Բաց երկնքի տակ երբեմնի թանգարան համարվող երկիրս վերածվում է մի բացօթյա հոգեբուժարանի, որտեղ ի պաշտոնե սպիտակ բաճկոնն առաջին հագնող և իրեն բժիշկ երևակայող Նիկոլը մնացածիս հետևողականորեն հասցնում է հոգեխանգարմունքի։
Սոցիալական ինժեներիայի անբարոյական կիրառումը, որ սկսվեց 2018-ից իրականացվել մեր երկրում, գնալով ավելի գարշելի «նշաձողեր» է սահմանում և վարչապետի իմիտատորի թեթև ձեռքով հասել է արդեն ֆալլդրսևորումների՝ թե՛ ձևով, թե՛ բովանդակությամբ։
Այս մղձավանջային առօրյայի ֆոնին բացառիկ առողջացնող և սթափեցնող են մնում քաղաքական բանտարկյալ, ազգային բարերար Սամվել Կարապետյանի լակոնիկ, բայց խիտ ուղերձները, որոնք թթվածնի էֆեկտ ունեն նիկոլական քարոզչության գարշահոտա-ներքնաշորային լրահոսի ֆոնին։
Կարապետյանի վերջին գրառումը հատկապես կարևոր է՝ հանրային համերաշխության վերականգնումը հասարակական և պետական առողջացման կարևորագույն և կենսական նախապայման է, առանց որի Հայաստանի վերականգնմանն ուղղված և ոչ մի ձեռնարկ չի հաջողելու։ Պատահական չէ, որ այս նույն շեշտադրումն արվեց նաև երրորդ նախագահի կողմից Հանրապետականի 35-ամյակին նվիրված ծրագրային ելույթում։
Կարդացեք նաև
Բացահայտ և ապօրինի քաղաքական հետապնդման ենթարկվող, բայց իր պայքարը, այնուամենայնիվ, անկոտրում կերպով շարունակող Սամվել Կարապետյանի կերպարի ֆոնին առավել տարակուսելի և անփառունակ են դիտվում թե՛ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի տորպեդահարման համառ փորձերը, թե՛ նույն ճամբարին պատկանող, փաշինյանական հակահիգիենիկ քարոզչամեքենային իր հակասանիտարականությամբ ոչնչով չզիջող թևի անբարեխիղճ թունազատումները Հանրապետականի և երրորդ նախագահի հասցեին, որոնք նոր թափ ստացան դեպի Մայր Աթոռ կազմակերպված և անգամ միջազգային մամուլի գլխագրերում տեղ գտած երթից հետո։
Զազրելի է դիտել, թե ինչպես նույն երկրորդ նախագահի ազատազրկման ժամանակ Նիկոլի հետ համագործակցության եզրեր գտնելու սին ջանքերը անդադար գործադրող շրջանակները հիմա էլ նեղսրտած են մեր կողմից, մեր ուժերի ներածին չափով Սամվել Կարապետյանին ցուցաբերվող համեստ աջակցության փաստից։
Մանր նախանձը մոտիվացիա դարձրած փոքրոգի մարդկանց տիպիկ խասյաթ. իրենք ոչ մի լուրջ բան անել չեն կարող / չեն ուզում / չեն ֆայմում, անողներին էլ «խաղողը թթու էր» տրամաբանությամբ ջանում են անուն կպցնել։ Թեպետ զարմանալու բան չկա, ողջ անփառունակ կարիերայի ընթացքում քաղաքական մակաբուծությունը փեշակ սարքածների հերթական բիզնես-պրոյեկտն է։
Ափսոս, որ երկրորդ նախագահի թիմը փաստացի լեգիտիմացրեց այդ տեսակն իրենց ճամբարում։
Ակնհայտ է մեկ բան. ոչ թե Կարապետյանն ունի մեր կարիքը, այլ Հայաստանը՝ Կարապետյանի։ Մնացած պառակտիչ, թունավոր և թերարժեք պոնտերը թողնենք դրանց պատվիրատուների և կատարողների՝ երկրի հաշվին երկարատև արձակուրդի մեկնած խղճին։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
«ՁՈՐԱՂԲՅՈՒՐ» ՏԿՀ
24.06.2025
Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։
Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։
Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը։