Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն. Փաշինյան

Հունիս 26,2025 17:20

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը նշել է. «Բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի Հանրապետության անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն և, բնականաբար, նաև կանխվել է այդ պլանի իրագործումը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին: Առավոտյան հարցը քննարկել եմ նաև ՀՀ նախագահի հետ և կարծում եմ, որ իմաստ կունենա ԱԱԾի, Դատախազության, Քննչական կոմիտեի, ՆԳՆի, Ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման և պետական պարգևի: Կարծում եմ՝ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետև ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել, և ես այս պահին չունեմ որևէ այլ բան ասելու՝ բացի հրապարակվածից: Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա, և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև հանրային արձագանքներին. «Մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց. օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր Հոկտեմբերի 27 է կանխվել։ Մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում՝ արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարո՞ղ էր կանխել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ՝ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես պետք է փորձենք վստահելի ձևով ձևակերպել։ Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգն այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»։ 

Հայաստանում 2025-ի մայիսին արձանագրվել է աշխատատեղերի բացարձակ ռեկորդ

Հայաստանում մայիսին տնտեսական բավականին լավ ցուցանիշներ են արձանագրել: Այս մասին Կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այն իր նախնական դիտարկմամբ կարևոր է հետևյալով. «Կարծես թե որոշակի բարեփոխումների, հայեցակարգային մոտեցումների, ձևակերպումների, իհարկե, նաև մեր գործարար համայնքի և տնտեսական գործունեությամբ զբաղվող մեր հայրենակիցների գործունեության շնորհիվ մեր տնտեսությունը ճկունության որոշակի դրսևորումներ է ցուցադրում՝ արագ արձագանքելու իրադրություններին և դրանց փոփոխությանը, ինչն ամենակարևոր արձանագրումը կարող է լինել, եթե, իհարկե, հետազոտական մակարդակում կարողանանք վերահաստատել, որ այս ընկալումը ճիշտ է»:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել տնտեսական ակտիվության ցուցանիշների վերաբերյալ. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը երկնիշ թվով՝ 10,4 տոկոսով, աճել է 2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի նկատմամբ: Այն հիմնականում պայմանավորված է շինարարության և ծառայությունների աճով, այսինքն՝ տնտեսության իրական հատվածում մեծ աճ ունենք: Չնայած այն հանգամանքին, որ արդյունաբերության ոլորտում 5,5 տոկոսով կրճատում կա, մենք Վիճակագրական կոմիտեի հետ աշխատանք իրականացրեցինք և տեսանք, որ մի շարք ոլորտներում մեծ աճ ունենք: Օրինակ՝ քիմիայի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, հանքագործության և այլ ոլորտներում արտադրությունն էական աճել է: Պարզապես նախորդ տարի եղել է ոսկու վերամշակման պրոցես, որն այս տարի 41 տոկոսով կրճատվել է, և դրա հաշվին է, որ նրանց բարձր աճերը, ըստ էության, բերվել են, և արդյունքում մենք 5 տոկոսից մի փոքր ավելի կրճատում ունենք: Այսինքն՝ տնտեսության մեջ բավականին մեծ ակտիվություն կա, նաև արտադրության ոլորտներում, և եթե մենք ոսկու գործոնը չեզոքացնեինք, էլ ավելի մեծ արդյունք կունենայինք»: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արդեն այս արդյունքի համադրմամբ հունվար-մայիսը նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ արձանագրել է 5,7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Վարչապետն ընդգծել է՝ մայիսին էլ մենք ունենք բացարձակ ռեկորդ Հայաստանում արձանագրված աշխատատեղերի. մայիսին Հայաստանում աշխատավարձով ապահոված 790 հազար 320 աշխատատեղ է գրանցվել, որը 2018 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 242 հազար 331-ով կամ 44 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի մայիսի համեմատ 242 հազար աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում: Աշխատավարձային ֆոնդն ավելի է 2018 