Ցավով ականատես եղանք, որ այսօր Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը շտապել է միանալ իր քաղաքական թիմի արշավին՝ ընդդեմ Եկեղեցու, և թույլ է տվել արտահայտություն, որը անհարիր է պետական պաշտոնյային և պարզ հայ մարդուն։
Այդ գրառմամբ նա վիրավորել է ոչ միայն ՀՀ հիմնադիր Նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այլ, առաջին հերթին, հարված է հասցրել իր իսկ արժանապատվությանը և հեղինակությանը։
Ովքեր ճանաչում են Գարիկ Սարգսյանին, անկեղծորեն կվկայեն, որ այս խոսքը, հավանաբար, նրա անձնական միտքը չէ։ Դատելով նրա նախկին հայրենասիրական ելույթներից և հրապարակային վարքից՝ միամիտ կլիներ կարծել, թե այս տոնն ու արտահայտչաձևը նրան բնորոշ են։ Գրառումն ավելի շատ հիշեցնում է պարտադրված քայլ՝ վերադասի հրահանգով։
Կարծում եմ՝ միշտ պետք է հիշել Եկեղեցու հայրերից մեզ ժառանգված այս իմաստությունը. «Խոսելու համար շատ եմ զղջացել, լռելու համար՝ երբեք»։
Կարդացեք նաև
Պարոն Սարգսյան,
Գուցե վաղը Դուք կարողանաք հանգիստ խղճով նայել Ձեր վերադասի աչքերին։ Բայց վստահ եմ՝ շատ ավելի դժվար կլինի քայլել Ձեր հայրենի համայնքում և նայել Ձեր բնակիչների աչքերին, այն մարդկանց, ովքեր վստահել են Ձեզ իրենց գյուղի կամ քաղաքի հոգսերը, մարդկանց, ովքեր Ձեզ ընկալել են որպես տարբերվող անհատ՝ սկզբունքներ ու սեփական մոտեցումներ ունեցող։
Բարեկամաբար ցանկանում եմ ասել. եթե անգամ չեք կիսում որևէ քաղաքական գործչի կամ հոգևոր առաջնորդի հայացքները և մոտեցումները, ապա որպես ավանդական ընտանիքի զավակ՝ պարտավոր եք նվազագույն հարգանք դրսևորել Ձեզանից ավագների հանդեպ։
Լավ օրինակ եղեք երիտասարդ սերնդի համար, որպեսզի վաղը, երբ ինքներդ լինեք ավագի դիրքում, արժանանաք նույն հարգանքին։
Տեր Եղիշե քահանա Նուրիջանյան, Վերին Արտաշատ վարչական շրջանի սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