«Դո՞ւք եք ցավում էս երկրի համար։ Դո՞ւք, որ էդքան մարդու գլուխ կերաք, Արցախը հանձնեցիք, հիմա էլ ասում եք՝ Սփյուռքը մեզ համար նշանակություն չունի՝ սեպ խրելով ամեն ինչի մեջ, թքելով ամեն ինչի մեջ»։
Դատարանի առջեւ լրագրողների հետ զրուցելիս՝ այսպես է արձագանքել Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձերբակալությանը։
«Որեւէ մեկին չեն կարողանալու լռեցնել, ոչ ոք նրանցից չի վախենում, մենք պատվից ու հայրենիքից թանկ ոչինչ չունենք։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ էսպես ճղճիմ քայլերով կարող է մեզ հետ պահել մեր ընթացքից, չարաչար սխալվում է», – ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանը շեշտում է այսօր Քննչական կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության արհեստածին բնույթը՝ փաստելով, որ այսօրվա տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստեղծել մոնտաժված եւ կեղծ խոսակցություններ։
Ըստ Դանիելյանի՝ Բագրատ Սրբազանի դեմ հարուցվող քրեական գործը «ծայրից ծայր կեղծիք է»։
Նա հայ ժողովրդին կոչ արեց չտրվել կեղծիքներին։ Պատգամավորի հայտարարությունները դատարանի շենքի առջեւ գտնվող աջակիցների կողմից ընդունվեցին ծափահարություններով։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային