Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա մեկ անձի տվյալ պահի քմահաճույք չէ»․ Ձյունիկ Աղաջանյանը՝ Եկեղեցու դեմ սկսած պայքարի եւ Նիկոլ Փաշինյանին զոհի կարգավիճակում ներկայացնելու մասին

Հունիս 25,2025 12:20

«Դա իրենց նախաձեռնությունը չէ, ընդհանուր ծրագրի մաս է կազմում»,- «Հայ Առաքելական եկեղեցի․ պետականաշինություն եւ արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց դիվանագետ Ձյունիկ Աղաջանյանը՝ մանրամասնելով «գունավոր հեղափոխությունների» սցենարները, երբ տվյալ պետության հենասյունային կառույցների նկատմամբ մեծ արշավ է սկսվում, որի նպատակն է՝ այդ հենասյունային կառույցների ջլատումը, թուլացումը, կազմաքանդումը եւ դիմադրողականության առանցքային կառույցների ոչնչացումը։

Համաժողովի նպատակն է ներկայացնել Եկեղեցու տեղը, դերը հայոց պատմության, պետականաշինության եւ պետականության պահպանման գործընթացում։

«Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության մի մասն է եւ այդ հազարամյակների ընթացքում անբաժան առաջատարն է եղել մեր ազգային դիմադրողականության ձեւավորման եւ առաջմղման»,- ասաց Ձյունիկ Աղաջանյանը՝ հավելելով, որ դա տեսնում ենք նաեւ Սփյուռքում՝ չձուլման քաղաքականությամբ։

«Այսինքն, Առաքելական եկեղեցին հայկական դիմադրողականության հիմնական ապահովողն է եղել, առավել ևս երբ պետություն չենք ունեցել։ Ուստի, գործող իշխանությունը իրեն թշնամի է հայտարարել Եկեղեցուն՝ դեռ 2018-ից՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժմամբ»,- հավելեց նա։

Դիվանագետը նկատում է՝ հազարամյակների փորձը, այդ ընթացքում Եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները, թույլ են տալիս ճիշտ գնահատել իրավիճակն ու սպառնալիքները եւ համապատասխան քայլեր ձեռնարկել։

«Սա մեկ անձի տվյալ պահի քմահաճույք չէ»,- ասում է Ձյունիկ Աղաջանյանը, ինչի ներկայացման փորձն արվում է եւ հավելում․ «Նման խմբակի կողմից նման բառամթերքի օգտագործումը բնական է, դա իրենց էությունն է, չդաստիարակված լինելը։ «Մախաթը պարկի մեջ չես պահի»։ Եվ սա լավ է, քանի որ ժողովուրդը տեսնում է, թե ո՞ւմ է հավատացել եւ նստեցրել իր գլխին»։

Դիվանագետը «գունավոր հեղափոխությունների» ծրագրի մաս է համարում նաեւ սեփական անձը զոհի կարգավիճակում ներկայացնելը, ինչի դրսեւորումները տեսնում ենք․ «Անհայտ մահափորձի մասին լսեցինք ինչ-որ ժամանակ առաջ, հիմա՝ սա (նկատի ունի իբր «հեղաշրջման պլանը»-Ն․ Գ․)․ սա սեփական անձը զոհի կերպարի մեջ ներկայացնելն է, բայց չի հաջողվի, քանի որ հասարակությունը ամբողջությամբ հասկացել է սրա էությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30