Օրեր առաջ լրահոսում հայտնվեց նյութ, ըստ որի՝ ադրբեջանցի հետազոտող և OC Media-ի աշխատակից Բահրուզ Սամադովը փորձել է ինքնասպան լինել բանտում՝ այն բանից հետո, երբ դատախազությունը պահանջել է նրան դատապարտել 16 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։
Այս լուրից մեկ օր անց՝ հունիսի 23-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը պետական դավաճանության մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտեց խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովին։
Այս անունը հայկական լսարանին կարող է առանձնապես ոչինչ չասել, բայց մեզ համար հետաքրքրական է այն փաստը, որ Սամադովը մեղադրվում էր Հայաստանի օգտին դավաճանության և լրտեսության մեջ։ Իսկ Սամադովի միակ իրական մեղքը խաղաղությունից ու Հայաստանի հետ բարիդրացիությունից խոսելն է եղել։
Սամադովի մեղադրական դատավճռի ընթերցումից հետո ադրբեջանցի պատմաբան Ալթայ Գոյուշովը, որն ապրում է Ադրբեջանից դուրս, իր X-ի էջում գրեց․ «Այսօր արդարության համար մութ օր է։ Իլհամ Ալիևը 15 տարվա ազատազրկման է դատապարտել երիտասարդ ադրբեջանցի գիտնական Բահրուզ Սամադովին։
Կարդացեք նաև
Ո՞րն է նրա հանցանքը։ Նա համարձակվեց երազել խաղաղության մասին։
Նա հավատում էր, որ հայերն ու ադրբեջանցիները՝ ժողովուրդներ, որոնք տասնամյակներ շարունակ բզկտված են եղել բռնության և քարոզչության հետևանքով, կարող են սովորել միմյանց տեսնել ոչ որպես թշնամի, այլ որպես մարդիկ՝ համատեղ ապագայով։
Նա հավատում էր, որ երկխոսությունն ուժեղ է ատելությունից, որ խաղաղությունը հզոր է պատերազմից։
Բայց Ալիևի համար այդ երազանքը սպառնալիք է։ Սպառնալիք՝ այն համակարգին, որից նա սնվում է՝ վախի, պառակտման և անվերջ հակամարտությունների վրա կառուցված։
Ալիևն ինքն է բացահայտ հայտարարել, թե ինչու է Բահրուզը պատժվում՝ որովհետև նա «շփվել է» հայերի հետ։ Քանի որ նա մերժել է ատելությունը։ Քանի որ նա համարձակվել է սիրել խաղաղությունը մի երկրում, որտեղ խաղաղությունը դարձել է հանցանք․․․»։
Սամադովը Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող մի շարք ակտիվիստներից մեկն է ընդամենը։ Այս տարվա ապրիլ ամսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտեց Էմին Գասիմզադեին՝ դավաճանության ու Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Մեղադրական եզրակացությունը պնդում է պարունակում, թե ադրբեջանցին սոցիալական ցանցերի միջոցով գաղտնի կապեր է հաստատել Հայաստանի պաշտոնական կառույցների հետ և նրանց փոխանցել տեղեկություններ՝ Ադրբեջանի պետական անվտանգության և շահերի դեմ։
Փաստացի, խաղաղության մասին զրույցը կամ հայերի հետ որևէ շփում, որն ուղիղ չի համակարգվում Ալիևյան վարչակազմի հետ, համարվում է պետական դավաճանություն։
Սամադովը ձերբակալվել էր 2024 թվականի օգոստոսի 21-ին։ Նրան հանրային տիրույթում մեղադրում էին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության մասին քննադատական հոդվածներ գրելու և հայ ակտիվիստների հետ կապեր ունենալու համար։ Սամադովին հիմնականում մեղադրում էին հայաստանյան ՀԿ-ների հետ կապերի և «Ոչ պատերազմին» շարժման անդամ լինելու մեջ։
