2018 թվականին մի շարք պարկեշտ մարդիկ դարձել էին իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, ինչպես նաեւ մտել էին կառավարության կազմի մեջ: Դա, իհարկե, սխալ քայլ էր, բայց ներելի. այդ ժամանակ շատերը (այդ թվում՝ նաեւ ես) ունեին պատրանքներ: Լեզուս չի պտտվի Սոֆյա Հովսեփյանին, Տաթեւիկ Հայրապետյանին, Արսեն Ջուլֆալակյանին եւ մի շարք այլ գործիչներին մեղադրել պատեհապաշտության մեջ: Նման մարդկանց նկատմամբ իմ հարգանքը պահպանվել է, որովհետեւ 2020 թվականի աղետից հետո նրանք այլեւս Փաշինյանի կողքին չէին:
2018-2020 թվականներին Փաշինյանի գործադիր իշխանության մեջ աշխատած մարդկանց նույնպես հնարավոր չէ ինչ-որ բանում մեղադրել: Այդ ժամանակահատվածում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Անանյանը մնացել է իր քաղաքացիական եւ մարդկային բարձրության վրա: Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանը նույնպես առանձնապես չէր փչացրել իր կենսագրությունը, քանի որ 2020 թվականին հրաժարական էր տվել: Չնայած ոստիկանության սպային այնքան էլ սազական չէր հեղափոխականների հետ «դըմփ-դըմփ-հու» անելը: Ենթադրում եմ, որ հիմա նա այդ տեսագրությամբ եւ լուսանկարով չի հպարտանում:
Իսկ ահա նրանք, ովքեր պատգամավոր են դարձել կամ շարունակել են իրենց պատգամավորական գործունեությունը 2021-ին կամ տարբեր պետական կառույցներում բարձր պաշտոններ են զբաղեցնում՝ այդ մարդկանց ճակատագրին չեմ նախանձում, որքան էլ նրանք այս պահին իրենց լավ զգան:
Հավանաբար, նրանք իշխանափոխությունից հետո կարդարանան՝ «մենք աշխատում էինք պետության, ոչ թե Փաշինյանի համար»: Դա, իմ կարծիքով, թույլ փաստարկ է: Աշխատելով «պետության համար», նրանք այս կամ այն չափով ստիպված են անել այն, ինչ նրանցից պահանջում է Փաշինյանը, իսկ թե ինչպիսիք են այդ պահանջները, կարող ենք հասկանալ վարչապետի ելույթներից, երբ նա իրեն չի զսպում:
Կարդացեք նաև
Վերջերս խոսում էի երիտասարդ ռուս գործընկերոջ հետ, եւ նա հետեւյալ ցանկությունը հայտնեց. «Ուզում եմ տեսնել, թե ինչ են անելու Պուտինի հեռանալուց հետո այն կոնֆորմիստները, որոնք հիմա ծառայում են նրան»: Իմ պատասխանն էր. «Հեչ չմտածես՝ նրանք շատ լավ կհարմարվեն նոր իշխանությանը»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