Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե դատախազը քրեական վարույթի նյութերը չի հանձնում դատարան, ապա մեղադրյալն արդարացվա՞ծ է

Հունիս 25,2025 13:00

Մի շատ կարեւոր խնդիր կա, որն առնչվում է քրեական դատավարության օրենքով նախատեսված ժամկետներում դատախազի կողմից վարույթի նյութերը դատարան չհանձնելու հետ: Այդ խնդիրը դառնում է ուղեկից քրեական շատուշատ վարույթների ժամանակ:

Երեկ տեղեկացա, որ անհատական դիմումով հենց այդ հարցով Սահմանադրական դատարան է դիմել մի քաղաքացի: Նա պնդել է, որ քրեական դատավարության իրավակարգավորումների վերլուծությունը վկայում է, որ մեղադրյալը կարող է հասնել «ապացուցված անմեղության» այն դեպքում, երբ լրացել է մեղսագրված արարքի համար մեղադրյալին քրեական հետապնդման ենթարկելու՝ քրեադատավարական օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը, եւ դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան։ Միեւնույն ժամանակ, մեղադրյալին ընձեռված նշյալ երաշխիքի իրացվելիության ազդակները գալիս են օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասից եւ 194-րդ հոդվածի 2-րդ մասից։ Այսպես, օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասը ե՛ւ քրեական վարույթի հանրային մասնակցի, ե՛ւ քրեական վարույթի մասնավոր մասնակցի համար նախատեսում է հստակ կանոն, որ «Ժամկետն անցնելուց հետո կատարված գործողություններն առաջացնում են անբարենպաստ վարութային հետեւանքներ, եթե ժամկետը չի վերականգնվում»։ Իսկ օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հսկող դատախազը միջնորդությունն ստանալու պահից ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում որոշում է կայացնում քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին կամ որոշմամբ մերժում է միջնորդությունը»:

Հայկ Սմբատյանը (ներկայացուցիչ` փաստաբան Անդրանիկ Մանուկյան) հունիսի 5-ին դիմել է Սահմանադրական դատարան: Նա խնդրել է. Սահմանադրության 66-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասն` այնքանով, որքանով «անհապաղ» եզրույթի իմաստային ծանրաբեռնվածությունը կազմող հստակ կամ որոշակի չափանիշների չնախատեսմամբ քրեադատավարական 2 օրենքի 194-րդ հոդվածի 2-րդ մասը մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքի նկատմամբ պետության կողմից դրսեւորվող միջամտությանը հանդիպակաց՝ իր ապացուցված անմեղությունը փաստագրելու մեղադրյալի երաշխիքը չի դարձնում արդյունավետ կամ գործնական:

Ներկայացնելով թիվ 14110924 քրեական վարույթի որոշակի հանգամանքներն ու դատավարության ընթացքը՝ ներառյալ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով իրականացված թիվ ԵԴ1/0508/11/24 դատական վարույթի դատավարական նախապատմությունը՝ դիմողը գտնում է, որ քրեական դատավարությունում մեղադրյալի անմեղության կանխավարկածի հաղթահարման, այլ կերպ՝ «դրա հերքման ուղղությամբ պետության կողմից կատարվող միջամտությունը պետք է հիմնված լինի այնչափ հստակությամբ ձեւակերպված քրեադատավարական կարգավորումների վրա, որոնք իր անմեղությունը փաստագրելու՝ մեղադրյալին ընձեռված հանդիպակաց երաշխիքի առկայության պայմաններում, այնուամենայնիվ, իրենց կիրառելիության` հստակ արձանագրված ու կանխորոշված սահմաններով թույլ են տալիս անձի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը գնահատել` որպես օրինական»:

