«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից վաղը՝ հունիսի 26-ին, ժամը 21.00-ին կկայանա կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի եւ ճարտարապետ-դիզայներ Վազգեն Բրուտյանի համագործակցության արդյունք՝ «Է» խորագիրը կրող միստերիա-օրատորիայի առաջին ներկայացումը։ Այն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացնելով, արվեստագետները հայտնեցին, որ այսօր հատկապես արդիական է դարձել հայոց ճշմարիտ պատմությունը ճանաչելն ու նրան պաշտպան կանգնելը, փաստելով, որ ինչպես ցույց է տալիս մարդկության պատմությունը, դա ամենաազդեցիկ կերպով արվել է բարձրարժեք արվեստի միջոցով։
Ներկայացնելով ստեղծագործությունը, կոմպոզիտորը տեղեկացրեց. «Բազմաշերտ եւ բազմադրվագ օրատորիայում հանդես կգան կատարողներ, սոպրանոներ Արփի Սինանյանը եւ Մերի Միսակյանը, Հայկական պղնձյա փողային կվինտետը՝ ընդլայնված կազմով (շեփորահարներ՝ Ազատ Հարությունյան, Նարեկ Գրիգորյան, գալարափողահարներ՝ Արմեն Կարագյան, Արշավիր Իսահակյան, տրոմբոնահար Վարդան Պապիկյան, տուբահար՝ Դավիթ Ասրյան եւ հարվածային գործիքներ՝ Էդուարդ Պապոյան):
Կարդացեք նաև
Ի դեպ, բազմալեզու այս երկը ներառում է նաեւ ուրարտերենը: Նախագծի տեսագրված տարբերակն էլ սփռվելու է աշխարհի զանգվածային լրատվության միջոցներով»։
Ճարտարապետ-դիզայներ Վազգեն Բրուտյանն էլ, որը ներկայացման վիզուալ ձեւավորման հեղինակն է, նախ հայտնեց, թե նախագիծը լինելու է շարունակական՝ ներկայացնելով չորս համերգ Հայաստանի տարբեր տեսարժան վայրերում, ապա մանրամասնեց. «Վիզուալ ձեւավորմամբ ստեղծագործությունը կկատարվի տվյալ վայրում գտնվող պատմական հուշարձաններին կից, նոր ժամանակների շունչ ու շարունակություն հաղորդելով դրանց։ Յուրաքանչյուր վայրում տվյալ պատմական կոթողը կդառնա կարծես միստերիայի մաս՝ իր վրա կրելով նաեւ վիզուալ անիմացիոն պրոյեկցիա ձեւավորումը։ Կլինեն նաեւ հատուկ ստեղծված ձայնային էֆեկտներ, որոնք էլ ավելի ազդեցիկ կդարձնեն միստերիայի հմայքը՝ ստեղծելով ժամանակից դուրս տիեզերական մթնոլորտ»։
Զրույցի վերջում հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է նախատեսված երկրորդ ներկայացումը։ Պարզեցինք, որ այն կկայանա հուլիսի սկզբներին սահմանամերձ Երերույքի տաճարում։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում ՝ Վաչե Շարաֆյան և Վազգեն Բրուտյան