թվականի մայիսի համեմատ 146 մլրդ դրամով կամ 151 տոկոսով, այսինքն՝ աշխատավարձի ֆոնդը 2,5 անգամ աճել է: Եկամտային հարկի հետ կապված շատ կարևոր ցուցանիշ կա. եկամտային հարկի ցուցանիշը 2018 թվականի մայիսի համեմատ կրկնապատկվել է: «Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մենք եկամտային հարկի դրույքաչափը նվազեցրել ենք՝ սահմանելով համահարթ եկամտահարկի դրույքաչափ, բայց արդյունքում հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են՝ 101 տոկոսով, իսկ միջին աշխատավարձն աճել է 74 տոկոսով»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետն անդրադարձել է նաև տնտեսության ներսում կառուցվածքային որոշակի խնդիրներին, մասնավորապես նրան, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսին նվազել է: Արձագանքելով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ նվազումը պայմանավորված է ինքնավար կայանների արտադրությամբ, երբ հիմնականում փոքր տնտեսությունները՝ մինչև 15 կվտ, իրենց արտադրածը սպառում են, և դա չի արտացոլվում արտադրանքի ընդհանուր ծավալի մեջ: Ըստ նախարարի՝ վերջին տարիներին արևային կայանների թիվն էականորեն ավելացել է, և այս պահին ունենք տեղադրված արդեն շուրջ 770 Մվտ հզորությամբ կայաններ, ինչը մեր ատոմային էներգակայանի կրկնակի հզորությունն է:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս հանգամանքը և հիշեցրել, որ 2018-2020 թվականներին ակտիվ քննարկվում էր էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման հարցը, և այս ընթացքում վերականգնվող արևային էներգիայով գրեթե երկու ատոմակայանի հզորության արևային հզորություններ են գեներացվել: Վարչապետը այն համարել է լուրջ ձեռքբերում. «Իհարկե, էներգետիկ ոլորտի կառավարման առումով որոշակի նոր իրավիճակ է առաջացել, որտեղ ադապտացվելու կառավարման խնդիրներ կան, բայց ինքնին այդ ցուցանիշը չափազանց կարևոր եմ համարում: Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով՝ երկու ատոմակայան ենք ստացել, և հարց է՝ այդ երկու ատոմակայանն ինչպե՞ս կառավարենք. դա երկրորդ խնդիրն է»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է էներգետիկայի ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի, էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների հետ կապված: «Սա կարող է լինել երկու պատճառով՝ սաբոտաժ կամ համակարգի տեխնիկական խնդիր: Երկու դեպքում էլ նրանք բոլոր գծերն անցել են, և այն, ինչ ասել եմ, առաջիկայում պետք է անցնեք դրա իրագործման փուլին: Իհարկե, պրոցեսը չի լինի մեկփուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ ՓԲԸի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և արդյունավետ իրականացնենք»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է նաև, որ այդ հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, այն քննարկել է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, և Կառավարության գործընկերների հետ համատեղ օրենքի նախագիծ է մշակվել, և նախատեսվում է, որ առաջիկայում ԱԺ արտահերթ նիստով կկատարվեն համապատասխան փոփոխությունները: «Առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա: Դրա իմաստը կլինի այն, որ պետությունը, Կառավարությունը կստանձնի ՀԷՑի կառավարումը, և այդ կետից սկսած՝ արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք: Բայց նորից ուզում եմ մի ռազմավարական հարցի անդրադառնալ՝ որ սցենարով էլ գնանք, մենք մի իքս պահի պետք է ապահովենք ՀԷՑ ՓԲԸի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը: Մեր ընթացքի փորձը հաշվի առնելով՝ պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև ՀՀ քաղաքացիները, իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն՝ բաժնետոմսեր ձեռք բերել: Ուզում եմ հիշեցնել, որ մենք նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում, որպեսզի մեր քաղաքացիներն իրենց խնայողություններով հնարավորություն ունենան որոշակի բաժնետոմսեր ձեռք բերել: Սա մեր հարուցած գործընթացների կարևոր վերջնակետերից և արդյունքներից մեկը պետք է լինի»,– ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ Կառավարության աշխատանքի արդյունավետությունից է նաև կախված երկրի տնտեսական դինամիկան: Վարչապետն անդրադարձել է նաև զբոսաշրջության ոլորտին՝ նշելով, որ մայիսին շատ տեսանելի և էական աճ է արձանագրվել: 