Ըստ դիմումատուի` օրենսգրքի վիճարկվող հոդվածների համադրված վերլուծությունից հետեւում է, որ եթե քննիչը մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը հսկող դատախազին չի ներկայացնում անհապաղ, այսինքն, ներկայացնում է օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասում իբրեւ «անհապաղ» բնորոշվող ժամկետի խախտմամբ, ապա նշյալ խախտումը քննիչի, իսկ առավել ընդհանուր ասված՝ քրեական դատավարության հանրային շահի համար պետք է առաջացնի անբարենպաստ վարութային հետեւանք՝ մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին քննիչի միջնորդության մերժման ձեւով՝ նկատի ունենալով այն, որ հսկող դատախազն օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով լիազորված է կայացնել կա՛մ միջնորդությունը բավարարելու, կա՛մ միջնորդությունը մերժելու մասին որոշում: Այսինքն, երբ քննիչը մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը հսկող դատախազին ներկայացնում է օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ոչ անհապաղ, ապա մեղադրյալի քրեական հետապնդման ժամկետն օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի՝ քննիչի միջնորդության մեջ նշված հիմքով այլեւս չի կարող կասեցվել, ինչը նշանակում է, որ եթե օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան ժամկետում կամ այդ ժամկետին նույն 4 հոդվածի 2-րդ մասի հիմքով ավելացված ժամկետում հսկող դատախազը քրեական վարույթի նյութերը չի հանձնում դատարան, ապա մեղադրյալն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ, այլ կերպ՝ փաստագրում է իր ապացուցված անմեղությունը:

Դիմողը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ օրենսգիրքը, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկան չեն սահմանում, թե ժամանակային ի՛նչ նվազագույն եւ առավելագույն չափման միավոր է բովանդակում հիշյալ անհապաղությունը, ինչպես նաեւ, թե ի՛նչ փաստական հանգամանքներ պետք է գնահատվեն քննիչի նշյալ միջնորդությունն անհապաղ կամ ոչ անհապաղ ներկայացված լինելը գնահատելու համար: Ըստ այդմ, նա եզրահանգում է, որ մեղադրյալի անմեղության փաստագրման նշված երաշխիքի գործողությունը կախված է նրանից, թե իմաստային ի՞նչ ծանրաբեռնվածություն ունի «անհապաղ» եզրույթը, մասնավորապես, ժամանակային ի՞նչ նվազագույն ու առավելագույն չափման միավոր է բովանդակում այն, եւ մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը քննիչի կողմից հսկող դատախազին ներկայացնելու վարութային գործողությունը որպես անհապաղ կատարված արձանագրելու համար ի՞նչ փաստական հանգամանքներ պետք է գնահատվեն։

Սահմանադրական դատարանի դատական կազմը, սակայն, համաձայն չէր անհատական դիմումում բարձրացված գերկարեւոր հարցի հետ, դատական կազմը արձանագրեց, որ դիմողի կողմից վիճարկվող քրեադատավարական նորմի ենթադրյալ հակասահմանադրականության եւ դիմողի անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման միջեւ դիմումում նկարագրված պատճառահետեւանքային կապը ենթադրական է եւ պատրանքային։ Մասնավորապես, օրենսգրքի վերաբերելի իրավադրույթների համադրված եւ համեմատական վերլուծությունից հնարավոր չէ եզրահանգել, որ անգամ դատավարական ժամկետի խախտումը հիմնավորելով` մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժվելը բացառում է այդ միջնորդության ներկայացումը հետագայում՝ մինչեւ քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրանալը։ Այսինքն՝ «անհապաղ» եզրույթի մեկնաբանման արդյունքում դիմողի նախանշած հետեւանքներն ամենեւին վարույթի ընթացքի օրինաչափ տարբերակ չեն: ՍԴ դատական կազմի դիտարկմամբ` «դիմողի կողմից ներկայացված մեկնաբանությունը քրեադատավարական կոնկրետ ենթաինստիտուտի՝ քրեական հետապնդման ժամկետի կասեցման մեկուսի դիտարկման արդյունք է, ինչը խնդրահարույց է պետության` քրեական քաղաքականության իրավական արդյունավորման հրամայականի տեսանկյունից»: Իսկ «անհապաղ» եզրույթի իրավական բովանդակությունը բացահայտվում է՝ ելնելով տվյալ գործի փաստական եւ իրավական հանգամանքների առանձնահատկություններից, քննչական տակտիկայից եւ գործի համար նշանակություն ունեցող ապացույցներ եւ տեղեկություններ ստանալու անհրաժեշտությունից, եւ այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցների յուրահատկությունից, ինչը քննիչի լիազորությունների տիրույթում է: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքի խախտված լինելու մասին դիմումում տեղ գտած պնդումը դիմողի կողմից վիճարկվող օրինադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հետ պատճառահետեւանքային կապի մեջ չի գտնվում, որպիսի պայմաններում դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը մերժելու հիմք է: Անհատական դիմումով գործի քննությունը մերժվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30