Լրագրողների պաշտպանության կոմիտեի անդրադարձը Ադրբեջանում լրագրողների ազատազրկումներին
2025 թ. հունիսի 23, Նյու Յորք – Ութ ադրբեջանցի լրագրող դատապարտվել է 7,5-ից մինչև 15 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանում ընթացող մի շարք դատավարությունների շրջանակում, որոնք վտանգում են անկախ լրագրության գոյությունը կովկասյան այս երկրում:
Երկուշաբթի օրը՝ Բաքվում փակ դատական նիստում դատարանը հրապարակեց լրագրող և խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովի 15 տարվա ազատազրկման վճիռը՝ դավաճանության մեղադրանքով։ Նա մեկ շաբաթ առաջ հացադուլ էր հայտարարել և փորձել ինքնասպան լինել։
Ուրբաթ օրը «Abzas Media» պարբերականի վեց լրագրողներ մեղավոր ճանաչվեցին կազմակերպված խմբով մի շարք ֆինանսական հանցագործություններ կատարելու՝ այդ թվում արժույթի մաքսանենգության, փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ։ Այս ամենը կապվում է ենթադրյալ անօրինական ֆինանսավորման հետ, որը ստացել են Արևմտյան դոնորներից։
Կարդացեք նաև
«Abzas Media»-ն հայտնի է որպես կոռուպցիան հետաքննող առաջատար հարթակ Ադրբեջանում:
Դատապարտվածներն են՝
- Ուլվի Հասանլի՝ տնօրեն,
- Սևինջ Վագիֆքըզի (Աբբասովա)՝ գլխավոր խմբագիր,
- Հաֆիզ Բաբալի՝ լրագրող – դատապարտվել են 9 տարի ազատազրկման,
- Նարգիզ Աբսալամովա և Էլնարա Գասիմովա՝ թղթակիցներ – դատապարտվել են 8 տարով,
- Մահամմադ Քեքալով՝ նախագծի համակարգող՝ դատապարտվել է 7,5 տարի ազատազրկման:
Բացի այդ, նույն գործով 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Ֆարիդ Մեհրալիզադեն՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ֆինանսավորվող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Գուլնոզա Սայիդը հայտարարել է.
««Abzas Media»-ի գործով յոթ լրագրողի և Բահրուզ Սամադովի դեմ նշանակված ծանր պատժաչափերը վկայում են անկախ լրագրությանը վերջ տալու Ադրբեջանի իշխանությունների մտադրության մասին։ Հատկապես մտահոգիչ է Սամադովի ինքնասպանության փորձի մասին հաղորդումը։ Իշխանությունները պետք է ապահովեն նրա անվտանգությունը և անհապաղ ազատ արձակեն բոլոր անօրինական կալանավորված լրագրողներին»։
«Abzas Media»-ն CPJ-ին հայտնել է, որ մեղադրանքները «ծիծաղելի են և հորինված», որ իրենց աշխատակիցների միակ «մեղքը» եղել է կոռուպցիայի, իշխանության չարաշահումների բացահայտումը և անհարմար ճշմարտությունների մասին հանրությանը տեղյակ պահելը։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը Ֆարիդ Մեհրալիզադեի դատավճիռն անվանել է «կեղծ» և «անհարկի դաժան»։
Դավաճանության գործ՝ գաղտնիությամբ քողարկված
2023 թ. վերջից առնվազն 20 ադրբեջանցի առաջատար լրագրող է ձերբակալվել՝ Արևմտյան դոնորներից ֆինանսավորում ստանալու մեղադրանքով։
2024 թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ բանտարկված լրագրողների մասին CPJ-ի տարեկան հաշվետվությունում Ադրբեջանը նշվել է որպես աշխարհի 10-րդ վատթարագույն երկիրը. 13 լրագրող ճաղերի հետևում։
Սամադովի դեմ ներկայացված մեղադրանքների ամբողջական մանրամասները չեն հրապարակվել։ Նա համագործակցել է Վրաստանում գործող OC Media-ի և ԱՄՆ-ում հիմնված Eurasianet-ի հետ։ Նրան ձերբակալել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները՝ հայրենիք այցելության ժամանակ։ Դատական գործը դասակարգվել է որպես գաղտնի։ Սամադովը խաղաղության ակտիվիստ է՝ Հայաստանի հետ հաշտեցման կողմնակից, ինչպես նաև դոկտորանտ Չեխիայում։