Կառավարությունը շարունակում է սուբվենցիոն ծրագրերի իրականացման ապահովումը. այս տարի պետբյուջեից արդեն հատկացվել է 7,6 միլիարդ դրամ

Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 124 մլն դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման շրջանակում համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, առաջարկվում է համաֆինանսավորել 14 համայնքի 18 ծրագիր, որից մեկական ծրագիր՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում, 3-ական ծրագիր՝ Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում, 6 ծրագիր՝ Լոռու մարզում: «Սույն որոշման հաստատմամբ մենք արդեն 2025 թվականի պետական բյուջեի մասով միայն կունենանք 7,6 միլիարդ դրամի պետական մասի համաֆինանսավորում»,- ասել է նախարարը:

Վարչապետը թվարկել է սուբվենցիոն այն ծրագրերը, որոնց համար որոշմամբ գումար է հատկացվել: Այսպիսով, Արագածոտնի մարզ՝ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, Արտաշավան, Բազմաղբյուր, Կարբի, Ղազարավան, Նոր Երզնկա, Ուշի, Սաղմոսավան, Սասունիկ, Փարպի և Օհանավան բնակավայրերի փողոցների ասֆալտապատման շինարարական աշխատանքների իրականացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70%, հիմնանորոգվել է 16 կմ երկարությամբ ճանապարհ), Արարատի մարզ՝ Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրում մանկապարտեզի կառուցում (ավարտված, կառուցվել է 737,7 քմ մակերեսով, 100 սանի համար նախատեսված /4 խումբ/ մանկապարտեզ), Արմավիրի մարզ՝ Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում (ավարտված, հիմնանորոգվել է երկհարկանի շենքը՝ 1,500քմ), Արաքս համայնքի Արաքս, Առատաշեն և Լուսագյուղ բնակավայրերի ոռոգման համակարգերի կառուցում (Ավարտված, կառուցվել է 2,87կմ ոռոգման ցանց, ոռոգելի տարածքը 100 հա, շահառուները` 250 տնային տնտեսություն), Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի մանկապարտեզի շենքի հարակից տարածքի բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, բարեկարգվել է 2470 քմ տարածք, բակային հատվածում կառուցվել է խաղահրապարակ, տեղադրվել է 4 տաղավար, սաների թիվը՝ 100), Գեղարքունիքի մարզ՝ Գավառ համայնքի Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, կառուցվել է 2,75կմ ջրագիծ, շահառուները՝ 1063 տնային տնտեսություն), Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրում ոռոգման ջրատարի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, կառուցվել է 6 կմ ոռոգման համակարգ, ոռոգելի տարածքը 250 հա, շահառուները՝ 517 տնային տնտեսություն), Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի մանկապարտեզի համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում (ավարտված, գույքն ամբողջությամբ մատակարարվել է), Լոռու մարզ՝ Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի գլխավոր փողոցների լուսավորության համակարգի արդիականացում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, կառուցվել է 19,2 կմ երկարությամբ լուսավորության համակարգ, տեղադրվել է 1224 հենասյուն և նույնքան լուսատու), Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային այգու և Ալեայի անցուղու մի հատվածի բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, հիմնանորոգվել է 17065 քմ տարածք), Թումանյան համայնքի Թումանյան բնակավայրի բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 85%, վերանորոգվել է 20 բազմաբնակարան շենքերի թվով 32 շքամուտք, շահառուները՝ 273 բնակարանի 759 բնակիչ), Թումանյան համայնքի Թումանյան բնակավայրի 5-րդ փողոցի սալարկում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, սալարկվել է 195 գծմ երկարությամբ ճանապարհ), Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի ներհամայնքային փողոցների հիմնանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70%, հիմնանորոգվել է 1,25կմ երկարությամբ ճանապարհ) Տաշիր համայնքի Նորաշեն, Ապավեն, Արծնի և Սարչապետ բնակավայրերի ճանապարհների սալարկում (կատարված շինարարական աշխատանքները՝ 70%, սալարկվել է 1,8 կմ երկարությամբ ճանապարհ), Կոտայքի մարզ՝ Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգման և կառուցման աշխատանքներ (ավարտված, կառուցվել է 1,66 կմ ջրատար, ոռոգելի հողատարածքը՝ 4 հա), Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, կառուցվել է 9,6 կմ երկարությամբ խողովակաշար, շահառուները՝ 239 տնային տնտեսություն), Տավուշի մարզ՝ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Այգեստան փողոցից դեպի Ասլանյան փողոց միացնող հատվածի և հարակից նրբանցքի հիմնանորոգում և սալարկում տուֆ քարով (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, սալարկվել է ընդհանուր, 630 գծմ երկարությամբ ճանապարհ):

Կապահովվի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացումը

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակներում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակներում 2025 թ. երկրորդ եռամսյակում դիմող շուրջ 410 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 300 մլն դրամ։ Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ծրագրի շրջանակում 2025 թվականի համար հաստատված բյուջեն կազմում է 1.8 միլիարդ դրամ, որը համամասնորեն բաշխվել էր ըստ եռամսյակների։ Ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն և առաջին կիսամյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները սպառվել են, ուստի անհրաժեշտություն է առաջացել շահառու ճանաչված անձանց շրջանում վճարումներ իրականացնելու համար հատկացնել լրացուցիչ գումար: Հունիսի 1-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1164 ընտանիք, որոնց վճարվել է շուրջ 900 միլիոն դրամ։ Ծրագրի մեկնարկից՝ 2020 թ. հուլիսի 1-ից, աջակցություն է ստացել 13,285 շահառու ընտանիք, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են շուրջ 9.5 միլիարդ դրամ։ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ ծրագրի դիմելիության ներկայիս տեմպը պահպանվելու դեպքում՝ երկրորդ կիսամյակի ընթացքում հավանաբար կրկին անհրաժեշտություն կլինի ևս ֆինանսական միջոցների հայտ ներկայացնելու:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ սա այն դեպքն է, որ մենակ հաճույքով կկայացնեն ֆինանսական միջոցների ավելացման որոշումը. «Խոսքը երեխայի ծնվելու կապակցությամբ բնակարան ձեռք բերելու հարցում ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու մասին է»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը ներկայացրել է ծրագրի երկու բաղադրիչները. «Առաջին բաղադրիչով, եթե ընտանիքն ունի արդեն առնվազն երկու անչափահաս երեխա և ցանկանում է տուն ձեռք բերել որևէ մարզային բնակավայրում, այդ դեպքում պետությունը աջակցում է կանխավճարի տեսքով։ Երկրորդ բաղադրիչն այն է, երբ երեխա է ծնվում այն ընտանիքում, որտեղ ընտանիքը ունի հիպոթեք, այդ դեպքում առաջին և երկրորդ երեխայի ծննդի դեպքում մինչև 500 հազար դրամ և երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ միանվագ ուղղում է մայր գումարի մարմանը»։

