Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց». Անահիտ Մանասյան

Հունիս 26,2025 19:22

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, հունիսի 26-ին կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկում՝ պետական իրավասու մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և Ազգային ժողովի պատգամավորների մասնակցությամբ։

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների կազմակերպումը և նշել, որ հանդիպումները հնարավորություն են ստեղծում բարձրաձայնելու առկա խնդիրները, համատեղ վերլուծելու դրանք և ձևավորելու արդյունավետ լուծումներ։ Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր դերակատարների ակտիվ ու հետևողական ներգրավվածությունը՝ ոլորտում եղած խնդիրները հաղթահարելու և համակարգային փոփոխություններ ապահովելու նպատակով։

«Խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելումը յուրաքանչյուրիս համար պետք է լինի օրահարց։ Չնայած պետության կողմից ձեռնարկված քայլերին` մենք պարբերաբար ստանում ենք ահազանգեր բռնության, վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, խոշտանգումների զոհերին տրամադրվող աջակցությունը, այդ գործերով իրականացվող քննությունն ամենօրյա աշխատանքի արդյունք պետք է լինի: Խոշտանգումներից զերծ հասարակություն ունենալը ոչ թե պարզապես իրավական պահանջ է, այլ քաղաքակրթական ընտրություն»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Ըստ նրա՝ ոլորտում առկա խնդիրները պետք է պատշաճ հասցեավորել և խոշտանգման գործերով իրականացնել պատշաճ քննություն` հաշվի առնելով նշված գործերի քննության առանձնահատկությունները։ Չափազանց կարևոր է, որ մեր պետությունն ունենա խոշտանգումների զոհերի աջակցման պատշաճ կառուցակարգեր։ Այս համատեքստում ընդգծվել է խոշտանգման զոհերի փոխհատուցման և ինտեգրման իրավունքի իրացման նպատակով ընթացակարգային և մասնագիտական ծառայություններ ունենալու կարևորությունը:

Անդրադառնալով կանխարգելման գործիքակազմին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածների պահման վայրերում տեսախցիկների բավարար քանակի ապահովումը, ինչպես նաև արձագանքող անձնակազմերի շարունակական վերապատրաստումները կարող են էական դեր ունենալ կանխարգելման արդյունավետության բարձրացման գործում։

Քննարկման շրջանակում անցկացվել են նաև թեմատիկ պանելային քննարկումներ՝  նվիրված խոշտանգման զոհերի աջակցման առկա մեխանիզմներին, մահվան դեպքերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելման արդյունավետությանը:

Որպես բանախոս հանդես են եկել ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը, ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Սաշիկ Ավետիսյանը և  ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանը:

Քննարկումները վարել է Պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։

Միջոցառումն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30