Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Ավան» նստավայրի դիմաց քաղաքացիները, քաղաքական եւ հասարակական գործիչները աջակցություն են հայտնում կալանավորման միջնորդությամբ դատարան տեղափոխված «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ շարժման ձերբակալված մյուս մասնակիցներին։
«Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Մենք տարբեր քաղաքական գործերով արդեն ունենք փորձեր, երբ իրավապահ մարմիններն իրականացնում են ձայնագրությունների մոնտաժումներ, չեն էլ թաքցնում դա․․․դեռ պետք է պարզվի, թե այս գործով քանի էդպիսի հատվածներ են իրար կպցրել, փոփոխությունների ենթարկվել՞ է, թե՞ ոչ։ Դրանք մասնագիտական հետազոտության առարկա են»։
Կարդացեք նաև
ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Նաիրա Կարապետյանը լրագրողների հետ զրուցելիս կարծիք է հայտնել․ «Բագրատ Սրբազանի գրքերը կարդացած մարդը, չի կարող հավատալ այդ բայեւիկ սցենարին, որը մեզ ներկայացրին»։
Կարապետյանի գնահատմամբ՝ «Սրբազան շարժման» նպատակն է՝ անել այնպես, որ Հայաստանն ունենա պատիվ եւ հայրենիք։ «Պատիվ եւ հայրենիքը որեւէ կերպ չի ենթադրում ահաբեկչություն»։
Հրայր սարկավագ Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանն էլ իր հերթին համոզմունք հայտնեց, որ «գործի նյութերին ծանոթացավ դատարանը։ Բնականաբար, ես էլ եմ ծանոթացել, եւ գտնում եմ, որ հիմնավոր կասկածն ընդհանրապես բացակայում է այդ նյութերում, ոչ միայն Հրայր սարկավագ Հակոբյանին մեղսագրվող արարքում, այլ ընդհանրապես էդպիսի դեպքն է բացակայում»։
Սարգսյանը հայտնեց, որ դատարանն իր որոշումը կհրապարակի վաղը առավոտյան 11:00-ին։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունների համար «խնդիր է դրված չեզոքացնել բոլոր այն ինստիտուտներին, անձանց, կառույցներին, որոնք թուրքական թելադրանքից դուրս են գործում։ Մեկը Հայաստանյայց առաքելական եկեղեցին է․․․նույնը Սամվել Կարապետյանը»։
Էլբակյանն ակնարկեց, որ հակաեկեղեցական արշավն ու գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը տեղի է ունեցել Հայկական եկեղեցին թիրախավորող Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարություններից հետո եւ ՀՀ վարչապետի՝ Թուրքիա այցից առաջ։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ցոլակ Ակոպյանն էլ հիասթափության խոսքեր փոխանցեց․ «Նայում եմ, մտորում եմ, ու ամոթ եմ ապրում, որ այս օրին հասանք, որ կա նման հայ ոստիկան, որ կա նման հայ քննիչ, որ կա նման հայ դատախազ, ու ամենայն հավանականությամբ, Աստված տա սխալվեմ, որ կլինի նման հայ դատավոր, որը կկայացնի նման որոշում»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