Լրահոս
Օրվա լրահոսը

UCLA-ը կազմում է Հայոց ցեղասպանության ժամանակ Թուրքիայի կողմից բռնագրավված հայկական ունեցվածքի ցուցակը

Հունիս 24,2025 22:03

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Խոստում» հայկական ինստիտուտի շրջանակներում գործող Հայոց ցեղասպանության հետազոտական ծրագիրն (AGRP) անցյալ շաբաթ մեկնարկեց մի բեկումնային նախագիծ, որը հայերին հնարավորություն կտա փոխհատուցում ստանալ իրենց ունեցվածքի համար, որը բռնագրավվել էր թուրքական կառավարության կողմից ցեղասպանության ընթացքում և դրանից հետո։

Բացի 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանդից, թուրքական կառավարությունը բռնազավթել է նաև նրանց հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, և բռնագրավել նրանց ունեցվածքը։ UCLA-ի նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ բոլոր բացակայող տեղեկությունները հավաքված են մեկ պահոցում։

Հունիսի 16-ին կայացած վեբինարի ժամանակ AGRP-ի տնօրեն, պրոֆեսոր Թաներ Աքչամը լուսաբանեց ցեղասպանության ընթացքում և դրանից հետո հայկական հարստության համակարգված բռնագրավումն ու վերաբաշխումը, որը թուրքական կառավարության կողմից նկարագրվել է որպես «լքված ունեցվածք» (Emval-i Metruke):

Անկախ թուրք հետազոտող Սաիթ Չեթինօղլուն տարիներ է անցկացրել հավաքելու այս գույքերի համար կառավարության աճուրդի հայտարարությունները, որոնք 1920-ական և 1930-ական թվականներին հայտնվել էին թուրքական 34 մեծ ու փոքր քաղաքների տեղական թերթերում: Չեթինօղլուն այս հայտարարությունները հանձնել է UCLA-ին, որը թվայնացրել և թարգմանել է դրանք օսմաներենից ժամանակակից թուրքերենի և անգլերենի: Դրանք հասանելի են հետևյալ հասցեով:

UCLA-ի կայքում տեղադրված 31 էջանոց համապարփակ զեկույցում Չեթինօղլուն և Աքչամը մանրամասն նկարագրել են թուրքական կառավարության հակասական և խաբուսիկ հրամանները բռնագրավված հայկական ունեցվածքի տնօրինման վերաբերյալ. «1915 թվականի մայիսի 27-ին պաշտոնական հրաման է տրվել, որից կարճ ժամանակ անց սկսվել է հայկական ունեցվածքի լայնածավալ բռնագրավումը։ 1915 թվականի մայիսի 31-ին Օսմանյան նախարարների խորհուրդը հրամանագիր է հրապարակել, որը պաշտոնապես կարգավորում է հայկական ակտիվների «բռնագրավումը», որին հաջորդել է հունիսի 10-ի ավելի մանրամասն 34 հոդվածից բաղկացած հրամանագիրը։

Ամռան ընթացքում տարբեր նահանգներ են ուղարկվել հատուկ շրջաբերականներ, որոնք ավարտվել են 1915 թվականի սեպտեմբերի 26-ի պաշտոնական օրենքով և նույն թվականի նոյեմբերի 8-ի կիրառման հրամանագրով։ Այս օրենքներն ու հրամանագրերը սահմանում էին, որ հայկական բոլոր շարժական և անշարժ գույքերը պետք է գրանցվեն պաշտոնական գրանցամատյաններում, և դրանց արժեքը պետք է հատկացվի հայերին իրենց նոր բնակավայրերում… [Սակայն], Օսմանյան արդարադատության, ֆինանսների և ներքին գործերի նախարարությունների համատեղ հանձնաժողովի 1918 թվականի զեկույցում հստակ նշված է, որ ոչ մի հայ փոխհատուցում չի ստացել իր բռնագրավված ունեցվածքի համար։ Փաստորեն, Օսմանյան պետությունն է դարձել … ավարի գլխավոր շահառուն՝ օգտագործելով այս ակտիվները և դրանց վաճառքից ստացված եկամուտները տարբեր պետական հաստատություններ ֆինանսավորելու համար»։

Չեթինօղլուն և Աքչամը բացատրել են, որ 1922 թվականին Օսմանյան կայսրության փլուզումից հետո նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունը «վերահսկողություն ստանձնեց մնացած հայկական ունեցվածքի մեծ մասի նկատմամբ։ Սակայն նորաստեղծ պետությունը բախվեց զգալի ֆինանսական դժվարությունների։ Դրա հետևանքով, սկսած 1923 թվականից, տարբեր պետական հաստատություններ սկսեցին աճուրդի հանել այդ թալանված հայկական ունեցվածքը։ Այս վաճառքների մասին պաշտոնական ծանուցումները պարբերաբար հրապարակվում էին տեղական թուրքական թերթերում»։

Օրինակ, 1931 թվականի սեպտեմբերի 14-ին «Դիարբեքիր»ի (Դիգրանագերդ) թերթում հայտարարվում էր, որ 1931 թվականի սեպտեմբերի 17-ին Ալի Փինար գյուղում Օհանի դստեր՝ Հաթունի (Խաթուն) անունով գրանցված տան համար աճուրդ կանցկացվի, որը 20 լիրայով վաճառվել է Կարա Քիլիսեի փախստականներից Շեյմուսին (Ահմեթի որդուն):

