Երեւանի ավագանու նիստում քննարկվում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երեւանի նախկին թաղային համայնքներին եւ Երեւան համայնքին պատկանած դպրոցների եւ մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացները ուսումնասիրող Երեւան քաղաքի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:
Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն անդրադարձավ քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակներին։ «Նպատակը հանրությանն իրազեկելն է, թե ինչ է տեղի ունեցել Երեւան համայնքին, երեւանցիներին պատկանած գույքի հետ, ում է օտարվել, ինչու է օտարվել եւ ինչ գնով է օտարվել։ Հետագայում այդ օտարված գույքն ինչ նպատակի է ծառայել, դրա հետեւանքով Երեւանում բնակվող երեխաներից քանի՞սն են զրկվել իրենց՝ մանկապարտեզ հաճախելու իրավունքից»,- ասաց Գալջյանը։
Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին։ Անդրադառնալով ընդդիմության հարցադրումներին՝ Գալջյանն ասաց․ «Երբ դուք ասում եք՝ սա քաղաքական նպատակով է, այդտեղ վատ բան չկա, այո, պետք է հանրությանը դրա մասին իրազեկել։ Իրավապահ մարմիններն իրենց գործն են անելու, մենք մեր գործն ենք անելու»։
Կարդացեք նաև
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն ասաց․ «Այդ աղմկահարույց ուղղություններով, որ դուք ուզում եք գնալ, քննիչ գործունեություն ծավալել, փաստեր վեր հանել, բա ընթացիկ վիճակի փաստերն էլ մենք պետք է վեր հանենք, հա՞ երեւի։ Մենք էս էլ ենք անում, նախկինում էլ, թե ով ինչ է արել, ինչ չի արել, ով է դա որպես քարոզչական նյութ օգտագործել, իշխանափոխությունից հետո այդ բոլոր հարցերի պատասխաններն իրավապահների առաջ կտան»։
«Ինչ վերաբերում է անցյալը կամ ներկան բացահայտելուն, կլինի դա, հավատացեք, էս հանձնաժողովի շրջանակներում դա կլինի։ Թե ինչու դուք չեք մասնակցում, պատճառները բնականաբար հասկանում եմ, ուղղակի դեռ չեմ խոսում դրա մասին։ Բայց դրա մասին այսօր էլ, հետագայում էլ առիթ կունենանք խոսելու, որովհետեւ այդտեղ քաղաքական հետաքրքիր զուգադիպություններ են առաջանալու»,- Սուքիասյանին արձագանքեց Գալջյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