Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանազավթման պլանի» գործողությունների մեծ մասը Փաշինյանն արել է 2018-ին, մի մասն էլ հիմա է անում. Նինա Կարապետյանց

Հունիս 26,2025 21:12

«Ես հիշում եմ ոնց 2008թ հայտարարվեց, թե զինված նարկոմանները հավաքվել են օպերայի բակում, պատրաստվում են զինված հեղաշրջման, ու հետո խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկեցին…

Այնքան լավ եմ հիշում՝ կադրերով տպավորվել է մեջս, թե ոնց էր քննիչը գալիս, խոտերի միջից գտնում զենքը՝ առանց ձեռնոցի, առանց թղթի կտորի, առանց տոպրակի ու ցույց էր տալիս լրագրողներին… Հիմա զուգահեռաբար նայում եմ, թե ինչպես են այս գործողություններն իրականացնողները 21-րդ դարում, 2025թ նույն բանն անում. զենքերը հանում արկղերի միջից ու ձեռքերով, առանց ձեռնոցների աշխատում»,-Բեւեռի քննարկման ժամանակ նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ զուգահեռներ տանելով 2008-ին կատարվածի ու մեր օրերի միջեւ՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հրապարակած, այսպես կոչված, իշխանազավթման պլանից եւ դրան հաջորդած իրավապահների գործողություններից:

«Հիշում եմ, թե հոկտեմբերի 27-ից հետո ինչպես մի փոքրիկ ցուցակ հրապարակվեց, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, Շիրխանյանի ու ընկերների վերաբերյալ քրեական գործեր հարուցվեցին, հետապնդումներ սկսվեցին, ինչ-որ պրոցեսներ եղան, եւ դա որպես հեղաշրջման փորձ ներկայացվեց: Ես այնքան հին եմ, որ հիշում եմ գործեր, որտեղ դեղին կասկաները 5 մետրանոց ժանգոտած խողովակները եւ էպիկ տոնածառը ներկայացվում էին որպես նմանատիպ գործողության ապացույցներ գործերից մեկով: Կամ այդ ֆաերները, որ հիմա ներկայացվում են …Ախր ամեն ինչը չափ ու սահման ունի:

Եթե իսկապես Հայաստանում նախապատրաստվել է զինված հեղաշրջում ահաբեկչություն, դա մեծագույն խնդիր է Հայաստանի Հանրապետության անվտանգության համար՝ մեզանից յուրաքանչյուրի եւ բոլորիս հետ միասին:

Որպես հեղաշրջման փորձ հրապարակվում է ոչ մի բանի մասին պլան կոչվածը, որի գործողությունների ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանն արել է 2018թ., իսկ մի մասը շարունակում է անել հիմա, ու դա անում է իր նման տիեզերական մասշտաբի մանիպուլյատորը: Նայում ես՝ զենքեր են, որոնց վրա փակցված են թույլտվությունները, որսորդմիության գրքույկներ են, ֆաերներ են՝ սալյուտ, որը օրինական վաճառվում է Սուրմալուում: Ի դեպ, երբ այդ նույն սալյուտների պահեստը տրաքեց Սուրմալուում, Նիկոլ Փաշինյանը չհայտարարեց, որ դա ահաբեկչություն է, ասաց, որ դժբախտ պատահար է»,-ասում է իրավապաշտպանը:

«Ես հենց հիմա խնդրում եմ մեր ԱԱԾ-ին, գլխավոր դատախազությանը, եթե դրանք ահաբեկչության գործիքներ են, իսկ Լենա Նազարյանը եւ Արարատ Միրզոյանը դրանք բերել ու վառում էին ԱԺ-ում, մի հատ ստուգեք, կարող է ահաբեկչություն էին ուզում անել, էդ ֆաերներից իրենց ձեռքին եղել է: Կամ եթե փողոցները փակելը խնդրահարույց է, ինքն ինչո՞ւ էր ժամանակին փողոցներ փակում: Այս ամենն անլրջացնում է ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը պետական կառույցների հանդեպ, որովհետեւ այն, ինչ որ ցուցադրվում է, դրա մեջ ահաբեկչության մասը ո՞րն է: Այն, ինչ հրապարակվել է մինչեւ այս պահը, որեւէ հիմք չկա, որ տեղի է ունեցել ահաբեկչություն»,-ընդգծում է Նինա Կարապետյանցը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30