Ադրբեջանի պետական լրատվամիջոցները պնդում են, որ «Բահրուզ Սամադովը՝ հայտնի որպես «Ոչ պատերազմին» շարժման անդամ, 2020 թվականից՝ պատերազմի ժամանակաշրջանից սկսած, կապի մեջ է եղել Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների ներկայացուցիչների և այդ երկրի քաղաքացիների հետ, ովքեր համագործակցել են նրանց հետ»։
«Ոչ պատերազմին» շարժումը, որը սկսել են ադրբեջանցի ակտիվիստները 2023 թվականի հուլիսին, հատկապես ուշագրավ է, քանի որ նախորդել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանությանն ու էթնիկ զտմանը։ Ի պատասխան այդ շարժման՝ այն ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները արշավ էին սկսել ակտիվիստների դեմ։ Իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Էլման Մամեդովը նշել էր․ «Պատերազմի դեմ արշավը գործողություն է Ադրբեջանի պետականության և անվտանգության դեմ։ Սա պետք է հետաքննվի պետական մակարդակով, պետք է պարզվեն նրանց ինքնությունները և շատ լուրջ միջոցներ ձեռնարկվեն Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում»։
Մեկ այլ օրենսդիր՝ Ալիևի իշխող կուսակցության ներկայացուցիչ Այդին Միրզազադեն ասել էր, որ յուրաքանչյուր հասարակությունում կան խմբեր, որոնք ընդդիմանում են ազգային շահերին և ֆինանսավորվում են արտերկրից, և Ադրբեջանը բացառություն չէ։ Նա «Ոչ պատերազմին» շարժման կողմնակիցներին համարել էր այդպիսի խմբերից մեկը՝ հայկական շահերը սպասարկելու պնդմամբ։
Այս արշավը ևս մեկ վկայությունն էր այն բանի, որ Ալիևը պատրաստ չէ խաղաղության գնալ հայերի հետ։ Բացի այդ, ադրբեջանական պետությունը արագորեն լռեցնում է հաշտության հնարավորությանը ձգտող սակավաթիվ ձայներին։
Ես դրա մասին ահազանգել էի դեռ 2024 թվականի հոկտեմբերին «EVN Report» կայքում հրապարակված՝ «Լռեցնելով խաղաղությունը. Ալիևը պահպանում է խաղաղության խոսույթի արգելքը Ադրբեջանում» վերնագրով իմ հոդվածում։ Դրանից հետո այս միտումը գնալով ավելի է սրվում։
Սամադովի ձերբակալությունից հետո, ադրբեջանական իշխանությունները կալանավորեցին խաղաղության ևս երկու կողմնակիցների՝ Սամադ Շիխիին և Ջավիդ Աղային, երբ նրանք փորձում էին հեռանալ երկրից։ Շիխին և Աղան շուտով ազատ արձակվեցին՝ նշելով, որ իրենց բերման էին ենթարկել Սամադովի դեմ ցուցմունք տալու նպատակով։ Ավելի ուշ Աղան հայտնեց, որ իր նկատմամբ սահմանվել է երկրի սահմանները անորոշ ժամկետով լքելու արգելք։ Այդ մարդիկ թեև բանտում չեն, բայց փաստացի բանտարկված են իրենց երկրի ներսում՝ հնարավորություն չունենալով լքել Ադրբեջանը։
