Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփոխումները

Հունիս 26,2025 19:01

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տնտեսական մասի բարեփոխումներն էին:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, ԵՄ հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը, ԵՄ ծրագրերի կառավարման բաժնի պետ Ալիկ Սարգսյանը, գործարար միջավայրի վարչության պետ Քրիստինե Գեւորգյանը, որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ Արաքս Կուրղինյանը,  զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը եւ  բուսասանիտարիայի բաժնի պետ Ռիմա Կարապետյանը:

Ողջունելով հյուրերին օրենսդիր մարմնում՝ Մերի Գալստյանը նշել է, որ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ պարբերական  հանդիպումների նպատակը համաձայնագրի կիրարկման գործընթացում Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի արդյունավետ իրականացումն է, ինչպես նաեւ կիրարկման վերաբերյալ հանրային իրազեկվածության մեծացումն ու խնդիրների վերհանումը, եթե դրանք առկա են:

Փոխնախարար Անուշիկ Ավետյանի տեղեկացմամբ Էկոնոմիկայի նախարարության իրավասության ներքո գտնվող միջոցառումների կատարումը բավարար է գնահատվում. ըստ նրա՝ կատարված է ճանապարհային քարտեզով նախանշված աշխատանքների 60-70 տոկոսը: Մոտարկման մնացած աշխատանքներն ընթացքի մեջ են: Համաձայնագրի ճանապարհային քարտեզի նորացման գործընթացում շեշտը դրվել է կոշտ մոտարկման ենթակա գործողությունների եւ առաջնահերթ բարեփոխման ենթակա ոլորտների վրա:

Համաձայնագրի տնտեսական բլոկը ներառում է չորս հիմնական ուղղություն, որի շրջանակում իրականացվում են համապատասխան գործողություններ՝ սպառողների իրավունքների պաշտպանություն, որակի ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն:

Սպառողների իրավունքների պաշտպանության գործընթացում օրենսդրական կարգավորումներով նախատեսվում է ինստիտուցիոնալ փոփոխություններ եւ առանձին ինստիտուցիոնալ գործառույթ մեկ մարմնի՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներքո, որը  վերանվանվելու է եւ զբաղվելու է նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով: Այս պահին նաեւ գործում է «Սպառողի օգնական» թվային հարթակ, որը հնարավորություն է տալիս ներկայացնել առցանց բողոք, ստանալ ծանուցումներ բողոքի կարգավիճակի եւ ընթացքի մասին:

Որակի ենթակառուցվածքների առումով հիմնվել են պարենային ապրանքների որակի հավաստագրման լաբորատորիաներ, որտեղ ստուգում անցած ապրանքները կարող են արտահանվել եվրոպական շուկաներ: Հաջորդ քայլը տեղական տնտեսավարողների հետ աշխատանքներն են՝ խթանելու ապրանքների վերոնշյալ ստանդարտների համապատասխանությունն ապահովելը. որոշ ապրանքատեսակների համար գործում է պետական սուբսիդավորում: Որոշ լաբորատորիաների գործարկումն ու միջազգային նորմերին համապատասխանությունն ընթացքի մեջ են:

Զբոսաշրջության ոլորտում համաձայնագրի իրագործման արդյունքում բարելավվել է օրենսդրական եւ իրավական կարգավորումների դաշտը. մասնավորապես, ընդունվել է «Տուրիզմի մասին» օրենքը, որտեղ սահմանված են ինստիտուցիոնալ մարմիններն ու ոլորտի հիմնական իրավակարգավորումները, ենթաօրենսդրական ակտերով սահմանվել են զբոսաշրջության օպերատորների գործունեությանը ներկայացվող չափանիշները, ընթացքի մեջ են տուրիզմի ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության ընթացակարգերը, էքստրիմալ տուրիզմի անվտանգության կանոնների կարգերի մշակումը: Առաջիկայում գործարկվելու է նաեւ թվային հարթակ, որտեղ կենտրոնացված կտեղադրվեն զբոսաշրջության ոլորտում բոլոր օպերատորների եւ հարակից ծառայությունների մասին տվյալներ:

Համաձայնագրի արդյունավետ կիրարկման գործում որպես խնդիր նշվել է բարձր որակավորում ունեցող ոլորտային մասնագետների պակասը:

Զրուցակիցները կարեւորել են գյուղատնտեսության ոլորտում կրթական ծրագրերի իրականացումը, հողային բարեփոխումների եւ ենթակառուցվածքների անհրաժեշտությունը երկարաժամկետ զարգացման հեռանկարում:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30