Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ այսօր է կատարվում, դեռ ծաղիկներն են, մենք պետք է սպասենք, թե ինչ պտուղներ են տալու»․ Լարիսա Ալավերդյանը՝ ընդդիմադիրներին հետապնդելու մասին

Հունիս 25,2025 17:24

«Կարծես թե մենք շեշտը դրել ենք միայն այն տարածքների վրա, որոնք այսպես թե այնպես ընդգրկվել են ԼՂՀ սահմանների մեջ։ Իրականում մենք պետք է հստակեցնենք, որ Արցախի հիմնահարցի այսպես ասած կրիտիկական ամսաթիվը դա 1917-18 թվականներն են։ Եվ հայության կորուստները մենք պետք է սկսենք այդ տարիներից, որովհետեւ մենք տեսել ենք, որ արդեն մինչ 1988 թվականը 100 հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց հայրենիքը»,- «Հայոց Արեւելից կողմեր․ Գարդման․ պատմություն եւ իրականություն» խորագրով խորհրդաժողովի  շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։

Նա նշեց, որ չպետք է մոռանալ եւ պետք է անդրադառնալ բոլոր այն հանցագործություններին, որոնք գործել են Թուրքիան եւ հետագայում Ադրբեջանը միասին։ Եվ պետք է դասեր քաղենք այս պատմությունից։ «Ինձ համար ամենակարեւոր դասերից մեկը հետեւյալն է՝ մենք՝ որպես ազգ, այդպես էլ չկարողացանք մի հստակ ճշմարտության հետ հաշտվել, որ միջազգային իրավունք կլինի, թե միջազգային հարաբերությունների մեջ նորմեր կլինեն, դրանք միշտ կպահպանվեն, եթե դու ուժեղ ես։ Դա չի նշանակում, որ դու ունես ամենաուժեղ բանակը, այլ դու պետք է ուժեղ լինես եւ միջազգային հարաբերությունների, եւ միջազգային իրավունքի մեջ։ Եվ, այո, քո ուժային կառույցները ժողովրդի հետ միասին պետք է տոգորված լինեն այնպիսի գաղափարախոսությամբ, որ դու հասկանաս՝ չի լինում վերջնական հաղթանակ ու վերջնական պարտություն։ Դու պետք է հստակեցնես, որ քո աշխատանքն անվերջ է, եւ մինչեւ անգամ ամենահզոր պետությունները քեզ հետ խոսում են իրենց անվտանգության մասին։ Այսպիսի քննարկումները լավագույն առիթն են, որ ոչ միայն անդրադառնանք ծանր, ողբերգական մեր պատմությանը, որ մեզ ամեն անգամ լքում են եւ այլն, այլ հստակեցնենք՝ խելք պիտի ունենաս, որ լինես ուժեղ, եւ, այո, այդ դեպքում է ուժը ծնում իրավունք»,- ասաց նա

Խորհրդաժողովի ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ «Սրբազան շարժման» եւ ընդդիմադիրների նկատմամբ իշխանության գործողություններին։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին «ԱԱԾ պադվալը լցնելու» մասին հայտարարություններին՝ Ալավերդյանն ասաց․ «Դա իր մանկության երազանքն է։ Ես փոքր ինչ ճանաչելով այդ անձնավորությանը, ստիպված եմ դա ասել՝ իր ոչ այնքան երջանիկ մանկությունից սկսած դա իր իղձերից է։ Երկրորդ, 2018 թվականի սեպտեմբերից ես կրկնում եմ՝ Հայաստանն արդեն զավթված է մեր թշնամի պետությունների եւ կենտրոնների կողմից։ Պարզապես նա զավթված է ներսից, տեսել են՝ դրսից զավթելը հնարավոր չէ, դրա համար զավթել են ներսից։ Եվ այսպես կոչված օրվա իշխանությունը դա Հայաստանի իշխանությունը չէ, այն չի հավակնում պաշտպանել ազգային շահերը կամ պետության անվտանգությունը։ Ես բազմիցս ասել եմ՝ դատելով արդյունքներից՝ ներկա իշխանության եկած թիմը սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Այնպես որ, այն, ինչ այսօր է կատարվում, դրանք դեռ ծաղիկներն են, մենք պետք է սպասենք, թե ինչ պտուղներ են տալու»,- նշեց Ալավերդյանը։

Նա ասաց, որ խնդիրը հասարակության մեջ է, հասարակությունը չի կարողանում միավորվել։ Լարիսա Ալավերդյանը հարցադրում արեց՝ եւ ինչո՞ւ մինչեւ հիմա հայությունը՝ թե Հայաստանում, թե Սփյուռքում, չունի ռազմավարություն մոտակա 100 տարվա համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30