Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկեցության ձգտումը վերացրե՞լ է կարեկցելու մեր ունակությունը

Հունիս 27,2025 14:00

Սովորելով, աշխատելով, ապրելով Հայաստանում, միեւնույն ժամանակ, կյանքիս առաջին 18 տարիներն անցկացրած լինելով Սփյուռքում՝ ինձ մոտ տպավորություն է, որ հայերը կորցրել են կարեկցելու, նրբանկատ գտնվելու կարողությունը։ Կարծեք թե՝ գերակայում են կամավոր անտարբերությունն ու անձնական բարեկեցության ձգտումը։

Կարծում եմ՝ սեփական անձի կամ, առավելագույնը, անմիջական հարազատների բարեկեցությամբ մտահոգվելը մարդու կենդանական բնազդի բնական դրսեւորումներից է, բայց ինձ համար անբացատրելի է մնում, թե մարդիկ ինչպե՞ս կարող են բավարարված զգալ իրենց սեփական բարեկեցությունից, եթե նրանց կողքինների կացությունը պակաս չէ ողբերգությունից։ Չէ՞ որ մարդիկ, ի տարբերություն կենդանիների, ունեն տրամաբանություն, գիտակցություն, խիղճ եւ զգացմունքներ։

Զվարճանքի մարդաշատ վայրերը Արցախի շրջափակման օրերին

2023 թվականին դեռ Հայաստանում չէի ապրում, բայց ամառային արձակուրդս Հայաստանում եմ անցկացրել։ Ամռանն արդեն ավելի քան կես տարի էր, ինչ Արցախը լիակատար շրջափակման մեջ էր։

Թվում էր, թե հայերը պետք է տագնապած զգային Լաչինի միջանցքի մյուս կողմում գոյաբանական վտանգի առջեւ կանգնած հայերի համար։

Հասկանալի է, որ սովորական քաղաքացին (լայն իմաստով քաղաքացի, ազգությամբ հայ) ի զորու չէր որեւէ գործուն քայլով աջակցել արցախցիներին։ Անհասկանալի է այն անտարբերությունն ու անհոգությունը, որին ականատես եմ եղել այդ ամիսներին։ Զգացողություն էր, թե արցախահայությանը ցեղասպանություն չէր սպառնում, վերջին կես տարում էլ նրանք ապրում էին առօրյա կյանքով, սովամահ չէին լինում։

Իհարկե, կային փաշինյանականների քամահրական արտահայտությունները։ «Իրանք հիմա պատասխան են տալիս իրանց արածների համար»,- ինձ ասել է մի փաշինյանական։ Վարչապետի կողմից հրապարակ էր նետվել նաեւ «Կառավարությունն էդքան փող ա տալիս, թող բիբար-բադրիջան աճացնեն, սնվեն» թեզը։ Հուսահատված բողոքի ակցիաներ իրականացնող քաղաքացիների մասին էլ մի ծանոթ ինձ ասաց. «Ինչի՞ են Երեւանում ցույց անում, Հայաստա՞նն ա Միջանցքը փակել»։

Բայց չէ՞ որ սրճարաններն ու ռեստորանները եւս մարդաշատ էին, ավանդական «ուտուշ-խմուշներն» էլ սովորականի պես ընթանում էին։ Բոլոր անտարբերներն ու անհոգները հո՞ փաշինյանական չէին։

Արցախի կորուստը 120.000 եւ ավելի մարդու անձնական ողբերգությունն է

Այսօր էլ հասարակության գերակշիռ մասն անհաղորդ է այն համազգային կորստին, որի վկան դարձանք 2023 թվականին։ Արցախի կորուստը, բացի համազգային կորուստ լինելուց, նաեւ 120.000 եւ ավելի մարդկանց անձնական ողբերգությունն է։ Այսուհանդերձ, հասարակության համար դա այդպես չի ընկալվում։

Իհարկե, կան Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները։ Նրանք, անշուշտ, կպնդեն, որ Լեռնային Ղարաբաղը կորցնելով՝ մենք անկախացել ենք, գտել ենք Հայաստանի Հանրապետությունը՝ «Իրական Հայաստանը»։

Բայց չէ՞ որ հասարակության մի ծանրակշիռ հատված Նիկոլ Փաշինյանին չի աջակցում, մեկ այլ հատված քաղաքականապես գրագետ էլ չէ, եւ նրա համար միեւնույն է, թե ով է ՀՀ ղեկավարը։ Նրանք նույնպես անընկալունակ են հայկական պետականության չափերի նվազման, 120.000 կանանց, տղամարդկանց, տարեցների եւ երեխաների հայրենազրկման, երկու պատերազմներում 10.000-ից ավելի զոհված, հաշմանդամություն ձեռքբերած եւ անհետ կորած հայ մարդկանց հանդեպ։ Համենայնդեպս, հասարակության մեծ մասը չի բարձրաձայնում ոչ մի զգացմունք այս ուղղությամբ։

Պատանդների վերադարձը առաջնահերթությո՞ւն է

Չմոռանանք Ադրբեջանում պահվող 23 հայ պատանդների մասին։ Հիշեցնեմ, որ հենց այս պահին Բաքվում առնվազն 23 հայ մարդ պատանդ է պահվում, որովհետեւ հայ է եւ պայքարել է ինքնորոշման բնատուր իրավունքի համար։

Բացառությամբ արդարամիտ հրապարակախոսների, իրավապաշտպանների, լրագրողների եւ հանրային դեմքերի, հասարակությունը՝ որպես ընդհանուր միավոր, 23 հայերի պաշտպանությունն ու հայրենադարձությունը չի դիտում որպես առաջնահերթություն։

Իհարկե, Փաշինյանի երկրպագուները կհայտարարեն, որ «դրանք եթե Հայաստան գան, ստեղ հեղաշրջում են փորձելու անեն»։

