Հայտնի հայազգի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ծայրահեղ մտահոգիչ է: Մեր ժողովրդի արժանավոր զավակն իր ողջ կյանքի ընթացքում ջանք չի խնայել Հայաստանի և Արցախի պետականության կայացման, աշխարհի տարբեր հատվածներում հայկական գաղթօջախների բարեկեցությանն ու բարօրությանը ծառայելու գործում:
Սամվել Կարապետյանի գործունեությունը հայտնի է ամբողջ աշխարհում, դրա մասին ավելորդ է խոսել: Լինելով հաջողակ գործարար, նա իր կարողություններն ու կապերն ի սպաս է դրել մեր հայրենիքի ու ժողովրդի համար ամենածանր պահերին: Հայաստանի անկախացումից և Արցախի ազատագրումից հետո, Կարապետյանի կողմից իրականացված ներդրումները մեր հայրենիքում 100 միլիոնավոր դոլարների է հասել:
2020-ի պատերազմից և 2023-ին արցախահայերի հայրենազրկումից հետո, իր գործընկերների հետ մեկտեղ Սամվել Կարապետյանը շարունակել է աջակցել մեր պետությանն ու հայկական օրակարգին: Մեր հավաքական ինքնության և պետության բացակայության պայմաններում պատմականորեն կարևորագույն դերակատարություն ունեցած Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն Կարապետյանի աջակցությունը եղել է և շարունակում է առանցքային լինել:
Մինչ մեր ժողովրդի մեկ այլ ազգային գործիչ Ռուբեն Վարդանյանն ապօրինաբար պահվում է ադրբեջանական բանտում, Սամվել Կարապետյանին ազատությունից զրկել են հենց հայրենիքում: Ավելին, Արցախում նրա կողմից իրականացված բազմաթիվ մարդասիրական ծրագրերի համար մինչ այս Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի հետապնդում է սկսվել Ադրբեջանում:
Կարդացեք նաև
Խոսքի ազատության իր սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացուն կալանավորելը հեռու է ժողովրդավարությունից, ինչի մասին խոսելու առիթը բաց չի թողնում գործող քաղաքական վարչակազմը:
Զուգահեռաբար, Կարապետյանի մասշտաբի խոշոր գործարարին քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկելն ու նրա ունեցվածքն ազգայնացնելու վերաբերյալ հնարավոր որոշումը ուղիղ հարված է դառնալու Հայաստանի միջազգային հեղինակությանն ու ներդրումային հեռանկարներին:
Սամվել Կարապետյանն օրինապաշտ քաղաքացի է, որն արժանի չէ բանտում անգամ մեկ օր անցկացնել: Հայաստանի քաղաքական իշխանությանը կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Կարապետյանին, ինչպես նաև կառուցողական երկխոսության միջոցով լուծումներ գտնել պետություն-եկեղեցի ահագնացող հակասությունների շուրջ:
Վտանգներով լի համաշխարհային գործընթացներում մեր ժողովրդի և պետության համար օրհասական այս պահին առավել քան կարևոր է համերաշխություն հաստատելը, Սամվել Կարապետյանին ազատ արձակելը այս նպատակի ուղղությամբ նշանակալի քայլ կլինի:
Գագիկ Ադիբեկյան
Լյուքսեմբուրգի հայ համայնք
«AFFA» հիմնադրամ (Adibekyan Family Fund for Advancement)