Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բիզնեսները խլելու կամ ճնշելու մի քանի օրինակ հաջողվում է, այն աստիճանաբար տարածվում է ամբողջ գործարար միջավայրի վրա՝ հող նախապատրաստելով կապիտալի արտահոսքի համար. «Փաստ»

Հունիս 26,2025 11:12

ՀԷՑ-ի ազգայնացման թեման միայն այն տնօրինող ընկերության հարցը չէ և իր մեջ գլոբալ դրսևորումներ է պարունակում, որոնք կարող են տարածվել ողջ տնտեսական ու քաղաքական համակարգի վրա։ Այս շրջանակում բիզնեսների նկատմամբ իրականացվող ճնշումներն ու ազգայնացման անվան տակ սեփականության խլումը պետական կառավարման ամենավտանգավոր միտումներից են, ինչն ի սկզբանե հակասում է ոչ միայն իրավական նորմերին, այլև լրջագույն սպառնալիք է քաղաքական կայունության, տնտեսության զարգացման, ներդրումային վստահության և հասարակական համերաշխության համար։

Երբ պետությունն ընտրում է նման ուղի՝ բիզնեսների դեմ քողարկված կամ բացահայտ գործողություններ իրականացնելով, այն ոչ միայն խախտում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, այլև ազդանշան է տալիս տնտեսական դերակատարներին, որ օրինականությունը սուբյեկտիվ գնահատման առարկա է, իսկ կայունությունը՝ իշխանության կամայականության արդյունք։

Նախ՝ պետք է հստակ հասկանալ, որ սեփականության իրավունքի խախտումը ոչ միայն իրավական, այլև բարոյաքաղաքական հարց է։ Սեփականությունն այն հիմնասյուներից է, որի վրա հենվում է քաղաքացիների վստահությունը սեփական երկրի նկատմամբ, և որն անհրաժեշտ նախապայման է ցանկացած կայուն տնտեսության համար։ Նորություն չէ, որ գործարարության միջավայրը առաջին հերթին հիմնվում է վստահության և կանխատեսելիության հիման վրա։ Իսկ երբ քաղաքացին կամ գործարարը տեսնում է, որ քաղաքական կոնյուկտուրան կարող է որևէ պահի օգտագործվել իր ներդրումները բռնագրավելու համար, ապա նա կա՛մ կորցնում է տնտեսական ակտիվության ձգտումները, կա՛մ ունենում է հակամետ տրամադրություն՝ կապը խզելու պետության հետ։ Եվ սա վերաբերում է ինչպես մանր ու միջին ձեռնարկատերերին, այնպես էլ խոշոր ընկերություններին ու միջազգային կորպորացիաներին։ Որպես կանոն, երբ բիզնեսները խլելու կամ ճնշելու մի քանի օրինակ հաջողվում է, ապա այն աստիճանաբար տարածվում է ամբողջ գործարար միջավայրի վրա՝ հող նախապատրաստելով անվստահության, վախի ու կապիտալի արտահոսքի համար։

Հիմա շատ տեսակետներ կան, որ ՀԷՑ-ի խլելը լուրջ խնդիրներ է ստեղծելու: Դա ակնհայտ է ու նույնիսկ քննարկման ենթակա չէ: Դա նույնն է, ինչ վիճարկես այն, որ 1+1 հավասար է երկուսի: Սակայն բազմաթիվ տնտեսագետներ, իրավաբաններ, այլ փորձագետներ ու հասարակական ու քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, որ այստեղ հարցը նույնիսկ ՀԷՑ-ը կամ մեկ այլ կառույց չէ: Հարցն այն է, որ գլոբալ առումով ներդրումների և գործարարության ամենամեծ խոչընդոտը հենց Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն են։ Ընդհանրապես, քպական իշխանությունը:

Այս իշխանությունը, նեղ անձնական, նեղ քաղաքական ու էլեկտորալ շահերից ելնելով, գործի է դնում մի կողմից՝ հարկային խիստ ու անընդհատ խստացվող վարչարարությունը, իսկ մյուս կողմից էլ՝ տնտեսական լծակները, որպեսզի ճնշի կամ խեղդի իրեն ոչ ցանկալի տնտեսվարողներին։

Վերջապես, սեփականության իրավունքի խախտումը հարված է նաև պետության միջազգային հեղինակությանը։ Դա ազդում է ոչ միայն ներդրումային վարկանիշի, այլև պետական պարտքի սպասարկման արդյունավետության, ֆինանսական համակարգի կայունության, միջազգային պայմանագրերի նկատմամբ վստահության վրա։ Արտաքին գործընկերներն սկսում են վերանայել իրենց հարաբերությունների բնույթը՝ դադարեցնելով ներդրումային ծրագրերը կամ վերաիմաստավորելով համագործակցության մեխանիզմները։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30