Հաշվարկված է, որ բռնագրավված հայկական ընդհանուր ունեցվածքը, այդ թվում՝ հարյուր հազարավոր տներ և շենքեր, գործարաններ, հանքեր, մեկ միլիոնից ավելի ակր հողատարածք, խաղողի այգիներ, ձիթենու այգիներ, թթենու այգիներ, մոտ 2500 եկեղեցիներ և 1000 դպրոցներ, այժմ արժեն հարյուրավոր միլիարդ դոլարներ։

Բռնագրավված հայկական ունեցվածքը բաշխվել էր տարբեր թուրքական կառույցների։ Ըստ Չեթինօղլուի և Աքչամի՝ «ինչպես Միություն և առաջադիմություն կոմիտեի ժամանակաշրջանում», Թուրքիայի Հանրապետությունն այս ունեցվածքների մի մասը փոխանցել է «ընկերություններին՝ ազգային արդյունաբերությունը և մահմեդական բուրժուազիան զարգացնելու համար, իսկ մի մասը հատկացվել է Հանրապետական ​​ժողովրդական կուսակցությանը՝ այդ ժամանակաշրջանի միակ կուսակցությանը… Շատ անշարժ գույք, ըստ անհրաժեշտության, բաշխվել է տարբեր հաստատությունների, ինչպիսիք են՝ ասոցիացիաները, պետական ​​հաստատությունները, քաղաքապետարանները, առևտրի պալատները, արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը, Կարմիր մահիկը և բանկերը։ Մի խոսքով, կարելի է ասել, որ [թուրքական] հասարակության յուրաքանչյուր հատված օգտվել է հայկական ունեցվածքից»։

Քեմալական ժամանակաշրջանում բռնագրավված հայկական կալվածքները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. «Հողի վաճառք և բաշխում մահմեդականներին»։
  2. «Հատկացում և վաճառք ներգաղթյալներին (մուհաջիր)»։
  3. «Փոխանցում և հատկացում պետական ​​հաստատություններին»։
  4. «Հատկացում զինվորականներին»։
  5. «Հատկացում և վարձակալություն բանկերին, Առևտրի պալատին և ապրանքային բորսային»։
  6. «Վաճառք ընկերություններին»։
  7. «Հատկացում, վարձակալություն և վաճառք վարչակազմի հետ կապված հաստատություններին, ինչպիսիք են «Թուրքական օջախը», «Կարմիր մահիկը», «Ուսուցիչների միությունը» և «Տրապիզոնի մարզական ակումբը»։
  8. «Հատկացում «Միություն և առաջադիմություն» երիտթուրքական կուսակցության ղեկավարների ընտանիքներին», որոնք սպանվել են հայերի կողմից, ինչպիսիք են Թալեաթ և Ջեմալ փաշաները, Ջեմալ Ազմին և Բահաեդդին Շաքիրը՝ համաձայն 1926 թվականի մայիսի 31-ին Թուրքիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի։

Այժմ հայ համայնքի պարտականությունն է վերցնել UCLA-ի կողմից հավաքված այս արժեքավոր տեղեկատվությունը և դատական ​​​​հայցեր ներկայացնել Թուրքիայի դեմ ԱՄՆ դաշնային դատարաններում՝ պահանջելով արդարացի փոխհատուցում բռնագրավված հայկական ունեցվածքի համար։

Ինչպես գրել էի անցյալ ամիս, ամերիկահայերը պետք է կոչ անեն ԱՄՆ Կոնգրեսին ընդունել օրենք, որը պետք է ստորագրի Միացյալ Նահանգների նախագահը, որը հնարավորություն կտա դատական ​​հայցեր ներկայացնել Թուրքիայի Հանրապետության դեմ՝ բռնագրավված գույքի դիմաց փոխհատուցում ստանալու համար: Այս նոր օրենքը հայերին թույլ կտա դատական ​​հայցեր ներկայացնել վաղեմության ժամկետի լրանալուց շատ ավելի ուշ:

ԱՄՆ դատարանները կարող են պարտավորեցնող որոշումներ կայացնել Թուրքիայի դեմ՝ հայերին իրենց կորուստների համար փոխհատուցում վճարելու համար: Եթե Թուրքիան հրաժարվի կատարել դրանք, դատարանները կարող են որոշում կայացնել Միացյալ Նահանգներում գտնվող թուրքական կառավարությանը պատկանող բոլոր ակտիվների, ինչպիսիք են շենքերը, բանկային հաշիվները և «Թուրքական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռները բռնագրավելու մասին:

UCLA-ը, որպես ակադեմիական հաստատություն, իր բաժինը կատարել է հայ ժողովրդի կողմից բռնագրավված ունեցվածքի այս արժեքավոր ցուցակը կազմելու գործում: Այժմ հայ համայնքի հերթն է դատական ​​​​գործողություններ սկսել՝ Թուրքիայից լիարժեք փոխհատուցում պահանջելու համար:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30