«Նիդերլանդական օրագիր». Նիդերլանդներում Ադրբեջանի կազմակերպած «Ադրբեջանական գորգերի շքեղությունը. ուսուցում արվեստի միջոցով» խորագրով գորգերի ցուցահանդեսը, մայիսի 15-ից հունիսի 20-ը անցկացվեց Հաագայի քաղաքապետարանի «Atrium City Hall» (Atrium Den Haag) սրահում, ներկայացվում է որպես այս երկրի մշակութային ինքնության վառ արտահայտում։ Սակայն ներկայացման մի շարք շերտերում առկա են պատմական և մշակութային լրջագույն խեղաթյուրումներ, որոնք արժանի են մասնագիտական գնահատման և հանրային հակափաստարկման։
Ցուցահանդեսում ներկայացված գորգերից մի քանիսը, մասնավորապես «Ղարաբաղի գորգեր» անվանմամբ ցուցադրված գործերը, ըստ պաշտոնական հայտարարության՝ պատկանում են ադրբեջանական գորգագործական դպրոցի ժառանգությանը։ Սակայն պատմական և էթնոգրաֆիկ վկայությունները փաստում են, որ Ղարաբաղը դարեր շարունակ եղել է հայկական մշակույթի և գորգագործության կենսունակ կենտրոն։ Հայերը եղել են այս տարածաշրջանի բնիկ և մշտական բնակիչներ՝ ստեղծելով բազմաժանր գորգարվեստ՝ միաժամանակ կերտելով տարբեր գեղագիտական դպրոցներ, ինչպիսիք են՝ Շուշիի, Վարանդայի, Ջրաբերդի և Քաշաթաղի գորգագործական ավանդույթները։ Այս գորգերը տարբերվում են իրենց բարձրորակ գունային կոմպոզիցիայով, բարդ նմուշային համակարգով և սիմվոլիկ պատմափիլիսոփայական պատկերներով։
Ղարաբաղյան գորգերն առաջին անգամ գրանցվել են նաև ռուսական կայսրության պաշտոնական տվյալներում՝ որպես «հայկական ձեռագործություն», և նույնիսկ խորհրդային շրջանում ստեղծված Ադրբեջանի տարածքում՝ հայկական բնակավայրերում այս արհեստը պահպանվել է որպես հայկական մշակույթի մաս։ Նշված գորգերի մի մասն այսօր պահվում է Երևանի Մատենադարանում, Հաղպատի և Սանահինի վանքերում, ինչպես նաև եվրոպական թանգարանների մասնավոր հավաքածուներում, որոնք վկայում են դրանց հայկական ծագման մասին։
Ադրբեջանի մշակութային քաղաքականությունը վերջին տասնամյակներին, հատկապես Արցախի հակամարտության համատեքստում, ուղեկցվել է ոչ միայն տարածքային, այլև մշակութային յուրացման գործընթացներով։ Ըստ դրա, հայկական մշակութային ժառանգության որոշ տարրեր ներկայացվում են որպես ադրբեջանական՝ անտեսելով այդ ժառանգության բազմադարյա հայկական ծագումնաբանությունը։ Այս պրակտիկան արձանագրվել է նաև միջազգային գիտական շրջանակներում։
Կարդացեք նաև
Բացի այդ, ցուցահանդեսում ներկայացված որոշ գորգեր՝ օրինակ Թավրիզի և Արդաբիլի գորգերը, որոնք պատմականորեն պատկանում են Իրանի մշակութային ժառանգությանը, նույնպես ներկայացվել են որպես ադրբեջանական։ Այս հանգամանքը առաջացրել է արձագանք նաև իրանական մեդիա դաշտում, որտեղ մատնանշվել է պատմամշակութային յուրացման վտանգավոր փորձը։ Իրանական Gunaz.tv հարթակը մատնանշում է, որ գորգարվեստը Իրանի հյուսիսային շրջաններում՝ մասնավորապես Թավրիզում, ունի հազարամյակների պատմություն, և փորձը այդ ժառանգությունը վերագրել նորաստեղծ Ադրբեջանի Հանրապետությանը՝ անընդունելի է մասնագիտական և պատմագիտական տեսանկյունից։
Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը որպես անկախ պետական միավոր ձևավորվել է 1920 թվականին։ Այս համատեքստում, միանգամայն հիմնավորված է թերահավատությունը այն պնդման նկատմամբ, թե ադրբեջանական գորգարվեստն ունի հազարամյակների պատմություն։ Հին աշխարհի գորգագործական կենտրոնները՝ Արտաշատ, Դվին, Վան և Արցախ, ի տարբերություն Ադրբեջանի ժամանակակից տարածքների, ունեցել են մշակութային գծված ինքնություն՝ ամրագրված գրավոր աղբյուրներում և նյութական հուշարձաններում։
Հատկանշական է, որ Նիդերլանդական մամուլում այս ցուցահանդեսի վերաբերյալ անկախ հրապարակումներ գրեթե չկան։ Լրատվական մի քանի հարթակներ, այդ թվում՝ Diplomat Magazine-ը, հիմնականում վերահրապարակել են Ադրբեջանի դեսպանության ու պաշտոնական հաղորդագրությունները՝ առանց վերլուծական գնահատման։ Սա ևս վկայում է, որ միջոցառման բովանդակային ներկայացումը չունի լայն հանրային դիտարկում և ստուգում։ Միևնույն ժամանակ, բացակայում է հայ համայնքի կամ այլ մասնագիտական շրջանակների կարծիքը՝ ինչը թույլ է տալիս պաշտոնական Բաքվին տարածել միակողմանի պատկերացումներ՝ հենվելով պատմության սուբյեկտիվ վերաձեւման վրա։ Պնդումը թե գորգերն ադրբեջանական են, ունեն խորը պատմական արմատներ, հիմնավոր չէն: Գորգագործության ավանդույթը տարածված է եղել ամբողջ Լեռնային Կովկասում, պայմանավորված էր նաև պարսկական ազդեցությամբ (օրինակ՝ Թավրիզ, Արբադիլ գորգերի դպրոցներ՝ Իրան), որոնք գտնվում էին ավելի հին փուլերում՝ քան Ադրբեջանի պետական հռչակման ժամանակը։ Այսպես, շատ գորգեր, որոնք ցուցադրվել են որպես «ադրբեջանական», վերջինիս մաս են կազմում համընդհանուր կովկասյան և պարսկական ավանդույթներ, որ արմատավորված են վաղ միջնադարից՝ մինչեւ 11–13-րդ դարեր։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ անհրաժեշտ է միջազգային հանրությանը ներկայացնել փաստարկված հակադրություն՝ հիմնված պատմական տվյալների, արվեստաբանական և մշակութաբանական վերլուծությունների վրա։ Մշակութային ժառանգության յուրացումը՝ հատկապես արվեստի նման զգայուն ոլորտում, ոչ միայն անթույլատրելի է, այլև վտանգավոր է տարածաշրջանային խաղաղության և պատմական արդարության համար։
Ղարաբաղի գորգագործությունը պետք է ներկայացվի իր իսկական՝ հայկական պատկանելիությամբ, իսկ մշակութային բազմազանության հանդեպ հարգանքը պետք է գերակայություն լինի բոլոր միջազգային հարթակներում։ Արդյոք այս միջոցառումը ուղղված է ազնիվ երկխոսությանը և մշակութային հարուստ ժառանգության տարածմանը, թե՞ պարզապես Ադրբեջանի կառավարությունը փորձում է ներկայացնել «փայլեցված» ազգային նկարագիր՝ փարատելու ներքին քաղաքական խնդիրներից առաջացող միջազգային քննադատությունը։
Վահան ԱՄԱՏՈՒՆԻ