Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորումը «ժամանակի հարց է»… Բայց դա երբ կլինի` ՀՀ իշխանությունը դարձյալ չգիտի
Ստամբուլի Դոլմաբահչե պալատում հունիսի 20-ին կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության` կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, ընդգծել կառուցողական երկխոսության շարունակականության եւ կոնկրետ արդյունքների հասնելու կարեւորությունը, անդրադարձել են նաեւ տարածաշրջանային իրադարձություններին եւ այդ համատեքստում երկկողմ համագործակցության հնարավոր ուղղություններին։
«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործընթացին եւ շեշտել հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շարունակականության իր հանձնառությունը։ Երկու երկրների ղեկավարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու ուղիղ կապերն ու երկխոսությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ», նշվել է վարչապետի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատումը նոր զարկ կտա Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնողական աշխատանքներին, Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից առաջ հայտարարել էր Թուրքիայի նախագահը։
Կարդացեք նաև
Հայկական կառավարական պատվիրակության կազմում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնաց, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Թեեւ Հայաստանի ղեկավարները տարբեր առիթներով նախկինում մեկնել են Թուրքիա, բայց Փաշինյանի այցը առաջինն է, որի առիթը ոչ թե պաշտոնական կամ ոչ պաշտոնական միջոցառումներն են՝ երդմնակալություն կամ ֆուտբոլային հանդիպում, այլ` երկկողմ բանակցությունները:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ Էրդողանը հյուրընկալեց «իր եղբորը՝ Իլհամ Ալիեւին»։ Վերջին մեկ ամսվա ընթացքում սա Ալիեւի եւ Էրդողանի արդեն երկրորդ հանդիպումն էր։ Էրդողանն ու Ալիեւը մասնակցել էին 2023թ. երկրաշարժից հետո թուրքական Կահրամանմարաշում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։ Ադրբեջանի պետական միջոցներով վերակառուցվող բնակավայրն Ալիեւին դիմավորեց ամենուր ծածանվող ադրբեջանական եռագույններով եւ հոր՝ Հեյդար Ալիեւի դիմանկարով հսկայական պաստառներով։ «Իմ թանկագին եղբոր հետ իմ մասնակցությունը Ադրբեջանական թաղամասի բացմանը եւս մեկ անգամ վկայում է մեր միասնության եւ բարեկամության մասին», – ասաց Ալիեւը։ «Պատերազմի առաջին ժամերին Թուրքիայի նախագահի եւ ժողովրդի կողմից ցուցաբերված քաղաքական եւ բարոյական աջակցությունը, համերաշխությունը բազմապատկեց մեր ուժը»,- ասել էր Ադրբեջանի նախագահը։ Նա նաեւ պնդել էր՝ թուրք-ադրբեջանական եղբայրությունը կարեւոր գործոն է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում. «Մենք բարեկամներ ենք, եղբայրներ, դաշնակիցներ։ Թուրքիան եւ Ադրբեջանը, որպես երկու եղբայրական երկիր, ձեռք ձեռքի տված եւ հաջողությամբ առաջ են շարժվում, համագործակցելով քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ այլ ոլորտներում»։
Էրդողան-Ալիեւ հանդիպումը կայացավ թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների ֆոնին, որոնք տեղի են ունենում Հայաստանին սահմանակից Նախիջեւանում։ 11-օրյա վարժանքների ընթացքում, ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրությունում, երկու երկրների զինված ուժերի «Տանկային եւ դիվերսիոն ստորաբաժանումները տարբեր ուսումնամարտական խնդիրներ կիրականացնեն հրետանու, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների եւ ավիացիայի աջակցությամբ։ Եվս մեկ համատեղ զորավարժություն էլ նախատեսված է հունիսի 20-30-ը՝ «Մուստաֆա Քեմալ ATATURK-2025» խորագրի ներքո։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հրավիրել Երեւան՝ մասնակցելու 2026թ. մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել է Թուրքիայում լույս տեսնող ԱԿՕՍ թերթը՝ նշելով, որ Հայաստանի առաջնորդը սրա մասին հայտարարել է Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Խոսելով Թուրքիա կատարած իր այցի եւ նախագահ Էրդողանի հետ կայանալիք հանդիպման մասին, Փաշինյանն ընդգծել է, որ «կարեւոր է նման հանդիպում անցկացնել միջազգային զարգացումների առկայության դեպքում, եւ ասել, որ այս շրջանակներում կա նոր հարաբերություններ զարգացնելու հնարավորություն»։ «Փաշինյանն ասել է, որ երբ սկսվել է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը, հարց է առաջացել՝ կհաջողվի՞, ապա ասել է՝ խնդիրները պետք է ճիշտ սահմանվեն, մենք քայլ ենք արել ճանապարհի վրա, խնդիրները լուծելու ամենակարեւոր ճանապարհը դիմացինին լսելն ու հաջողությանը հավատալն է», -գրել էր ԱԿՕՍ պարբերականը։
Փաշինյանը մինչ Էրդողանի հետ բանակցությունները, ավելի վաղ հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցի: Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերություններ հաստատելու օրակարգն է այցի հիմքում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը շեշտել է Փաշինյանը: Փաշինյանը, ըստ Արա Գոչունյանի` որեւէ փաստաթղթի ստորագրման մասին չի խոսել: Շեշտը դրել է Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման վրա: «Հայաստանում վերջին շրջանում հնչած որոշ հայտարարություններ այստեղ էլ կրկնեց, Ստամբուլում էլ կրկնեց պարոն վարչապետը, մանավանդ այն իմաստով, որ Թուրքիա -Հայաստան հարաբերությունների կարգավորումն արդեն ժամանակի հարց է: Բայց էդ ժամանակը, իհարկե, ուշ կլինի, շուտ կլինի, չի լինի՝ չենք իմանում, մեր ցանկությունն է, ասաց, այսինքն, որ հնարավորինս գործընթացը թափ ստանա», – փոխանցել էր Գոչունյանը:
Փաշինյանը տեղեկացրել է, որ Էրդողանի հետ Երեւանի առաջ քաշած՝ տարածաշրջանի ապաշրջափակման «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից է ուզում խոսել: «Ինքը ասաց, օրինակ, երկու տարի առաջ, գուցե նույնիսկ վեց ամիս իր կողմից այսպիսի այցելություն անիրատեսական կարող էր համարվել, իսկ արդեն հիմա իրատեսական է այսպիսի բան, հետեւաբար, ասաց, պետք է համբերատար, հետեւողական աշխատանք տանել, որպեսզի Թուրքիա -Հայաստան հարաբերությունների էս որակը փոխվի, եւ նրանց որակի փոփոխությունն արդեն տարածաշրջանի իրադրությունն էլ կարող է պայմանավորի», – նշել է «Ժամանակ»-ի խմբագիրը:
Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչությունը մանրամասներ էր ներկայացրել Ստամբուլում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից։ Ըստ պաշտոնական Անկարայի հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության եւ երկխոսության գործընթացը, մեր տարածաշրջանին վերաբերող ներկա զարգացումները, մասնավորապես՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շփումները։
«Նախագահ Էրդողանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության բանակցություններում ձեռք բերված համաձայնագրի կարեւորության վրա ներկայիս պայմաններում։ Նա հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի զարգացմանն ուղղված ջանքերին՝ «բոլորը միասին շահում են (հաղթանակ-հաղթանակ`win-win)» մոտեցմամբ»», – ասվում է հայտարարության մեջ։
Հանդիպմանը քննարկվել են նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր քայլերը։ «Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան օգտագործում է դիվանագիտության բոլոր միջոցները ոչ միայն Կովկասում, այլեւ ամբողջ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար, եւ որ շարունակում է կապերը առաջնորդների հետ՝ վերացնելու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներով սկսված բռնության պարույրի հետեւանքով առաջացած ռիսկերը»,-ասվում է հայտարարության մեջ։
Այսպես, Հայաստանում Փաշինյանի այցը նրա կուսակիցները «պատմական» են որակում: Փաշինյան-Էրդողան օրակարգը կողմերը չէին հրապարակել, սակայն իշխանության ներկայացուցիչները պնդում էին՝ առանցքում հայ-թուրքական կարգավորումն է եւ նրանք ակնկալում են, որ պայմանավորվածությունները արդյունքի կվերածվեն՝ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, սահմանը կբացվի:
Իսկ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնյան France-Presse-ին հայտնել էր, թե կողմերը կքննարկեն համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու ջանքերը, ինչպես նաեւ Իրան-Իսրայել հակամարտության տարածաշրջանային հետեւանքները։ Թե ինչ պայմանագիր՝ հայ-թուրքակա՞ն, թե՞ հայ-ադրբեջանականն էր նկատի ունեցել պաշտոնյան, պարզ չէր:
Ինչ է ստացվում… 2021 թվականի վերջից ընթացող կարգավորման գործընթացում ո՛չ Երեւանը, ո՛չ Անկարան պաշտոնապես նախապայմաններ չեն դնում, սակայն պաշտոնական Անկարան պարբերաբար Հայաստան-Թուրքիա կարգավորումը կապում է հայ – ադրբեջանական հաշտեցման հետ, անգամ՝ Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանի ճանաչելուց հետո:
Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայտարարվեց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում:
Սակայն, միեւնույն է, հայ-թուրքական կարգավորում տեղի չի ունենում, իսկ Հայաստան-Թուրքիա սահմանը շարունակում է փակ մնալ, դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում, անգամ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ – թուրքական սահմանը բացելու պայմանավորվածությունն արդեն երրորդ տարին է՝ չի կատարվում:
Հետեւաբար, Իրանի շուրջ զարգացումների համատեքստում` Էրդողանի հրավերի հիմքում ի՞նչ է փոխվելու Հայաստան-Ադրբեջան խնդիրներում կարգավորման գործընթացում մոտ ապագայում: Այս հարցն է, թերեւս, ամենահետաքրքրականը:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2025