Բագրատ սրբազանին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է ահաբեկչության, զանգվածային անկարգությունների եւ իշխանության բռնազավթման մեջ։ Սրբազանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Ծիծաղելի է։ Ես սրբազանի տանը գտնվել եմ, որեւէ այդպիսի բան չի հայտնաբերվել։ Մի հետաքրքիր նկար տեսա՝ զենքի նկար է հրապարակած՝ կողքը զենքի թույլտվության վկայականը։ Ես գիտեմ՝ այդ զենքը ումն է, այս պահին չասեմ, բայց ֆարսի համար այս պահին պետք է հրապարակել եւ տպավորություն ստեղծել»,- ասաց Սերգեյ Հարությունյանը՝ պատասխանելով ՔԿ-ի տարածած հաղորդագրության մասին հարցին։
Հիշեցնենք, որ այսօր սկսված խուզարկություններից հետո ձերբակալվել է նաեւ «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանը։ ՔԿ-ն նաեւ ձայնագրություններ է տարածել ենթադրյալ հեղաշրջման փորձի մասին, որտեղ խոսվում է «բջոտ տղերքի» ներգրավվելու, մի քանի հոգու «գլուխն ուտելու», «փուռը տալու» մասին։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը կատարվողը քաղաքական հետապնդում է որակում, որը ընդդիմությանը պարալիզացնելու նպատակ ունի, որպեսզի Եկեղեցու դեմ առավել մեծ ոտնձգություններ իրականացվեն։
Սերգեյ Հարությունյանը տեղեկացրեց, որ սրբազանի տրամադրությունը շատ լավ էր, հումորով է վերաբերվում այս ամենին։
Մանրամասները՝ տեսանյութում
Պաշտպան Հովհաննես Խուդոյանի բնութագրմամբ էլ, ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ առկա փաստերը իրականությանը չեն համապատասխանում, իսկ ավելի վաղ տարածված ձայնագրությունները չեն արտացոլում իրականությունը։ Ըստ Հովհաննես Խուդոյանի՝ ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են եւ անգամ ոչ մասնագետի համար այդ ամենը միանգամից տեսանելի է, այլ եղանակով գեներացվա՞ծ են, թե՞ ոչ՝ գործի քննությունը ցույց կտա։
Առաջադրված հոդվածները երկուսն են․ մեկով 18, մյուսով 12 տարի ազատազրկում է սպառնում։ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ շատ իրավաբաններ արդեն խոսել են նաեւ այդ մասին, որ նման հոդվածներով մեղադրանքներ չէին կարող առաջադրվել։
Նա նաեւ տեղեկացրեց, որ սրբազանի հետ խոսել է եւ ձայնագրության, եւ մեղադրանքների մասին, վերջինս ասել է, որ նման բան չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