Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Նրանք նույնպես թիրախում են, եւ ես չեմ բացառում, որ այս ամեն ինչը հասնելու է նաեւ Կաթողիկոսին, մյուս եպիսկոպոսներին»

Հունիս 26,2025 17:46

Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, «Արթուն ենք» շարժման գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով երկրում ծայր առած հետապնդումներին, երեկ կատարված ձերբակալություններին եւ կալանավորումներին, ասաց. «Արձանագրենք, որ կալանավորվել է, ընդ որում, բացարձակ անհիմն, բացարձակ անմեղ մարդ, որը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոս է: Հոգեւորականի, առավել եւս, բարձրաստիճան հոգեւորականի, ձերբակալություն, պիտի հիշենք, թե մեր պատմության մեջ նախորդ անգամ երբ է եղել: 37-թիվը արտառոց փաստ է, ընդ որում այն համատեքստում, որ թիրախում եղել է ոչ միայն Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանը, այլեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գլխավոր առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ: Նրանք նույնպես թիրախում են, եւ ես չեմ բացառում, որ այս ամեն ինչը հասնելու է նաեւ Կաթողիկոսին, մյուս եպիսկոպոսներին: Փորձենք հասկանալ, թե ինչու:

Սա եղել է Թուրքիա այցից հետո: Այսինքն, այցելել է Թուրքիա, հանդիպել է Էրդողանի հետ, գնացել է Ստամբուլի Կապույտ Մզկիթ, որից հետո եկել ու հարձակվել է մեր եկեղեցու վրա: Ընդ որում, գնացել է նաեւ Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ նրան ոչ մի հայ քրիստոնյա չի դիմավորել, չի ընդունել, չի ուղեկցել… Իսկ Կապույտ Մզկիթում իրեն ընդունել է մուսուլմանական հոգեւորական:

Եկեղեցու վրա վերջին շրջանի հարձակումը երբվանի՞ց է: Շվեյցարիա Կաթողիկոսի այցից եւ այնտեղ ունեցած ելույթից հետո: Այս ամենի տրամաբանական կապը որտե՞ղ է: Թուրքիան եւ Ադրբեջանը որպես պետություններ ունեն իրենց ռազմավարությունները: Թուրքիայի անվտանգային դոկտրիններում Հայաստանն ընդհանրապես, Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցին մասնավորապես դիտվում է որպես Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք կազմակերպություն: Ոչ թե նրա համար, որ քրիստոնեական եկեղեցի է, աշխարհում քրիստոնեական եկեղեցիներ շատ կան: Դա մի եկեղեցի է, որը աշխարհասփյուռ է, ամբողջ աշխարհի հայությանը համախմբում է, հետեւողական պայքար է իրականացնում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ եւ իր անմիջական մասնակցությունն է ունենում այդ գործում: Դրա հետ միասին Հայաստանյայց Եկեղեցին է, որ սրբադասել է ցեղասպանության 1,5 միլիոն նահատակներին, Թուրքիայի կողմից ցեղասպանված նահատակներին: Այն Թուրքիայի, որը Ցեղասպանությունը ժխտում է, մերժում է եւ դրա ընդունումը համարում է իր համար սպառնալիք:

Հիմա Թուրքիայի իշխանությունը այդ սպառնալիքը վերացնելու, չեզոքացնելու նպատակ է դրել: Ինչպե՞ս, երբ դա անելը շատ դժվար է: Կանչում է Նիկոլ Փաշինյանին, հանձնարարում, որ պետք է գնաս եւ ինքդ վերացնես: Ու ամբողջ քպական վերնախավը մի մարդու նման լծվել է այդ գործին»:

Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ տնտեսության այսօրվա վիճակին: «Ուրեմն, Վրաստանն այն կողմից է պրոբլեմներ սարքում: Հայաստանից արտահանումների հարցը չի լուծվում: Երեւանում ծիրանն էժան է, որովհետեւ Ռուսաստան չեն կարողանում տանել: Ծաղիկների արտահանման հետ կապված ամեն ինչ պրոբլեմ է: Տնտեսությունը մի այլ ձեւի թաղված է կրակի մեջ՝ էկոնոմիկայի նախարարը գրառումներ է անում, այսօրվա կառավարության նիստում էլ ասում է, թե ահաբեկչություն էր պատրաստվում, հոկտեմբերի 27 է կանխվել: Բայց հո ասելով չի:

Այս պրոցեսը սկսվել է civic.am կայքից, որը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր« կուսակցությանը, գտնվում է իրենց կուսակցության գրասենյակում: Վերջերս վերանորոգումից հետո Փաշինյանն էլ էր այցելել, նայում էր, թե ինչ պայմաններ են ստեղծել: Այս կայքը A4 թղթի վրա հրապարակում է մի ինչ-որ բան, հետո դատախազությունը դա վերցրել, ուղարկել է Քննչական կոմիտե՝ ուսումնասիրելու: Ու մեկ էլ պարզվում է, այս երկրում հոկտեմբերի 27 էր նախապատրաստվում: Ու հոկտեմբերի 27-ը կանխել է civic.am-ը:

Բա որ civic.am-ը չլիներ, փաստորեն, հեղափոխությո՞ւն էր լինելու: Այսօր Փաշինյանն ասում է, որ ԱԱԾ-ի աշխատողներին, ոստիկանությանը, քննչականին, իրավապահ մարմիններին պիտի ներկայացնենք պարգեւատրման: Բայց ո՞նց, երբ դրանք գործ չեն արել. civic.am-ին պետք է ներկայացնես պարգեւատրման: Այսօր մեր իրավապահ համակարգը civic.am-ն է աշխատացնում»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30