«Չնայած դատախազությունում քննվող բազմաթիվ քրեական գործերին, այս քննող հանձնաժողովի շնորհիվ մենք գնալու ենք բացահայտենք եւ արդեն դատախազությանը ներկայացնենք փաստերը՝ տակը դնելով իրավական հենքեր»,- Երեւանի ավագանու նիստում «1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականը Երեւանի նախկին թաղային համայնքներին եւ Երեւան համայնքին պատկանած դպրոցների եւ մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացները ուսումնասիրող Երեւան քաղաքի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը:
Նա դիմեց ընդդիմությանը․ «Հարգելի ընդդիմություն, ես ուղղակի չեմ կարողանում հասկանալ ձեր՝ այս նախաձեռնությանը չմիանալը։ Նշում են, որ սա շոու է ու նախընտրական քարոզարշավ։ Ժողովուրդ ջան, նախընտրական քարոզարշավը Սամվել Կարապետյանի նկարներն են Հյուսիսային պողոտայում, մոլերի պատերին։ Բայց երեւանցուն ծառայելը, մանկապարտեզների հետեւից գնալը, տեսնել, թե ով է գողացել, թալանել, դա քաղաքացուն ծառայել է, ոչ թե նախընտրական քարոզարշավ։ Այն մարդիկ, ովքեր ասֆալտն այդքան բարակ են արել, դատվելու են, ով փող է կերել, ինքը դատվելու է»։
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն իր ելույթում ասաց, որ այս իշխանությունն արդեն 7 տարի է՝ իշխանության է։ Նա հարց հնչեցրեց՝ 7 տարվա ընթացքում քանի՞ մանկապարտեզ եք հետ բերել։ «Էս ոնց է ստացվում, որ ընտրություններին մնացել է մեկ տարի, Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչն ու քաղաքացիական ակտիվիստը գնում բացահայտում են ակնհայտ կոռուպցիա, ակտիվիստին քրֆում եք, տփում ճամփում եք, մի հատ էլ հանձնաժողով եք բացում հիմա: Ախր էս մարդիկ 2018 թվին ձեր կուտը կերան, որովհետեւ մտածում էին՝ դուք էդ տարածքները հետ եք բերելու։ Կամ էլ մի հատ էդ խլված, գողացված մանկապարտեզները կալկուլյատորով հաշվեք՝ համընդհանուր ինչքան գումար է եղել եւ ասեք՝ Տիգրան Ավինյանի ղեկավարած ԱՆԻՖ-ի 25 մլրդ դրամից մեծ է, թե փոքր։ Էդ 25 մլրդ-ը հետ բերեք, սաղ քաղաքում ամեն շենքի տակ մարդ ա մի հատ մանկապարտեզ կբացենք»,- ասաց Սամվել Հակոբյանը։
Ավագանու անդամ Պեդրո Զարոկյանն էլ ասաց․ «Ես այն կարծիքին եմ, որ սա բացարձակապես իրավապահների գործառույթն է։ Այս նախաձեռնությամբ դուք ապացուցում եք, որ այս երկրում իրավապահ մարմինների ինստիտուտը չի աշխատում։ Եթե իրոք աշխատեին, 7 տարվա մեջ այս հարցի լուծումը մենք վաղուց ստացած կլինեինք։ Հետ բերած մանկապարտեզներն էլ ունակ չեք աշխատեցնել, շշմել նստել եք»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