռուսաստանն, էլի): Երկրորդը՝ լավ, եթե այն ժամանակ հայրենասեր էիր, հապա հիմա՞ ո՛վ ես…

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30