Վարչապետն այդ համատեքստում անդրադարձել է ժողովրդագրության ոլորտում առկա խնդիրներին և ցավով նշել, որ ծնելիության ցուցանիշները նվազում են. «Մենք ամենատարբեր ծրագրերով պետք է շարունակենք ցուցաբերել աջակցություն այն ընտանիքներին, որտեղ երեխաներ են ծնվում։ Այս ցուցանիշները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, ծրագիրը պահանջված է, բայց հույս ունենք, որ այս և մյուս ծրագրերի և, ընդհանուր առմամբ, երկրում մթնոլորտի բարելավման և ապագայի նկատմամբ ավելի մեծ վստահություն կառուցելու արդյունքում, մենք կկարողանանք ժողովրդագրության, ծնելիության ոլորտի խնդիրները հաղթահարել։ Սա, իհարկե, տեղի չի ունենա մեկերկու գործողությամբ։ Մենք ընդունել ենք ժողովրդագրության ոլորտի ռազմավարություն և այն պետք է հետևողականորեն իրականացնենք, որպեսզի կարողանանք մեր խնդիրները լուծել»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդագրությունը բազմաշերտ երևույթ է, որտեղ առանցքային նշանակություն ունեն մի շարք գործոններ, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական, անվտանգային միջավայրը և ապագայի նկատմամբ հավատը: Երկրի ղեկավարը շեշտել է, որ Կառավարությունը հետևողական պետք է շարունակի գործունեությունը՝ այդ ուղղություններով իրադրությունների բարելավման նպատակով:

Կառավարությունը հաստատել է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը

Գործադիրն ընդունել է «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու, ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» որոշում: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, հանրակրթության բարեփոխումների շատ կարևոր բաղադրիչ է դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունը, որն ուղղված է սպասարկելու և ապահովելու հանրակրթության թե՛ բովանդակային, թե՛ կառավարման բարեփոխումները: «Հանրակրթության ֆինանսավորման նոր կարգը սկսել է գործել 2023 թ.՝ սկզբունքորեն փոխելով դպրոցների ֆինանսավորման հայեցակարգը, որտեղ մենք անցում արեցինք աշակերտ թվով ֆինանսավորումից դեպի դասարան թվով ֆինանսավորման և սահմանեցինք նորմատիվային ֆինանսավորում դպրոցների համար։ Կարևոր եմ համարում ընդգծել ֆինանսավորման նոր կարգը բարեփոխում է ուսուցչի վարձատրության և աշխատանքի համակարգը»,-ասել է նախարարը: ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ ուսուցիչների վարձատրությունը մեկ անգամ բարձրացել է 2019 թվականին՝ համատարած 10 տոկոսով: Այնուհետև, 2020 թվականին սահմանվել է ուսուցչի վարձատրության նվազագույն շեմ՝ 108 հազար 800 դրամ: Ֆինանսավորման նոր կարգով 2023 թվականից ուսուցչի նվազագույն աշխատավարձը սահմանվել է 119,900 դրամ: Բացի այդ՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց՝ նվազեցվել է ուսուցիչների շաբաթական դասավանդվող դասաժամերի քանակը՝ տարրական դասարաններում նախկին 22 ժամի փոխարեն սահմանելով 18, իսկ մնացած դասարաններում՝ 20 ժամ, ինչը ևս հանգեցնում է դասավանդվող մեկ դասի արժեքի բարձրացման՝ 20%-ով տարրական դասարանների և 10%-ով՝ միջին և ավագ դասարանների համար: Նախարարը տեղեկացրել է՝ կրթության որակին ուղղված ֆինանսավորման կարգի մի շարք այլ փոփոխություններ են ներդրվել: Մասնավորապես՝ առաջադիմության խնդիր ունեցող երեխաներին պետության միջոցներով տրամադրվում են կրթական հավելյալ ծառայություններ՝ երկարօրյա պարապմունքների ձևով: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավարտվող ուսումնական տարում 13,400-ից ավելի երեխաներ այս մոտեցմամբ բարելավել են իրենց կրթական արդյունքը:

Ըստ այդմ՝ նոր կարգով սահմանվում է պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները, ինչպես նաև նորմատիվները կհաստատվեն ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով, որ դրանք փոխկապակցված են: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նոր կարգով նախատեսվում է նաև ՀՀ Կառավարության որոշմամբ ուսումնական հաստատությունների խնայողությունների և տնտեսումների մի մասն ուղղել դպրոցներում առկա այլ խնդիրների լուծմանը: Ըստ նախարարի՝ սա կարևոր ճկունություն է՝ դպրոցներում առաջացող ընթացիկ խնդիրները կարգավորելու առումով: Նախորդ տարի 500 դպրոցում 800 մլն դրամի կապիտալ աշխատանք է իրականացվել անհրաժեշտ ուղղություններով:

Նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ուսուցում իրականացնող մենթոր դպրոցների ուսուցիչների աշխատանքները համակարգողին՝ մենթորին, լրավճար տրամադրելու մեխանիզմ: Ժաննա Անդրեասյանի տեղեկացրել է, որ ուսուցչի՝ չհամալրվող թափուր հաստիք ունեցող գյուղական դպրոցներում իրականացվում է էլեկտրոնային դասավանդում. այս պահին գյուղական 96 դպրոցի 5250 երեխա այս միջոցով շատ կարևոր առարկաների դասավանդում է ստանում 190 ուսուցչի կողմից: Կարգը կգործի 2025 թ. սեպտեմբերի 1-ից:

Կապահովվի «Մինչև 2026թ. առնվազն 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման» ծրագրերի իրականացման շարունակականությունը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ 2025թ.-ի պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1,498,625.7 հազար դրամի չափով, որից՝ 496,378.9 հազար դրամը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի լրացուցիչ պահպանման ծախսերի ապահովման նպատակով, 940,461.6 հազար դրամը՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրերի շրջանակներում աշխատանքների ապահովման նպատակով, իսկ 61,785․2 հազար դրամը՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ թվով 18 դպրոցի վերանորոգման/հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով: Մասնավորապես՝ 300 դպրոցի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում 811 մլն դրամ կհատկացվի Արագածոտնի մարզի գ. Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոցի և Արմավիրի մարզի գ. Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների ս․թ․ բյուջեով հատկացված գումարի ավելացման համար։ Դպրոցների կառուցումը մեկնարկել է 2024թ-ին և նախատեսվում է ավարտել 2026թ-ին։ 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրի շրջանակում 129.5 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի Ֆանտան բնակավայրում մանկապարտեզի կառուցման համար։ Մանկապարտեզը կառուցվելու է 75 տեղ հզորությամբ՝ տիպային նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապմամբ։ Որոշմամբ գումար կհատկացվի նաև Հնաբերդի դպրոցի կառուցման մասով դատական վճռով ստանձնած պարտավորության ապահովման համար:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, գումարի վերաբաշխման շրջանակում կմեկնարկեն նաև 27 դպրոցների նորոգման աշխատանքներ, ևս 22 դպրոցներում էլ նորոգումն ընթացքի մեջ է:

Որոշմամբ գումար է հատկացվում նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ թվով 18 դպրոցների վերանորոգման/հիմնանորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման համար։ Վարչապետը թվարկել է այդ դպրոցները. Երևանի՝ Սմբատ Բյուրատի անվան հ. 125 հիմնական դպրոց, Սիլվա Կապուտիկյանի անվան հ. 145 հիմնական դպրոց, Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոց, Ա. Հովհաննիսյանի անվան հմ. 194 հիմնական դպրոց, Արագածոտնի մարզի՝ Կաքավաձորի միջնակարգ դպրոց, Քուչակի միջնակարգ դպրոց, Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, Աղձքի միջնակարգ դպրոց, Երնջատափի Ե․ Չարենցի անվան միջնակարգ դպրոց, Մելիքգյուղի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի՝ Հովտամեջի միջնակարգ դպրոց, Սարդարապատի միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի՝ Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց, Ախուրյանի Ն. Աղբալյանի ավագ դպրոց, Սյունիքի մարզի՝ Քարաշենի միջնակարգ դպրոց, գ. Գորայքի միջնակարգ դպրոց, գ. Ախլաթյանի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Կառավարության նպատակն է ունենալ նոր դպրոցներ՝ բոլոր հին դպրոցների փոխարեն: Արձագանքելով՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է. «Գործող ցանկում ունենք 340 դպրոցներ, որոնցից 200-ը նոր կառուցվողներն են (45-ի կառուցումը՝ ավարտված), մնացած 140-ը նորոգվողներն են»:

Վարչապետը թվարկել է նաև նորոգվող դպրոցները: Այսպիսով, Արարատի մարզ՝ Հնաբերդի միջնակարգ դպրոց, Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ՝ Այգեկի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզ՝ Վաղաշենի միջնակարգ դպրոց, Լոռու մարզ՝ Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, ք. Վանաձորի Ա.Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց, ք. Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց, Ագարակի միջնակարգ դպրոց, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, Շիրակի մարզ՝ Գյումրու քաղաքի թիվ 32 հիմնական դպրոց, թիվ 38 հիմնական դպրոց, թիվ 41 հիմնական դպրոց, թիվ 28 հիմնական դպրոց, Փանիկի միջնակարգ դպրոց, Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, թիվ 20 հիմնական դպրոց, թիվ 23 միջնակարգ դպրոց, Ազատանի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզ՝ Մ. Սաղումյանի անվան Բերդի ավագ դպրոց, Կայանի Հովհաննես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց:

