Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հստակ նշենք այն երկրները, որոնք ցանկանում են խաթարել մեր կազմակերպության արժեքները»․ Ֆրանկ Շվաբեն՝ ԵԽԽՎ-ի մարտահրավերների մասին

Հունիս 24,2025 17:48

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան մեր կազմակերպության հարստությունն է և մարդու իրավունքների հարստությունը Եվրոպայում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի սիրտն է։ Մենք պետք է պաշտպանենք Կոնվենցիան և Եվրոպական դատարանը»,-ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի առաջընթացի զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի անդամ, ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։

Խոսելով մարտահրավերների մասին՝ Ֆրանկ Շվաբեն ցավով նշեց․ «Հասկանում եմ, որ որոշ երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը և Բելառուսը, չարաշահում են միգրանտներին՝ այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմ և հարձակում կազմակերպելու համար: Բայց մենք Եվրոպայի խորհուրդն ենք և գործում ենք հանուն մարդու իրավունքների։ Մարդու իրավունքները վավեր են: Դրանք վավեր են բոլոր մարդկանց համար, որտեղ էլ որ լինեն, ինչ էլ որ արել են»։

Ֆրանկ Շվաբեն փաստեց՝ Եվրոպայի խորհուրդը գտնվում է պատմական խաչմերուկում․ «Ինչպե՞ս կարող ենք մենք չլինենք խաչմերուկում, եթե աշխարհը խաչմերուկում է, և եթե Եվրոպան է խաչմերուկում։ Եվրոպայի խորհուրդը երկխոսության կազմակերպություն է։ Շատ լավ է նստել այստեղ ձեզ հետ միասին և խոսել այս կազմակերպության ապագայի մասին։ Բայց մենք Եվրոպայում ունենք տարբեր երկխոսության ֆորումներ։ Եվրոպական Միության շուրջ կա նոր ֆորում՝ գրեթե նույն անդամակցությամբ, ինչ Եվրոպայի խորհրդում։ Սա երկխոսություն վարելու հնարավորություն է։ Երկխոսությունը կարևոր է։ Բայց ո՞րն է մեր կազմակերպության էությունը։ Այն, ինչ մենք կարող ենք անել ուրիշներից ավելի, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը պաշտպանելն է։ Մենք այդ արժեքների և կանոնների պահապաններն ենք։ Եվ սա այն է, ինչ մենք միշտ պետք է իմանանք։ Բայց նաև մենք պետք է հստակ նշենք այն երկրները, որոնք ցանկանում են խաթարել մեր կազմակերպությունը՝ մեր կանոններով և մեր արժեքներով։ Եվ հարց է, թե ինչպե՞ս ենք մենք վարվում այդ երկրների հետ։ Անշուշտ, մենք ուզում ենք բոլորին մեր կողքին պահել, քանի որ մենք հոգ ենք տանում այդ երկրներում ապրող մարդկանց մասին։ Բայց եթե նրանց՝ մեր կողքին պահելու գինը պետք է լինի մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը կորցնելը, ապա այդ գինը չափազանց բարձր է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30