Բայց ոչ փաշինյանական մեր հայրենակիցների համար նշանակություն ունե՞ն գերիները։ Միգուցե ունեն նշանակություն իրենց ենթագիտակցության մեջ, բայց մեր պատանդների վերադարձը մարդկանց մեծամասնության համար մնում է լոկ բարի ցանկություն եւ ոչ ազգային նշանակության հրատապ առաջնահերթություն։

Երիտասարդ հղի կնոջը վրաերթի ենթարկած վարչապետի շարասյան վարորդը ազատության մեջ է

Սոնա Մնացականյանի դժբախտ պատահարը նույնպես արժանի է ընթերցողի ուշադրությանը։ Երկրի ղեկավարի վայրենի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկում հղի կնոջը՝ մահ պատճառելով նրան եւ չծնված բալիկին։ Ավելի մեծ ողբերգություն չեմ կարող պատկերացնել։ Վարչապետի շարասյան որեւէ մեքենա չի կանգնել վրաերթից հետո։

Երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկած վարորդը ազատության մեջ է։ Որպես հասարակություն՝ մենք համակերպվո՞ւմ ենք այս իրողությանը։

Վստահ եմ՝ եթե այս դեպքը պատմենք որեւէ ոչ փաշինյանական քաղաքացու, նա կկշտամբի իշխանությանը իր բարբարոսության համար։ Բայց արի՛ ու տե՛ս, որ որպես հասարակություն՝ մենք աչք ենք փակում Սոնա Մնացականյանի չմտածված սպանության վրա։ Վրաերթի հեղինակ վարորդին պատասխանատվության ենթարկելու Սոնայի ընտանիքի կոչերը մնում են ձայն բարբառոյ յանապատի։

Անձնական բարեկեցության ըղձանքը մերժում է «ազգ» հասկացությունը

Իմ գնահատմամբ՝ առնվազն մեր նորագույն ժամանակահատվածում անձնական բարեկեցությունը, ճոխությունը, շքեղությունը, առոք-փառոք ապրելակերպը մղող ուժ են հասարակության զգալի մասի համար։ Այլ բացատրություն չեմ կարող գտնել արատավոր երեւույթներին, օրինակ՝ լայնամասշտաբ արտագաղթին։

Չմեղադրելով ոչ ոքի իրենց կյանքի բարվոքության աստիճանի բարելավմամբ զբաղվելու համար՝ հարկ եմ համարում անդրադառնալ այն պնդմանը, թե «մարդ մի կյանք ունի, նենց պետք ա ապրես, որ վայելես»։

Նման մտքի հեղինակները մերժում են «ազգ» հասկացությունը։ Նրանք նորմալացնում են մի ապրելակերպ, երբ դու կարող ես ապրել պերճ, ընչավետ, հարուստ կյանքով, անկախ նրանից, թե ինչ վիճակում է գտնվում քո ազգը:

Օգտվելով առիթից՝ մի ուղերձ «մարդ մի կյանք ունի, նենց պետք ա ապրես, որ վայելես» սկզբունքով կենցաղ վարող մեր հայրենակիցներին. օտարերկրացիների մոտ մի՛ մեծախոսեք, որ հայերը առաջինն են ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, որովհետեւ դուք գաղափար չունեք, թե ինչ բան է քրիստոնեությունը։

Փուչ երջանկությունը՝ ՀՀ պետական գաղափարախոսության անկյունաքար

Կանխատեսել կարելի է, որ առաջիկա ժամանակաշրջանում զուտ անձնական բարեկեցության տենչը կամրապնդվի, քանի որ դա այլեւս ՀՀ պետական գաղափարախոսության՝ «Իրական Հայաստանի» անկյունաքարերից է։

Ըստ վարչապետի այս գաղափարախոսության՝ հարստանալով մարդ կդառնա երջանիկ։ Ես սա կանվանեմ փուչ երջանկություն, քանզի գիտակից հայը, անգամ եթե ֆինանսական լայն արտոնությունների տեր լինի, չի կարող վայելել կյանքը, եթե իր ազգը եւ պետականությունը աղետի միջով է անցել եւ կանգնած է վերահաս աղետի առջեւ։

Այո, ես պնդում եմ, որ հարստանալու մարմաջը մեզ դարձրել է անհաղորդ մեր կողքին ապրող մարդկանց թե՛ մեծ, թե՛ փոքր ողբերգություններին։

Առանց գումար ապրել անհնար է։ Անշուշտ, աշխարհի դրվածքն է այդպիսին։ Բայց գերագնահատելով գումարի դերը մեր երջանկության համար՝ մենք կորցրել եւ կորցնում ենք սիրո, կարեկցանքի, նրբանկատության եւ սրտացավության մեր ունակությունները։

Անդառնալիության կետը չենք հատել

Քանի որ հոդվածը կարող է հուսահատության զգացողություն փոխանցել ընթերցողին, կավարտեմ դրական շեշտով։ Ինչ էլ պատահի, պետք չէ կորցնել լավատեսությունը։ Ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք չենք հատել անդառնալիության կետը, թեեւ, անկասկած, մոտենում ենք դրան։

Որպեսզի տեմպ տրվի հայ հասարակությունն առողջացնելու, նրա ոգեղենությունը վերականգնելու ջանքերին, իշխանափոխության գործընթաց առաջնորդող ուժերը պետք է իշխանափոխությունը չդիտարկեն զուտ իբրեւ վարչապետի, կառավարության փոփոխություն։

Իշխանափոխությունը պետք է լինի լայն քաղաքական, հասարակական, քաղաքացիական եւ բարոյական ամոքման խթան եւ շարժիչ ուժ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2025

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30