«Շատ դժվար է լուսաբանել Գազայում կատարվողը։ Իմ գործընկերները վտանգի մեջ են՝ չկա ինտերներ, մաքուր ջուր, նրանց թիրախավորում են, բայց միևնույն է այդ պայմաններում էլ նրանք ռեպորտաժներ են պատրաստում այնտեղից»,- ԵԽԽՎ ամառային նստաշրջանի շրջանակներում լիագումար նիստերի օրակարգից դուրս անցկացվող «Անվտանգ և ազատ լրագրություն Մերձավոր Արևելքում. հաղորդումներ Գազայի հակամարտությունից» խորագրով միջոցառման ժամանակ ահազանգեց «Palestine Journalism Hub»-ի տնօրեն, լրագրող Շուրուք Ասադը։
Շուրուք Ասադը նաև ցավով արձանագրեց․ «Վերջին երկու տարիները սարսափելի տարիներ էին Պաղեստինում լրագրության համար։ Գազայում կորցրել ենք 226 գործընկերների, նրանցից 30-ը կանայք են։ 112 մեդիա կազմակերպությունների գրասենյակներ ռմբակոծությունների են ենթարկվել, այժմ չեն աշխատում։ Լրագրողներն աշխատում են սարսափելի պայմաններում։ Նրանց Իսրայելի զինվորականները թիրախավորում են անգամ, երբ նրանք գտնվում են հիվանդանոցներում՝ բուժում ստանալիս։ Գազայում աշխատող մեր բոլոր գործընկերները հոգեբանական լուրջ խնդիրներ ունեն։ Չկա ինտերնետ, մաքուր ջուր սնունդ։ Իմ գործընկերներին նամակ եմ ուղարկում, օրեր անց են միայն պատասխանում, կամ չեն պատասխանում․ չգիտենք՝ ողջ են, թե զոհվել են։ Այս պահին ունենք 178 ազատազրկված լրագրողներ, նրանցից 30-ը՝ Գազայից։ Նրանք ենթարկվում են խոշտանգումների, սեռական բռնությունների, ցավոք, նրանց ոչ ոք չի կարող այցելել։ Ինձ էլ իմ տանը ցանկացած պահի կարող են մտնել ու կալանավորել»։
Կարդացեք նաև
Միջոցառմանը մասնակցում էր նաև ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը։ Նա, փաստելով, որ 20 տարի զբաղվել է լրագրությամբ, ցավով նշեց, որ շատ լրագրողներ Գազայում պատերազմի տարիներին թիրախավորվել են, շարունակում են թիրախավորվել, սպանվել են միայն նրա համար, որ հայտնել են ճշմարտությունը։
Քննարկման մասնակիցները հայտարարեցին, որ եթե Եվրոպան չկարողանա դիմակայել Իսրայելի առաջ բերած մարտահրավերներին, դա կնշանակի, որ չի կարող դիմակայել մարդու իրավունքների մարտահրավերներին և բռնապետական ռեժիմներին, երկակի ստանդարտներին, պաշտպանել մամուլի ազատությունը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