Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հուշապատում ամփոփվեց Ռաֆայել Լեմկինի գերեզմանից բերված հողը

Հունիս 24,2025 17:59

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի և ցեղասպանություն եզրույթի հեղինակ, միջազգային իրավունքի ականավոր գործիչ Ռաֆայել Լեմկինի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ այսօր՝ հունիսի 24-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ տեղի ունեցավ Ռաֆայել Լեմկինի գերեզմանից բերված հողի` Հուշապատում զետեղման և հուշաքարի բացման հանդիսավոր արարողությունը՝ ի նշան ցեղասպանությունների ճանաչման և կանխարգելման գործում նրա ունեցած մեծ ավանդի։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարչին Ռուժեցկին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ, ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ Գերաշնորհ Տեր Շահան Արք. Սարգսյանը, ում նախաձեռնությամբ ԱՄՆ Արևելյան Թեմի Առաջնորդ Անուշավան Արք․ Դանիելյանը Նյու Յորքի Մաունթ Հեբրոն գերեզմանոցում թաղված Ռաֆայել Լեմկինի գերեզմանից վերցրել էր հողը և փոխադրել Բեյրութ, այնտեղից էլ` Հայաստան, Զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի [National Center Development Foundation] տնօրեն Հրաչյա Մարգարյանը և այլք:

Բացման խոսքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց. «Այսօր մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում Ռաֆայել Լեմկինի իրավական ժառանգությանը, այլև նրա բարոյական համոզմունքին։ Նա հավատում էր, որ հիշողությունն առանց պատասխանատվության դատարկ է, և արդարությունն սկսվում է ճշմարտությունն իր անունով կոչելուց։ Լեմկինը հայ չէր։ Նա երբեք չէր այցելել Հայաստան։ Սակայն Հայոց ցեղասպանությունն էր, որ խորը հետք թողեց նրա հոգու մեջ և դարձավ նրա իրավական մտածողության ելակետը։ Նա էր, որ ձևակերպեց այդ սարսափելի հանցագործությունը և մինչև կյանքի վերջ պայքարեց, որպեսզի այն այլևս երբեք անպատիժ չմնա»։

Հուշաքարի բացման արարողությունից հետո արդեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում բանախոսություններով հանդես եկան ՀՑԹԻ գիտաշխատող, պ.գ.թ. Նարեկ Պողոսյան (թեմա՝ Raphael Lemkin and the Armenian Genocide/Ռաֆայել Լեմկինն ու Հայոց ցեղասպանությունը) և լեհ հետազոտող, ռազմական լրագրող Վիտոլդ Ռեպետովիչը (թեմա՝ Raphael Lemkin’s legacy and its relevance in today’s world/ Ռաֆայել Լեմկինի ժառանգությունն ու նրա արդիականությունը ժամանակակից աշխարհում):

Միջոցառման ավարտին ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ Ռաֆայել Լեմկինի աշխատանքների ուսումնասիրման և հանրահռչակման, ինչպես նաև մարդու իրավունքների համար պայքարի ու ուսումնասիրության գործում ունեցած նշանակալի ավանդի համար նոր թողարկված Ռաֆայել Լեմկին հուշամեդալներով պարգևատրեց Նարեկ Պողոսյանին և Վիտոլդ Ռեպետովիչին: «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ, ՀՑԹԻ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Գերաշնորհ Տեր Շահան Արք. Սարգսյանին էլ տրվեց շնորհակալագիր՝ Ռաֆայել Լեմկինի գերեզմանից հողի տեղափոխումը նախաձեռնելու համար:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30