Իրանագետ Արտյոմ Տոնոյանի «Caspian Frontiers» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Ադրբեջանում կա մարդկանց ապօրինի ճնշելու 4 հիմնական միջոց։
1.Առաջինը թմրանյութերի պահման և ապօրինի շրջանառության շինծու մեղադրանքներով ձերբակալություններն են։
Սա ամենատարածված միջոցն է և կիրառվում է գործող իշխանությանը քննադատող երկու 2 խմբի նկատմամբ՝
Կարդացեք նաև
✔️ քաղաքացիական ակտիվիստներ,
✔️ ավանդական ընդդիմության ներկայացուցիչներ (Մուսավաթ, ԱԺՃԿ)։
2.Երկրորդը արտաքին հետախուզական և հատուկ ծառայությունների հետ համագործակցության և հինգերորդ շարասյան պատկանելու մասին կեղծ և շինծու մեղադրանքներն են, որով չեզոքացվում են հետևյալ խմբերի ներկայացուցիչները՝
✔️ լրագրողներ,
✔️ գիտնականներ,
✔️ իշխող քաղաքական վերնախավի ներսում տարբեր թևերի և կլանների ներկայացուցիչներ, որոնք երբեմն անհնազանդություն են դրսևորում Ալիևների և Փաշաևների նկատմամբ։
3.Երրորդը պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու կեղծ և շինծու մեղադրանքներով ձերբակալություններն են։
Այս խմբի մեջ մտնում են հիմնական շիա հոգևոր գործիչները, որոնց դեմ հարուցվող մեղադրանքներում անպայման տեղ են գտնում կետեր Իրանի ցուցումով պետական հեղաշրջում կազմակերպելու և Ադրբեջանում իսլամական կարգեր հաստատելու փորձի մասին։
4.Չորրորդն ամենադաժանն է, երբ պետանվտանգության ծառայությունը շինծու «հատուկ օպերացիայի» անվան տակ պարզապես սպանում է մարդկանց և ապա տարածում հաղորդագրություն այն մասին, որ վնասազերծել է Ադրբեջանում խոշոր ահաբեկչական գործողություն պլանավորած ահաբեկչական խմբավորում, և քանի որ դրա անդամները զինված դիմադրություն են ցույց տվել, ՊԱԾ գործողությունն ավարտվել է «ահաբեկիչներին դիմահար կրակով սպանությամբ»։
Սա էլ լինում է շատ հաճախ, տարվա մեջ մի քանի անգամ առնվազն և այս խմբի մեջ հայտնվողները հիմնականում տեղաբնիկ ժողովուրդների, հիմնականում լեզգիների, բայց երբեմն նաև մնացածների ներկայացուցիչներն են։
Արդյո՞ք Ադրբեջանն իր այս գործելաոճով միակ պետությունն է հետխորհրդային տարածքում և դրա մաս Այսրկովկասում։
Սա հարց է, որի պատասխանը կարող է գտնվել դետալային համեմատության միջոցով և կարող է լինել չափազանց տխրեցնող նաև մեզ համար։