Աշխարհի բոլոր անկյուններում երբեմն անհեթեթ ու անգամ ծիծաղելի դատավարություններ են իրականացվում, որոնք նորմալ մարդու ուղեղում հնարավոր չէ «տեղավորել»։ Ներկայացնում ենք հազարավոր օրինակների փոքրիկ ծաղկաքաղը, որը հաճախ զվարճալի է, հաճախ էլ ցավալի, քանի որ մարդկային ճակատագրերի մասին է խոսքը։
Օրինակ, 2007թ սենատոր Էնրի Չեմբերսը դատի էր տվել Աստծուն՝ աղետներ, պատերազմներ, մարդասպանություններ թույլ տալու համար։
Դատարանը մերժել էր հայցը՝ երկու պատճառով.
1) Աստված չունի հասցե, որով նրան կարող էին տեղեկացնել գործի ընթացի եւ հայցվորի դիրքորոշման մասին.
2) Աստված չի կարող դատարանում ներկայանալ որպես պատասխանող:
Կարդացեք նաև
1995թ․ մեկը դատի էր տվել Մայքլ Ջեքսոնին ու պնդում էր, որ գարեջրի շշի վրա երևացող պատկերը նման է փոփ աստղին, ինչն իր մոտ հոգեբանական տագնապներ է առաջացնում։ Տղամարդը պահանջում էր միլիոնավոր դոլարներ՝ «հոգեկան վնասի» փոխհատուցման համար։
Մեկ այլ քաղաքացի դատի էր տվել ինքն իրեն՝ պատճառաբանելով, որ խախտել է սեփական իրավունքները՝ հանցագործություն կատարելով։ Նա ինքն իրենից պահանջում էր 5 միլիոն դոլար որպես փոխհատուցում, բայց քանի որ վճարել չէր կարող, խնդրում էր, որ պետությունն իր փոխարեն վճարի։
Մեկը 2014թ մի քաղաքացի դատի էր տվել Red Bull-ին՝ իրեն «թևեր չտալու» համար։ Հայցվորը պնդում էր ո Red Bull-ի գովազդային կարգախոսը՝ «Red Bull gives you wings», մոլորեցնող է եւ իրականությանը չի համապատասխանում։ Ընկերությունը ստիպված էր վճարել մինչև 13 միլիոն դոլար՝ վեճը լուծելու համար։
2019 թ ֆրանսիացի թոշակառուն դատի էր թվել հարեւանի աքաղաղին, որը վաղ էր արթնանում ու խանգարում իրեն։ Դատը տեւել էր ամիսներ, սակայն հայցվորը պարտվել էր դատարանում։
2012-ին ճապոնացին դատի էր տվել Google-ին՝ «անհանգստացնող» կանխատեսման համար, որովհետեւ փնտրման դաշտում իր անունը ներմուծելիս՝ Google-ը հուշում էր «կեղծիք», «ձերբակալություն» եւ այլ տհաճ բաներ։ Սակայն նա եւս պարտվել է դատարանում։
2005-ին Աստծո դեմ հայց էր ներկայացրել նաեւ մի ռումինացի դատապարտյալ, նա նշել էր, որ լավ կյանքի խոստումով Աստված իրենից ստացել է նյութական տարբեր արժեքներ եւ աղոթքներ, սակայն հայտնվել է սատանայի ճիրաններում ։
2016-ին Իսրայելում մի տղամարդը դատի է տվել Աստծուն՝ իր հանդեպ անարդար լինելու համար, տղամարդուն, սակայն, խորհուրդ էին տվել այլ վայրում օգնություն փնտրել։
Իզմիրում երկու քրիստոնյաների ձերբակալել էին՝ իբր իսլամը վիրավորելու մեղադրանքով, սակայն նրանք գյուղերում ընդամենը քրիստոնեական գրականություն էին բաժանել։
Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված, հետագայում սրբադասված Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին Օսմանյան կայսրությունը դատել է «հայ ազգայնականությանը» հարելու մեղադրանքով, մինչդեռ նրա «մեղքը» հավատն ու ազգությունն էին։
Թուրքիայում 2015թ դատում էին բժիշկ եւ բլոգեր Բիլջին Չիֆթչիին, որը Թուրքիայի նախագահ Էրդողանին համեմատել էր «Մատանիների տիրակալը» ֆիլմի Գոլումի ու «Հոբբիթի» հետ: Թուրքիայի դատարանը հատուկ փորձագետների էր վարձել, որոնք պետք է որոշեին՝ Գոլումը բացասական կերպար է, թե ոչ: Անգամ «Մատանիների տիրակալը» ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակները ուղերձ էին հրապարակել՝ ի պաշտպանություն բժիշկ բլոգերի:
Ադրբեջանում անհեթեթ դատավարությունները թիվ ու հաշիվ չունեն, մարդու իրավունքի ոտնահարումների մասին խոսում է ողջ աշխարհը, ամենախայտառակը, սակայն, Արցախի ռազմաքաղաքական էլիտայի դատավարությունն է։
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