Նիկոլ Փաշինյանը թվարկել է այն դպրոցները, որտեղ նորոգման աշխատանքներ են մեկնարկելու. Արագածոտնի մարզ՝ Մաստարայի միջնակարգ դպրոց, Թալինի ավագ դպրոց, Արարատի մարզ՝ Բաղրամյանի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ՝ Նորակերտի միջնակարգ դպրոց, Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց, Լոռու մարզ՝ Գյուլագարակի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ՝ Գառնու թիվ 2 ավագ դպրոց, Շիրակի մարզ՝Աշոցքի միջնակարգ դպրոց, Գյումրու Օյունջյանի միջնակարգ դպրոց-վարժարան, Գյումրու թիվ 9 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց, Հառիճի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց, Կառնուտի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց, Նոր Կյանքի միջնակարգ դպրոց, Արևշատի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզ՝ Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոց, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց, Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Ձագիկավանի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզ՝ Թեղուտի միջնակարգ դպրոց, Բերդավանի միջնակարգ դպրոց, Տավուշի միջնակարգ դպրոց:

Օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ 

Գործադիրի որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ՝ կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշմամբ սահմանվել է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

ՀՀից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետությունից մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 6 ամիս ժամկետով, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ։ Որոշման ընդունմամբ զգայուն ապրանքների մասով կմոտարկվեն ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից միակողմանի կիրառվող արտահանման կարգավորման միջոցները, ինչը պահպանվող համաշխարհային հակաճգնաժամային իրավիճակի ներքո և պարենի միջազգային գների աճի պարագայում՝ կապահովի Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայի անխափան գործունեությունը։

Հավասար պայմաններ՝ տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը սահմանելու մասին» որոշում: Նման որոշման ընդունումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.): Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները, մասնավորապես՝ 2023 թվականին Իրանից Հայաստան է ներմուծվել 260 հազ.տ. ցեմենտ (աճը 2022թ. նկատմամբ 3.5 անգամ, իսկ ըստ Պետական եկամուտների կոմիտեից աշխատանքային կարգով տրամադրված տվյալների՝ 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 436 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ. նկատմամբ՝ 72%)։ Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը, ինչի արդյունքում՝ վատթարացել է նաև տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը: Ըստ այդմ՝ կսահմանվի ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր՝ վեցամսյա ժամկետ:

Սահմանվել են 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները

Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի իրականացրած հետազոտությունների համաձայն՝ Սևանա լճում 2024 թ. նոյեմբերին սիգի ընդհանուր պաշարը գնահատվել է 1293,7 տոննա, իսկ արդյունագործական պաշարը՝ 944,4 տոննա։ Հաշվի առնելով, որ սիգի արդյունագործական պաշարը 2023 թ. (513 տոննա) համեմատ ավելացել է մոտ 430 տոննայով՝ գիտական կենտրոնն առաջարկել է 2025 թ. սիգի արդյունագործական որսը սահմանել 314 տոննա՝ արդյունագործական ընդհանուր պաշարի 30%, սակայն հաշվի առնելով սիգի ընդհանուր պաշարի նվազման միտումը արդյունագործական որսի ժամկետը սահմանվել է մինչև հունիսի 1-ը։ Սահմանված ժամանակահատվածում փաստացի որսվել է 309.6 տոննա ձուկ։ Ձվադրման գործընթացի արդյունավետությունն ու ձկան ընդհանուր պաշարների համալրման տեմպը գնահատելու համար 2025 թ. գարնանը՝ մարտի 17-ից մինչև 21-ը լճում իրականացվել է լրացուցիչ հետազոտություն։ Ստացված տվյալների համաձայն՝ լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 2814.4 տոննա, իսկ արդյունագործականը՝ 613.4 տոննա, ինչը ենթադրում է, որ թեպետ պոպուլյացիայի վիճակը դեռևս անկայուն է, սակայն միևնույն ժամանակ առկա է վերականգնման միտում։ Այդ հիմքով գիտական կենտրոնն առաջարկել է 2025 թ. արդյունագործական որսը ավելացնել ևս 189 տոննայով (մոտ 30%): Որսի իրականացման ժամկետ է սահմանվել մինչև նոյեմբերի 20-ը՝ ձկան նախաձվադրման փուլի սկիզբը։ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ Գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին ևս կիրականացվեն ձկան պաշարի ուսումնասիրություններ, որի արդյունքում ստացված տվյալները հիմք կհանդիսանան աշնանային որսաշրջանի համար չափաքանակ սահմանելու հարցը քննարկելու համար։

Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները կտեղափոխվեն Մինաս Ավետիսյանի թանգարան

Կառավարության որոշմամբ նախատեսվում է թույլատրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող՝ Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները տեղափոխել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում գտնվող «Հայաստանի ազգային պատկերասրահ»-ի «Մինաս Ավետիսյանի թանգարան» մասնաճյուղ, ինչպես նաև կանոնակարգել որմնանկարների տեղափոխման և գույքային իրավունքների գրանցման գործընթացը։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա որմնանկարները ցուցադրել թանգարանային միջավայրում՝ հեղինակի այլ ստեղծագործությունների հետ համատեղ, ինչպես նաև հանրության լայն զանգվածների համար հնարավորություն կստեղծվի թանգարան այցելելով տեսնել որմնանկարները: Միաժամանակ, թանգարանում առկա են նաև բարենպաստ պայմաններ որմնանկարների հետագա պահպանությունն իրականացնելու համար: Վարչապետի հանձնարարությամբ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է Որմնանկարների Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճից ապամոնտաժման, նկարչի թանգարան տեղափոխման, նոր վայրում տեղադրման և վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի պատրաստումը։

