Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախույզների «կաշառքի» գործը

Հունիս 26,2025 13:00

2022 թ. օգոստոսի 29-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ թիվ ՇԴ/0011/01/22 քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։ 2022թ. սեպտեմբերի 5-ից ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում էր Արմեն Մարտիրոսյանի, Կարո Հովհաննիսյանի, Արմեն Սողբաթյանի վերաբերյալ քրեական գործը: Դատավորն էր Մերի Մոսինյանը:

Այս երեքի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունքի զորամասերից մեկի պետի տեղակալ, մայոր Կ. Հովհաննիսյանին խոստացել եւ տվել է կաշառք, իր օգտին գործողություններ կատարելու համար: Մասնավորապես, ըստ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում առկա քրգործի նյութերի, անձը պետք է նշանակվեր ոստիկանությունում քրեական հետախուզության խմբի պետ: Նշվել էր գումարի չափը՝ երկու հազար ԱՄՆ դոլար:

Առաջին ատյանի դատարանը փաստել էր հետեւյալը. «Կաշառք տալը եւ խոստանալը հաստատվում է վկա…-ի ցուցմունքով»: Ապացույցների մեջ դրվել էր նաեւ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունները:

«Արմեն – Հա պա ջան:

Զորուցակից – Արմեն ջան, որ առար մեկից կուտաս Կարոյին, նոր կերթաս տուն:

Արմեն – Տո հա բա ինչ պտի էնեմ, էդպես պտի էնեմ բը:

Զրուցակից – Հա ես էդ տղուն զանգել եմ, հասար ընդե հանկարծ չես գտնի զանգե ընձի ես զանգեմ գը, կերթա՞ս արդեն:

Արմեն – Հա տիա պատրաստվիմ գը, տիա կերթամ հա…»:

Բացի Արմեն Մարտիրսյանից, երկրորդ Արմենն էլ էր կաշառք տվել Հովհաննիսյանին: Ա. Սողբաթյանն էլ նշանակվել էր ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի գործավարության պետ: Նա էլ տվել էր 1500 դոլար կաշառք:

Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

Ամբաստանյալներից մեկը նախաքննության ժամանակ հայտնել էր, որ կաշառք տալու մասին տեղյակ է եղել միայն կինը, քանի որ նա վարկ է վերցրել, ու այդ վարկից գումար տվել իրեն…

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Հովհաննիսյանին վերջնական պատիժ է նշանակվել 3 տարով ազատազրկումը, Սողբաթյանին, Մարտիրոսյանին 2 ամսով կալանքը:

ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (նախագահող՝ Դ. Վեքիլյան) հունիսի 23-ին մասնակի բեկանել է 14 հատորանոց գործը, փոփոխել ՀՀ վերաքննիչ դատարանի այս տարվա հունվարի 31-ի որոշումը: Բողոքը բերել էին Ա. Մարտիրոսյանի պաշտպաններ Գ.Գալիկյանն ու Ն.Շելելենկյանը:

Ա. Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Չհեռանալու մասին որոշումը վերացվել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30