«Այս իշխանությունների յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի դաժան եւ ավելի մեծ բռնաճնշումներով է սկսվում: Սա, թերեւս, անսպասելի չէր, որովհետեւ ՔՊ-ն երեկ արդեն ներկայացրեց հանրությանը հեղաշրջման պլանը: Իրենց ասելով, այդ պլանը մշակվել էր այլ տեղում, բայց ես առավել քան համոզված եմ եւ կարող եմ ողջամիտ կասկած ունենալ, որ դա ՔՊ-ի խոստովանությունն էր առ այն, որ իրենք այլեւս չունեն ժողովրդի վստահությունը, դա իրենց գործողությունների, իրենց վարած իշխանական քաղաքականության արդյունքն է»,- «Հայելի» ակումբում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն՝ անդրադառնալով խուզարկություններին եւ ձերբակալություններին:
Պատգամավորի խոսքով. «Ըստ էության, մոտենում է արտահերթ կամ հերթական ընտրություններով այս իշխանություններին հեռացնելու պահը: Իրենք շատ լավ հասկանում են սա, եւ հասկանում են նաեւ, որ եթե չունենան Խաղաղության համաձայնագիր կոչված հաղթաթուղթն իրենց ձեռքին, նույնիսկ նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն չեն ունենա, իսկ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Ալիեւը Նիկոլ Փաշինյանի եւ օրվա իշխանությունների առաջ դնում է որոշակի պահանջներ՝ Սահմանադրության փոփոխություն, 300 հազար ադրբեջանցիների վերադարձ, Մինսկի խմբի լուծարում եւ այլն: Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ այդ պահանջները չի կարող իրականացնել, քանի որ իր վստահության քվեն վաղուց շրիշակից էլ ցածր է:
Եվ ըստ օդում կախված լուրերի՝ դրա համար էլ նա վազել է Էրդողանի մոտ, որպեսզի խնդրի նրան, որ էրդողանը համոզի Ալիեւին նախապես ստորագրել այդ փաստաթուղթը, եւ բանավոր խոստումներ տա, որ ինքը վերընտրվելուց հետո այդ բոլոր պահանջները կկատարի: Բայց երեւում է, որ Էրդողանը մերժել է Փաշինյանին, եւ ավելին՝ նրանից պահանջել է կատարել Ալիեւի բոլոր պահանջները՝ հակառակ պարագայում գալու է Նիկոլ Փաշինյանի պատասխան տալու պահը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ»:
Պատգամավորը հավելում է, որ դա է իշխանությունների կողմից ազգայինի համար պայքարող ուժերի դեմ սկսված բռնաճնշումների պատճառը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