Վանաձորում գտնվող պետական գույքը կօտարվի դասական աճուրդով

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Լոռի մարզի Վանաձոր քաղաքի Նիզամու փողոց 53/1 հիվանդանոց հասցեում գտնվող գույքն օտարել դասական աճուրդով: Գույքը նախկինում հանդիսացել է Վանաձորի բժշկական կենտրոնի սեփականություն հանդիսացող գույքի մաս, որը, որպես ազատված շինություն, հանձնվել է կոմիտեին և ներկայումս չի շահագործվում։ Աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը սահմանվել է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 276 800 000 դրամ։

Կապահովվեն պատշաճ դեղազգոնության գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկումները

Կառավարությունը սահմանել է Պատշաճ դեղազգոնության գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման և այլ երկրների իրավասու մարմինների դիտարկման հաշվետվությունների ճանաչման կարգը: Ըստ հիմնավորման՝ պատշաճ դեղազգոնության գործունեության կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկումները կարևոր նշանակություն ունեն դեղի ռիսկ/օգուտ հարաբերակցության շարունակական գնահատման և անվտանգության ապահովան տեսանկյունից: ՊԴԳ համապատասխանության մասնագիտական դիտարկումները և այլ երկրների իրավասու մարմինների կողմից իրականացված հաշվետվությունների ճանաչումը ինչպես ազգային, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության կանոններով գրանցված դեղերի համար կիրականացվեն միասնական կանոններով՝ ապահովելով դեղերի անվտանգության մշտադիտարկման նպատակով իրականացվող գործողությունների հստակությունը և ներդաշնակեցումը տարածաշրջանային կանոնակարգերին:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ սահմանվել է Պատշաճ լաբորատորային գործունեության (ՊԼԳ) կանոններին համապատասխանության մասնագիտական դիտարկման և Պատշաճ լաբորատորային գործունեության հավաստագրի տրամադրման կարգերը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Արդյունքում՝ կապահովվի նախակլինիկական հետազոտությունների գնահատման գործողությունների հստակությունը և ներդաշնակեցումը տարածաշրջանային կանոնակարգերին: Միաժամանակ, կարգի համաձայն հայտատուներին կտրամադրվի ՊԼԳ հավաստագիր, որը կարող է ներկայացվել այլ երկրների իրավասու մարմիններին՝ նրանց կողմից նախաձեռնվող դիտարկումների պլանավորման ընթացքում կիրառելու նպատակով:

Կապահովվի մշակութային արժեքների շարժի ու շրջանառության օրինականությունը

Գործադիրը հաստատել է Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը: Ըստ այդմ՝ նախատեսվում է տարանջատել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգը: Նախատեսվում է լիցենզիան տրամադրել մաքսային ընթացակարգով մշակութային արժեքների ձևակերպման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տրանսպորտով մշակութային արժեքների փոխադրման համար, իսկ եզրակացությունը՝ ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար: Արդյունքում կապահովվի մշակութային արժեքների շարժի ու շրջանառության օրինականությունը, կկանխարգելի ապօրինի արտահանումը և կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը:

Կառավարության որոշումներով հաստատվել են նաև Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) ժամանակավոր արտահանման և վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգն ու չափանիշները, ինչպես Հանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգն ու չափանիշները:

Կառավարությունն ընդունել է նաև «Անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ալափարս բնակավայրի Երևան-Սևան մայրուղի 30-31 կմ, 3 հուշարձան՝ «Հավերժության ժապավեն», հասցեում գտնվող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը:

Հայաստանում կներդրվի կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և միջոցառումների տեսակների դասակարգման համակարգ

Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի և միջոցառումների տեսակների դասակարգման համակարգը (տաքսոնոմիան): Ըստ հիմնավորման՝ որոշման ընդունումը կարևոր ուղենիշ է Հայաստանի Հանրապետությունում կանաչ, անցումային և նպաստող ծրագրերի ու միջոցառումների դասակարգման համակարգի ներդրման համար: Դասակարգման համակարգը (տաքսոնոմիան) կապահովի ավելի կանաչ, նորարարական և տեխնոլոգիապես առաջադեմ ապրանքների ու ծառայությունների համար շուկայի ավելի արագ զարգացումներ: Վերոնշյալի ապահովման հիմնական գործիքակազմն ընդգրկում է օրենսդրական և իրավակարգավորող դաշտի բարելավմանն ուղղված նախաձեռնություններ, որոշման հիմնական շահառու հանդիսացող կողմերի իրազեկվածության բարձրացում, համագործակցություն ոլորտի միջազգային գործընկեր կառույցների հետ, ինչպես նաև կանաչ ենթակառուցվածքներում ներդրումների խրախուսում։

