Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»․ ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ

Հունիս 24,2025 16:46

«Մենք չենք կարող այլ բան անել, քան հորդորել բոլոր անդամ երկրներին հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք որդեգրել է այս կազմակերպությունը և կատարել այն հանձնառությունները, որոնք ստանձնել են՝ միանալով Եվրոպայի խորհրդին։ Մենք ոչ միայն Ադրբեջանից ու Թուրքիայից ենք պահանջում կատարել այդ հանձնառությունները, այլ մյուս երկրներից»,- ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ այսպես պատասխանեց ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը Նախարարների կոմիտեի նախագահին հարցրեց․ «Պարոն փոխվարչապետ, Դուք գիտեք, որ Ադրբեջանում ներկայումս տեղի են ունենում ամոթալի դատավարություններ հայ բանտարկյալների դեմ: Այս կազմակերպությունը մինչ օրս չի կարողացել որևէ նշանակալի ազդեցություն ունենալ ադրբեջանական իշխանությունների վրա և ապահովել նրանց ճակատագրի արդար և արժանապատիվ լուծում: Ինչո՞ւ է Եվրոպայի խորհուրդը անկարող ազդել այս իրավիճակի վրա: Ի՞նչ ուղերձ է սա հղում աշխարհում նրանց, ովքեր դեռևս հավատում են ժողովրդավարական արժեքներին, հատկապես, երբ այդ արժեքները գտնվում են ինտենսիվ ճնշման տակ»։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը Իեն Բորջին հիշեցրեց Լյուքսեմբուրգում նախարարական հանդիպումը և ասաց․ «Նախարարների կոմիտեն իր որոշմամբ հորդորում էր ՀՀ-ին և Ադրբեջանին ստորագրել և վավերացնել խաղաղության պայմանագիրը։ Ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ գործընթացի առաջընթացի համար միջնորդական գործունեության հետ կապված»։

Իեն Բորջը պատասխանեց․ «Նախորդ տարի, երբ ես նախագահում էի ԵԱՀԿ-ն, ես հնարավորություն եմ ունեցել երկու անգամ հանդիպել վարչապետ Փաշինյանին ու նախագահ Ալիևին։ Երկու ղեկավարներն էլ ուզում են՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչև Մինսկի խմբի հետ կապված առաջ գնալը։ Լավ նորություն էր այն, որ համաձայնություն ձեռք բերվեց խաղաղության պայմանագրի տեքստի հետ կապված, բայց ցավոք, այն դեռ ստորագրված չէ։ Երկու շաբաթ առաջ, երբ մասնակցում էի մի միջազգային կոնֆերանսի, երկու պատվիրակություններին հարցրի՝ ի՞նչ նորություն կա։ Ես հասկացա, որ աշխատանքը ընթացքի մեջ է։ Լիովին աջակցում եմ և հարգում այն ցանկությունը, որ Ադրբեջանն ու Հայաստանն ունեն, որ ցանկանում են երկխոսել ուղիղ, առանց այլ կազմակերպությունների և երրորդ երկրների ներգրավելու։ Մենք պետք է հուսանք ու սպասենք, քանի որ մենք շատ մոտ ենք այս խաղաղության պայմանագրին, որը կարող է ոչ միայն երկու երկրներին շատ բան տալ, այլև ամբողջ տարածաշրջանին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30