Խաղաղության շուրջ խոսակցության «էմբարգոն» դրված է հենց Ալիևի կողմից, քանի որ թշնամանքի ու ատելության քարոզչության պահպանումը նրա վարչակարգի կարևոր հենասյուներից մեկն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թե 2020 թվականից առաջ, և թե՛ 2020-ից հետո մշտապես օգտագործել է սադրիչ և ատելությամբ լի բառապաշար՝ հայերին կոչելով «դավաճան թշնամի», «արյունարբու թշնամի», «հայ վանդալներ», «հայ վայրենիներ» և ասելով, թե «հայերը ցույց են տվել իրենց բարբարոսությունը»։ Չնայած նման հռետորաբանությունը նորություն չէ Ալիևի համար, որը տասնամյակներ շարունակ ատելության խոսք է տարածել հայերի նկատմամբ, սակայն եկեք ընդունենք, որ խաղաղության մասին առավոտից երեկո չդադարող քննարկումների համատեքստում, որոնք առկա են մեր հանրային տիրույթում, Ալիևի կողմից այս քաղաքականության շարունակությունը, մեղմ ասած, համահունչ չէ։ Ավելին, այն հրահրում է ագրեսիա, թշնամանք և խթանում պատերազմական հռետորաբանությունը։
Այն, որ Ալիևը չի ուզում, որ Հարավային Կովկասում իրական խաղաղություն հաստատվի, ակնհայտ էր ի սկզբանե։ Նրա գործողությունները, ինչպես օրինակ՝ Արցախի՝ տաս ամիս տևած շրջափակումը, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը հարկադրված լքեց իրենց հայրենիքը, նրա մտադրությունների հստակ ցուցիչներից էին։ Չնայած դրան՝ շատերը, այդ թվում՝ Հայաստանի որոշում կայացնող շրջանակները, հավանաբար հավատում էին, թե նրա թշնամական տրամադրությունները վերաբերում էին միայն Լեռնային Ղարաբաղին ու այնտեղ ապրող հայերին։ Ժամանակը ապացուցեց, որ այդ ենթադրությունը սխալ էր. Ալիևը շարունակաբար ավելի հստակ կերպով ցույց է տալիս և հաստատում իր ծավալապաշտական ու զավթողական հավակնությունները։
2024 թվականի սեպտեմբերի 20-ին, օկուպացված Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ, Ալիևը բացահայտ հայտարարեց․
«Օկուպացիայի տարիներին տարբեր մայրաքաղաքներից ժամանած հյուրերն անընդհատ կրկնում էին, թե այս հակամարտության համար ռազմական լուծում չկա։ Դուք գուցե հիշում եք այդ թեզը. «Ռազմական լուծում չկա, պետք է լուծվի խաղաղ ճանապարհով․․․Իսկ ի՞նչ էին ուզում մեզնից։ Ուզում էին, որ հաշտվենք պարտության հետ։ Ուզում էին, որ մեր ժողովուրդը հաշտվի այդ պարտության հետ։
Մեկ այլ պնդում էլ կար՝ պետք է սկսել համագործակցել Հայաստանի հետ։ Ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով անցկացվում էին տարբեր սեմինարներ։ Մեր հասարակության որոշ ներկայացուցիչներ վաճառվեցին օտար շրջանակներին, մասնակցեցին այդ դասընթացներին, շփվեցին հայերի հետ, պայմանավորվածություններ ձեռք բերեցին, համատեղ հանդիպումներ կազմակերպեցին նրանց հետ։ Իսկ ինչպիսի՞ շփումներ կարող էինք ունենալ արյունարբու թշնամու հետ, որը Խոջալուի ցեղասպանությունն էր կազմակերպել և մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը քարուքանդ արել էր Ղարաբաղի տարածաշրջանում։ Բայց նրանց նպատակը, ովքեր ուզում էին պահպանել այդ օկուպացիան, այն էր, որ ապագա սերունդը, երիտասարդ սերունդը, այլևս չցանկանար պատերազմ, որ մենք հաշտվեինք Հայաստանի հետ, և այդ կերպ օկուպացիան մնար ուժի մեջ։ Բայց մենք՝ ադրբեջանցի ժողովուրդն, այդ բոլոր ծրագրերը խափանեցինք, տապալեցինք դրանք»։