Օրենսդրական նախաձեռնություններ. կներդրվի ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման պարզեցված և ավտոմատացված համակարգ 

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է օրենսգրքում վերանայել՝ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից աշխատուժի տրամադրման ծառայությունների մատուցման դեպքում մշտական հաստատության ձևավորման չափանիշները, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների շրջանակը, ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման դրույթները՝ գործընթացի պարզեցման և ավտոմատացման նպատակով, գործատուի կողմից մայրության նպաստը և ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարելու և բյուջեից փոխհատուցում ստանալու հետ կապված կարգավորումները։ Արդյունքում, մասնավորապես՝ ոչ ռեզիդենտ կազմակերպության վարձած աշխատողներին ՀՀ տարածքում կատարվող աշխատանքների և (կամ) մատուցվող ծառայությունների դիմաց վճարվող եկամուտները կհամարվեն ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներ և ենթակա կլինեն հարկման եկամտային հարկով, եթե վճարվող եկամուտները ոչ ռեզիդենտ կազմակերպության ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատության համար կհամարվեն ծախս և (կամ) աշխատողները ներգրավված կլինեն մշտական հաստատության գործունեության մեջ: Կներդրվի նաև ՀՀ հարկային ռեզիդենտի կարգավիճակի հաստատման մասին տեղեկանքի տրամադրման պարզեցված և ավտոմատացված համակարգ։

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: 

Միջազգային համագործակցություն. դրամաշնորհ կտրամադրվի «Նաիրիտ» գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մի շարք քննարկումներ է իրականացրել Համաշխարհային բանկի հետ, մասնավորապես՝ գործարանում առկա սարք-սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման ուղղությամբ: Համաձայնագրով նախատեսվում է գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավման նպատակով առաջարկվող ներդրումային գործառնությանն ուղղված դրամաշնորհի տրամադրում՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Գործունեության նպատակն է նպաստել հանրության առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկերը լուծելու համար առաջարկվող նախագծի նախապատրաստմանը: Նախատեսված են, մասնավորապես, հետևյալ գործողությունները՝ նախագծում և տեխնիկական գնահատում, բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատում, կարողությունների զարգացում և այլն:

Հավանություն է տրվել Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Մոնղոլիայի՝ մյուս կողմից, միջև ժամանակավոր առևտրային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել Կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել Կողմերի միջև առևտրի ընդլայնումը և բազմազանեցումը։ Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է ապահովել Համաձայնագրի կողմերի միջև առևտրի ընդլայնում և դիվերսիֆիկացում, ինչպես նաև բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունը մոնղոլական շուկայում՝ ավելացնելով արտահանման ծավալները:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրի նպատակն է` ազատականացնել և պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, այդ թվում՝ սակագնային և ոչ սակագնային խոչընդոտների նվազեցման միջոցով, աջակցել կողմերի միջև տնտեսական և առևտրային փոխգործակցությանը, ինչպես նաև խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը։ Համաձայնագրում հատուկ ուշադրություն է դարձվում փոքր և միջին ձեռնարկությունների փոխգործակցությանը, ինչպես նաև համաձայնագրով ստեղծված հնարավորությունների և կիրառվող կանոնակարգերի մասին բիզնեսին ժամանակին տեղեկացնելու պարտավորություններին:

Կառավարությունը հավանություն է տվել 2025 թ. մարտի 31-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև 2023 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26.000.000 եվրո վարկ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում. փուլ IV» ծրագրի համար և մինչև 2.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար: Բացի այդ՝ ԳԴՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուների հնարավորություն է ընձեռում ստանալ մինչև 40.000.000 եվրո արտոնյալ վարկ փուլ V ծրագրի համար, որը Վերականգնման վարկերի բանկի միջոցով հատկացվում է Զարգացման հանրային համագործակցության շրջանակում, ինչպես նաև մինչև 1.000.000 եվրո դրամաշնորհ՝ վերոնշյալ ծրագրի իրականացման և խորհրդատվության համար անհրաժեշտ հարակից միջոցառումների համար:

Հավանություն է տրվել նաև «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին 2002 թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրին կից կիրարկման արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը։ Կողմերը պարտավորվում են մասնագիտացված հիմնարկություններում տեղավորված բոլոր անչափահասների համար ստեղծել բարենպաստ և հավասար պայմաններ: Անչափահասների մասնագիտացված հիմնարկություններում պահելու հետ կապված ծախսերը կրում է այն կողմը, որի պետության տարածքում դրանք առաջացել են: Անչափահասների տեղափոխման հետ կապված ծախսերը կրում է նրանց մշտական բնակության պետությունը:

 Այլ որոշումներ 

Կառավարության որոշմամբ առաջարկվել է Ազգային ժողովի նախագահին հուլիսի 1-ին ժամը 11:00-ին գումարել արտահերթ նստաշրջան:

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երկու ամսով երկարացվելու արդյունքում 21 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 12,600 հազար դրամ:

 ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30