Կառավարամետ լրատվամիջոցները, որոնք պարբերաբար հրահանգներ են ստանում իշխանություններից, Սամադովին մեղադրել են «հակաադրբեջանական» Eurasianet-ի համար «կործանարար» հոդվածներ գրելու մեջ։ Նրա հոդվածները, որոնք CPJ-ն ուսումնասիրել է, կենտրոնանում են Ադրբեջանում միլիտարիզմի և ավտորիտարիզմի աճի վրա։
«Անհեթեթ» մեղադրանքներ՝ կոռուպցիայի մասին հաղորդումների հետևանքով
Հունիսի 20-ի վճիռների ընթերցման ժամանակ «Abzas Media»-ի լրագրողները թիկունքով են շրջվել դատավորների նկատմամբ և պարզել պաստառներ, որոնցում բացահայտվում էր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ընտանիքի կոռուպցիան։
Նախագահ Իլհամ Ալիևը իշխանությունը ժառանգել է իր հորից 2003թ.-ին, իսկ 2024թ.-ին հաղթել է 5-րդ անընդմեջ նախագահական ընտրություններում։
«Abzas Media»-ն շարունակում է գործունեություն ծավալել աքսորից։
«Լրտեսներ»՝ արևմտյան ֆինանսավորմամբ
2023 թ. նոյեմբերին, Արևմուտքի կողմից ֆինանսավորվող «լրտեսների» դեմ պետական մեդիաարշավի շրջանակում ոստիկանությունը խուզարկել է «Abzas Media»-ի գրասենյակը՝ հայտարարելով, որ հայտնաբերել են 40,000 եվրո (45,900 ԱՄՆ դոլար)։ Նրանք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատներին մեղադրել են «Abzas Media»-ին անօրինականորեն ֆինանսավորելու մեջ։
Հաջորդ երեք ամիսների ընթացքում 6 լրագրող է ձերբակալվել։ 2024 թ. ձերբակալվել է նաև Ֆարիդ Մեհրալիզադեն, թեև նա և «Abzas Media»-ն հերքել են, թե ինքն աշխատել է պարբերականի համար։
Ադրբեջանի օրենսդրությամբ քաղաքացիական հասարակության խմբերը պարտավոր են արտասահմանյան դրամաշնորհները պետական հաստատման միջոցով ստանալ։ Իշխանություններն «Abzas Media»-ին մեղադրում են այդ պահանջը չկատարելու մեջ։
CPJ-ի ուսումնասիրած պաշտպանական փաստարկներում նշվում է, որ նման խախտումների համար տուգանք է նախատեսված, և ոչ թե քրեական պատասխանատվություն։ Դատախազությունն էլ չի ներկայացրել լրագրողների կողմից հանցավոր գործունեության ապացույցներ։ Մարդու իրավունքների պաշտպանները իշխանություններին մեղադրում են դրամաշնորհների թույլտվությունները կանխամտածված կերպով մերժելու և այդպիսի կազմակերպությունները չգրանցելու մեջ։
2024 թ. փետրվարին «Կանալ 13» անկախ հեռուստաընկերության տնօրեն Ազիզ Օրուջովը 2 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ անօրինական շինարարության մեղադրանքով։ 2024 թ.-ի դեկտեմբերին «Կանալ 11»-ի ղեկավար Թեյմուր Քարիմովն է 8 տարվա ազատազրկման դատապարտվել։
«Թոփլում TV»-ի 5 լրագրող և «Մեյդան TV»-ի 10 աշխատակից ևս դատարանի առաջ է կանգնել՝ արտասահմանյան ֆինանսավորում ստանալու նմանատիպ մեղադրանքներով։
Համակցապատկերը (կոլաժ)՝ «Աբզաս մեդիա»-ի, ձախից աջ. «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանցի լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեն և «Աբզաս մեդիա»-ի աշխատակիցներ Էլնարա Գասիմովան, Նարգիզ Աբսալամովան, Սևինջ Վագիֆքըզին, Հաֆիզ Բաբալին, Ուլվի Հասանլին և Մահամմադ Քեքալովը: Այս յոթ լրագրողները դատապարտվել են 7,5-ից 9 տարվա ազատազրկման:
Լրագրողների պաշտպանության կոմիտե