2020 թվականից հետո Ալիևը իր խոսույթում առաջ է քաշում երկու հիմնական թեզ։ Նախ՝ նա վերահաստատում է, որ չի ցանկացել գնալ փոխզիջման վրա հիմնված խաղաղ լուծման տարբերակով։ Հիշենք, օրինակ, 2023 թվականին նրա հայտնի հայտարարությունը, որ «պատերազմը կյանքի առաքելություն է», այսպիսով ամբողջությամբ մերժելով ոչ ռազմական լուծումների հնարավորությունը։ Երկրորդ՝ նա փակել է հաշտեցման և խաղաղության շուրջ ցանկացած քննարկման հնարավորություն, դարձնելով խաղաղ կարգավորումը անհասանելի։
Ալիևը կրկին ընդգծում է, որ արգելափակել է խաղաղության կամ հաշտեցման վերաբերյալ քննարկումների բոլոր ուղիները ադրբեջանցիների՝ մասնավորապես երիտասարդների շրջանում։
«Տարբեր պատրվակներով՝ համագործակցություն Հայաստանի հետ, տարբեր ՀԿ-ների միջոցով շփումների հաստատում՝ մարդկանց և հասարակություններին խաղաղության նախապատրաստելու նպատակով, փորձում էին հասնել նրան, որ Ադրբեջանում մեծացող սերունդը մեծանա այլ ոգով։ Բայց մեր նպատակն այն էր, որ մեծացող սերունդը լինի հայրենասեր, երբեք չհաշտվի այս անարդարության հետ, և եթե մեզ չհաջողվի վերականգնել այս պատմական արդարությունը, ապա դա պետք է անեն ապագա սերունդները», – հայտարարել էր Ալիևը 2024 թվականի հունվարի 10-ի իր ելույթում։
Այս երկու դիրքորոշումները լրացնում էին միմյանց։ Մի կողմից՝ Ալիևը մերժում էր դիվանագիտական խաղաղությունը՝ նախընտրելով պատերազմ՝ իր նպատակներին հասնելու և Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայությունն իսպառ վերացնելու համար։ Մյուս կողմից՝ իր ավտորիտար ռեժիմում նա ճնշում էր և շարունակում է ճնշել ցանկացած երկխոսություն ադրբեջանական և հայկական հասարակությունների միջև՝ խեղդելով այլընտրանքային տեսակետներն ու հաշտեցման ցանկացած ջանք։ Այս վտանգավոր դինամիկան շարունակվում է անգամ այն բանից հետո, երբ Ալիևն արդեն հասել է իր նպատակներին Լեռնային Ղարաբաղում։ Ինչը նշանակում է, որ Ադրբեջանի զավթողական ծրագրերն Արցախով չեն բավարարվելու։ Ավելին, նա չունի խաղաղության կառուցման որևէ իրական միտում։
Մոտ չորս տարի տևած խաղաղության բանակցություններից հետո՝ որոնք հիմնականում ուղեկցվել են հայկական կողմի միակողմանի զիջումներով (ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելը և Տավուշում արված զիջումները՝ «խաղաղության համաձայնագրի» հեռանկարով), այժմ Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում, որոնք համաձայնագրի կնքումը դարձնում են անհնար։ Ալիևը շարունակ բարձրացնում է իր ստորագրության գինը՝ միևնույն ժամանակ շարունակում է արգելափակել խաղաղության ու բարիդրացիության մասին որևէ հանրային քննարկում։
Նրանք, ովքեր փորձել են նպաստել հայ-ադրբեջանական հնարավոր հաշտեցմանը, ենթարկվում են ճնշումների և ազատազրկման։ Բահրուզ Սամադովը բազմաթիվներից մեկն է ընդամենը, որը պատժվում է խաղաղության մասին խոսելու համար։ Փաստացի, խաղաղության մասին խոսելը հանցանք է Ադրբեջանում։ Մինչդեռ զուգահեռ իրականության մեջ ՀՀ իշխանությունները հայ հանրությանը փորձում են համոզել, որ խաղաղությունը երբեք այսքան հնարավոր չի եղել Ադրբեջանի հետ․․․
Տաթևիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
պատմական գիտությունների թեկնածու,
Ադրբեջանի հարցերով փորձագետ